Aravot.am-ն այսօր տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նոր ձեւավորված կառավարությունից որակյալ կադրերը սկսել են հեռանալ:
Հիշեցրինք՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյան, Ջրտնտպետկոմի ղեկավար Իննեսա Գաբոյան, Բնապահպանական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյան, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյան:
Պարոն Արշակյանն ի պատասխան ասաց, որ կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու եւ նրանց ուղղակի աշխատանքի արդյունքում ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու ուղենիշները: Եվ այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր են կատարվում:
Մեր այն դիտարկմանը, թե հակառակին ենք ականատես լինում, պարոն Արշակյանը պատասխանեց. «Բոլոր ընկերություններում եւ բոլոր կառավարություններում դուք կարող եք տեսնել կադրերի սոհունություն, որոնք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով: Մի տեղից պրոֆեսիոնալները գալիս են այս մյուս տեղը, մի տեղից գնում են մյուս տեղը: Ամեն կադրի գնալով եւ գալով, չեմ կարծում, որ կարելի է դատել քաղաքականության մասին»:
Մեր այն հարցին՝ այդ պաշտոնյաների ներկայացրած մեկնաբանություններից, տպավորություն է ստեղծվում, որ տարաձայնություններ ունեն կառավարության ղեկավարի հետ, Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ իհարկե, կարող են ունենալ, ի՞նչ խնդիր կա:
Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ այդ գործիչների՝ տնտեսական հեղափոխություն անելու ակնկալիքները չե՞ն արդարանում, այդ պատճառով էլ գուցե հեռանո՞ւմ են, նախարարը պատասխանեց. «Այս կառավարությունը տարբերվում է նրանով, որ այստեղ կարող են լինել տարաձայնություններ, եւ այդ տարաձայնությունների արդյունքում մարդիկ կարող են գնալ, գալ, մնալ աշխատել, ստեղծագործել»:
Նախարարին նաեւ հարցրինք՝ արդյոք այդ տարաձայնություններն ի վնաս քաղաքացիների չեն ավարտվում, պատասխանեց՝ չեմ կարծում, եթե չկա դիսկուսիա, քննարկում, դա է ի վնաս ՀՀ քաղաքացիների:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ