Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատազրկված լրագրողը խնդրում է իր նախկին գործընկերների միջնորդությունն ու երաշխավորությունը՝ պատժի մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով

Փետրվար 08,2019 13:53

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին

Մեծարգո պարոն Փաշինյան

Հարգարժան տիկին Զոհրաբյան

Թող տարօրինակ չթվա, որ մի նամակով դիմում եմ Ձեզ՝ երկուսիդ։ Երկար մտածելուց հետո գնացի այս քայլին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիներ միասին աշխատել ենք «Հայկական ժամանակ» օրաթերթում։

2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Կալանավայրում նորից՝ ակամա ներգրավվեցի նոր հանցագործության մեջ, քանի որ անազատության պայմաններում դժվար է զերծ մնալ շրջապատող անցուդարձից։ 2018 թ. դեկտեմբերի 25-ին դատապարտվեցի ՀՀ քրօրենսգրքի 34-38-268 հոդվածի 2 մասի եւ 313 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Համակցելով չկրած պատժիս մասը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջնական պատիժ սահմանեց 2 տարի։ Այսինքն՝ ազատության մեջ կլինեմ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։

Չեմ վիճարկում իմ նկատմամբ կայացրած դատարանի վճիռները, չեմ էլ խնդրում քրգործի վերանայում։ Ազատության մեջ լինելուց հետո՝ ես որպես լրագրող կհետաքննեմ ու գուցե նոր ի հայտ եկած հանգամանքով հնարավոր լինի վերանայել առաջին քրգործս։

Խնդրանքս մեկն է՝ Ձեր օգնությամբ ու միջնորդությամբ, ինչու չէ՝ նաեւ երաշխավորությամբ օր առաջ լինել ազատության մեջ։ Անազատության մոտ 3 տարիները ինձ շատ բան սովորեցրին. փորձությունները հաղթահարելուց զատ՝ վերագնահատեցի մարդկային արժեքները, գիտակցեցի սխալներիս պատճառները։ Փոխվել եմ, ուղղվել, զղջացել եմ եւ ապաշխարում եմ։

2018 թվականի դեկտեմբերին «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցույթում՝ արժանացա ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակին։ Հանձնելով այն՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը կարծիք հայտնեց, որ ես վերասոցիալականացվում եմ եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում եմ։ Նույն մրցանակաբաշխության շրջանակներում՝«Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածս արժանացավ նաեւ « Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին։

Կալանավայրում զուգահեռ լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակած բացառիկ նյութերի համար արժանացա Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագրի։

Պարոն Փաշինյան եւ տիկին Զոհրաբյան.Դուք բազմիցս խոսելով կալանավայրերի խնդիրների մասին՝ նշել եք, որ անհատական մոտեցում է պետք յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ։ Եվ ուրեմն՝ գո՞ւցե սկսենք ինձնից։ Օրենքի շրջանակներում խնդրում եմ Ձեր միջնորդությունն ու երաշխավորությունը պատժիս մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով։

Իրավաբան չեմ, բայց իմ կարծիքով, ՀՀ գործող օրենքները թույլ կտան որպեսզի փոխվի իմ ռեժիմը։ Հավատում եմ Ձեզ ե’ւ որպես պաշտոնյաներ, եւ թե’ գործընկերներ, եւ թե’ ընկերներ:

Խորին հարգանքով՝ Արմենակ (Արմեն) Դավթյան, «Արմավիր» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728