Վերջին օրերի հիմնական «թրենդը» կառավարության ծրագիրը քննադատելն է: Հիմնական մեղադրանքն այն է, որ ծրագիրն ավելի շատ բարի ցանկությունների ու կենացների ժողովածու է հիշեցնում, կոնկրետ թվեր ու «պլանային ցուցանիշներ» չկան։ Բանն այնտեղ է հասել, որ անգամ «մտահոգներն» են հեգնանքով խոսում ծրագրի մասին, կարծես հասարակությունը մոռացել է, որ իրենց ծրագրերում ճոխ-ճոխ ներկայացված թվերից որեւէ մեկն այդպես էլ իրականություն չի դարձել։ Պարզապես նախկինները ԽՍՀՄ կուսնոմենկլատուրայի շկոլայով անցած մարդիկ էին ու այդ ոճով էլ գրում էին, թե կոնկրետ ժամանակահատվածում քանի տոկոսով պիտի աճի, ասենք, «չուգունի արտադրությունը» կամ «կովերի միջին կաթնատվությունը»։ Հետո այդ ամենն, իհարկե, մնում էր թղթի վրա, բայց արդարացումներ գտնել միշտ էլ կարելի էր։
Լավ, մի՞թե նոր իշխանությունները չեն «ֆայմել» կոնկրետ թվեր ու ժամկետներ նշել ծրագրում, իսկ հետո, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի, արդարացումներ հորինել։ Դա միակ բանն է, որ նախկինների մոտ լավ էր ստացվում, ու նորերը հաստատ կարող էին նույնն անել։ Ուրեմն ինչո՞ւ չեն արել։
Սկսենք նախկիններից։ Ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում։ Ըստ երևույթին համոզված էին, որ երկրի տնտեսությունը ճիշտ ուղիով է զարգանում, պարզապես լավ կլինի, որ գյուղատնտեսությունն, ասենք, 3-ի փոխարեն աճի 6 տոկոսով, 2 բիոզուգարանի փոխարեն ունենանք 4-ը, եւ այլն։ Այդպես է, եթե մեքենան շարժվում է կոնկրետ ուղղությամբ, ու վարորդը վստահ է, որ այդ ուղղությունը ճիշտ է, կարելի է կոնկրետ նշել, թե որտեղ կլինի մեքենան, ասենք, 3 ժամ կամ 2 օր հետո։ Բայց «մեքենան», ինչպես պարզվեց, ճիշտ ուղղությամբ չէր շարժվում։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության արդյունքում ունեցանք աղքատության աճ, 350 հազար մարդու արտագաղթ եւ այլն։
Այսօրվա իշխանությունները հիմա հենց «մեքենայի» ընթացքի ուղղությունը փոխելով են զբաղված, ու կառավարության ծրագիրը դրա մասին է: Դրա համար էլ առաջին հերթին նշված են նպատակները (երթուղու վերջնակետը), իսկ կոնկրետ ցուցանիշներ («մեքենայի արագությունը», գրաֆիկը եւ այլն) չկան։ Որովհետեւ հեղափոխությունների ընթացքը կանխատեսել գործնականում հնարավոր չէ, իսկ Հայաստանում այսօր հենց տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում։
Եվ իհարկե՝ ամեն ինչ չէ, որ հարթ է: Օրինակ՝ ակնկալիքներ կային, որ հենց միայն կոռուպցիայի վերացումն ու հավասար մրցակցային պայմանների ապահովումը բավական են, որ տնտեսական կյանքը կտրուկ աշխուժանա, եւ իշխանությունները կարող են այդ պայմաններն ապահովել ու ձեռքերը ծալած նստել սպասելով տնտեսության երկնիշ աճի։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում