Կառավարության ծրագրի մի քանի կետեր քննարկեցինք արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ։
– Կառավարությունն իր ծրագրում խոսում է մշակութային քաղաքականությունից, մշակույթի հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունից, այն դեպքում, երբ մշակույթի նախարարությունը՝ որպես առանձին միավոր, չկարեւորվեց նոր կառավարության կողմից։ Սա կարեւոր հանգամանք չէ՞։
– Ինձ շատ է նյարդայնացնում այն հարայ-հրոցը, որ բարձրացավ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների հետ կապված։ Այո, դա ճիշտ քայլ էր, որովհետեւ չարժե պահել նախարարություն օտարերկրյա քաղաքացիների կարիքները հոգալու կամ շփումներն ապահովելու համար։ Ինչքան էլ որ նրանք սիրեն հայրենիքը, լինեն հայազգի, միեւնույն է՝ նրանք օտար երկիր են ներկայացնում, առավել եւս՝ սփյուռքահայերի վերջին սերունդը, որ հիմնականում Հայաստանից գնացածներն են… նրանք արել են իրենց ընտրությունը եւ վերջ։ Հերիք չէ փախել-պախկվել են, մի հատ էլ հայաստանցին իր չնչին աշխատավարձից հա՞րկ պիտի մուծի՝ նրանց համար նախարարություն պահելու համար։
Երկու միլիոն հայ ունեցող Ռուսաստանում ոչ մի հայ չի զգում ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն հայ գրականություն կարդալու, էլ չեմ ասում տարածելու կամ պրոպագանդելու պահանջ, ինչի՞ մասին է խոսքը։ Փոխարենը գավառամտորեն ռուսագիր հայերի ու Ռուսաստանի դրոշի ներքո պայքարող սպորտսմենների կյանքի մանրամասներով մերոնք մեր զահլան ուղղակի տարել են…
Անձամբ ես կարծում եմ, որ միայն նախարար փոխելով կամ կրճատելով՝ ոլորտը չի փոխվի, հին կադրերով նոր միջավայր չես ստեղծի։ Նախարարության աշխատակիցներն ինչ կառույցի կազմում էլ լինեն, մնալու են նույնը, ինչպես ասում են՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի։
Ի դեպ, որ բողոքում էին, թե գործազուրկ են մնալու՝ իսկ ո՞վ է հավերժ իր պաշտոնում, այդ գործը նրանց ցմա՞հ էին խոստացել, իսկ ինչքա՞ն թոշակ է ստանում պետությունից աշխարհահռչակ արվեստագետը, ինչքա՞ն է տաղանդավոր գրողի, երաժիշտի վաստակը, խոստովանենք, որ զրո։ Ի դեպ, հայտարարվեց, որ կրճատված կադրերն առանց աշխատանք չեն մնա։ Ես հարց եմ բարձրացնում՝ ինչո՞ւ ես, իմ տաղանդավոր ընկերներից շատերը պիտի գործազուրկ լինեն, եւ պետությունը ոչ մի պարտավորվածություն չունենա մեզ աշխատանքով ապահովելու հարցում, իսկ որեւէ նախարարության, ասենք, Սլավոնական համալսարան ավարտած, աշխատակցի հանդեպ դա ունենա։ Ես եւ իմ շատ ընկերներ գրականություն ստեղծում ենք, լեզուն պահում ենք, բայց փաստացի ոչ մի հիմնարկում գրանցված չենք եւ եթե հասցնենք ծերանալ, մեր ծերության թոշակը լինելու է ողորմելի մի բան։
Հարց երկրորդ՝ ո՞վ է հոգալու մեր ծերության մասին, մեր ստեղծածը ժողովրդի համար պակա՞ս կարեւոր է, քան պահակի, վարսավիրի, հավաքարարի, որ նրանց ծերության մասին պետությունը պիտի մտածի, իսկ մեր՝ ոչ… Դուք գիտեք, որ էս հարցերը ոչ միայն ես, այլեւ բոլոր գրողները տարիներ շարունակ բարձրացնում են։ Տեսնում եք՝ ինչքան խոսում ենք, էնքան կենացները քաղցրանում են։ Այնպես որ, պետք է հստակեցնել՝ արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի ասելով ում նկատի ունենք եւ ինչպես ենք հասնելու դրան։
Հիմա տեսնում ենք, որ մտավորականներն են աշխարհը կառավարում, նույնիսկ պատերազմում զինվորի մարմինն արդեն ավելի քիչ է պետք, քան նրա ինտելեկտը։ Կուզենայի, ասենք, ուղեղների արտահոսքը դադարեցնելու, մտավորականության հետ աշխատելու ծրագրերն ավելի հստակ տեսնել։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գրանիշ գրական համայնք-ի