Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում նախատեսում են փողոցները կահավորել նոր ճանապարհային նշաններով

Փետրվար 08,2019 11:47

Վանաձորում ճանապարհային նշանների մեծ մասը մեր օրեր են հասել խորհրդային միության տարիներից: Այսօր քաղաքում որոշ հատվածներում բացակայում են համապատասխան ճանապարհային նշանները, շատ վայրերում էլ տեղադրված են միմյանց հակասող նշաններ: Ստեղծված իրավիճակը հաճախ է խնդիրներ առաջացնում ոչ միայն վարորդների, այլ նաեւ հետիոտների համար:

Փողոցները նոր նշաններով կահավորելու համար Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ կառավարությունից հանձնարարական է ստացել: Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանի խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար բավականին մեծ գումարներն են անհրաժեշտ, որը սակայն համայնքապետարանը չունի: Իսկ այս տարի համայնքային բյուջեից նախատեսվում է տրամադրել 20 միլիոն դրամ. «Այդ գումարի սահմաններում չենք կարողանա քաղաքի բոլոր ճանապարհային նշանները փոխենք, բայց հիմնական կենտրոնական հատվածներում եւ այն տեղերում, որտեղ կան խնդիրներ` այդ հատվածներում կտեղադրվեն, որպեսզի կարգավորվի: Քաղաքի բոլոր հիմնական փողոցները ցանկում ներառված են, բացի՝ միջպետական համարվող ճանապարհները՝ Նարեկացու փողոցը, Բաղրամյան պողոտան եւ Տարոն թաղամասերը: Բյուջեով մյուս տարի էլ գումար կտրամադրենք, որպեսզի խնդիրը կարողանանք լուծել»:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ արդեն սկսել են որոշակի նախնական աշխատանքներ իրականացնել. «Հիմա մենք գույքագրում ենք անում, որպեսզի տեսնենք քանի նշան ունենք, դրանցից քանիսն են վնասված, որ ճանապարհային նշանից քանիսն է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնենք ավագանու կազմին, հետո նաեւ մրցույթ հայտարարենք: Գույքագրումից հետո մենք ցանկը ուղարկելու ենք ՃՈ, որպեսզի ստանանք մասնագիտական եզրակացություն: Մենք ավագանու նիստին կներկայացնենք, որպեսզի Վանաձոր համայնքի սխեմայով քարտեզագրումը՝ ճանապարհներով, ճանապարհային նշաններով, գծանշումներով, հետիոտնային անցումներով, երթուղիների համար նախատեսված կանգառներով քարտեզագրումը պետք է տրամադրեն մեզ: Երբ քարտեզագրումը կլինի, դա հիմք կհանդիսանա, որպեսզի մենք արդեն տվյալ թիվն ունենանք, թե ինչ գումարի սահմանում մենք կարող ենք այդ աշխատանքները կատարել»:

Նախատեսված 20 միլիոն դրամով կկահավորվեն 30 փողոցներ: Մովսիսյանի փոխանցմամբ՝ մեկ ցուցանակի արժեքը կկազմի մոտավորապես 70.000 դրամ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728