ԼՂՀ հիմնախնդրի և ներքաղաքական հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ։
-Կառավարության ծրագրում էլ է ամրագրված, Փաշինյանն էլ մշտապես հայտարարում է, թե առանց Արցախի հիմնախնդիրը չի լուծվի, հակամարտության կողմ պետք է դառնա Արցախը։ Սակայն չի շեշտվում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ է հայկական կողմը հասնելու այն բանին, որ Արցախի ղեկավարությունը նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Սրան զուգահեռ, վարչապետը վերստին հայտարարել է, թե հանդիպումների ընթացքում բանակցությունների պատմությունն է ուսումնասիրել։ Ի՞նչ է կատարվում այս հայտարարություններից անդին։
-Կարծում եմ` այս ընթացքում հայկական կողմը բանակցություններում լուրջ նահանջ է գրանցել։ Սկսած այն բանից, որ եռանախագահների տեքստերը փոխվել են, առաջ է եկել «Խաղաղություն տարածքների դիմաց» ֆորմուլան, որը երբեք չի եղել, կարգավիճակի մասին երկար ժամանակ չէին խոսում։ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացել են։ Սա լուրջ դիվանագիտական հետընթաց է։ «Վերելակային» պայմանավորվածությունից հետո հայկական կողմն անցել է հրադադարի ռեժիմին, իսկ Ադրբեջանը, օգտվելով դրանից, չափազանց ուժեղացրել է իր ռազմատեխնիկական պոտենցիալը, դիրքերը։ Այսինքն, մենք ունենք լուրջ բացթողումներ, ինչը տպավորություն է ստեղծում, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների։
Ինչ վերաբերում է այն խնդրին, թե Արցախը պետք է լինի բանակցային կողմ, այլապես հարցը չի լուծվի, ուզում եմ հարցնել. իսկ Հայաստանի ներկայացուցիչն ի՞նչ է արել այս ընթացքում, ի՞նչ է, Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է հանձնվելու և խնդիրը դնելու Արցախի՞ վրա։ Եվ, ի վերջո, եթե խոսում ենք Արցախի ներկայացուցչի մասին, ինչու Մինսկի խմբի ներկայացուցիչների օրակարգում չենք տեսնում այս հարցը։ Ալիևի հետ մեկուկես ժամ խոսել են ու չե՞ն խոսել Արցախի խնդրից, կամ ի՞նչ է նշանակում բանակցությունների պատմությունից խոսել։ Ինչի՞ համար։ Եթե Ալիևի հետ հանդիպում է, ինչպե՞ս կարելի է հենց այս մասին չխոսել։
Սա խոսում է կորցրած հնարավորությունների մասին, այսինքն, կան էական բացթողումներ, իսկ դրանք կասկածներ են ծնում։ Եթե այս ամենին էլ գումարենք այս իշխանության կառավարման լուրջ թերացումները (տեսնում ենք, թե ինչպես որոշումների ընդունման գործընթացում կան էական խնդիրներ, դիվանագիտության մեջ մեծ բացթողումներ), կասկածները բավական լուրջ են։
-Երբ Փաշինյանն անընդհատ խոսում է բանակցություններում Արցախի ներկայացուցչի ներկայության մասին, տպավորությունն այնպիսին է, թե նախորդները դրան չէին ձգտում։ Կարելի՞ է սա դիտարկել որպես նախկին իշխանություններին ուղղված անուղղակի մեղադրանք։
-Կարելի է նաև այդպես դիտարկել, բայց կարելի է դիտարկել նաև այլ տեսանկյունից, որ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչի և պատասխանատվությունը դնում է Արցախի վրա։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում