Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվերի շրջանակներում փոխհատուցում իրականացվում է միայն չարորակ գոյացությունների դեպքում». «Իրատես»

Փետրվար 08,2019 11:21

Շուրջ մեկ ամիս է ուժի մեջ է մտել ուռուցքաբանական վիրահատությունների պետպատվերի ծրագիրը։ Ծրագիրը, ինչ խոսք, վաղուց սպասված էր, սակայն մինչ օրս հասարակությանը հայտնի չէ` պետպատվերը վերաբերում է պետակա՞ն, թե՞ մասնավոր հիվանդանոցներին, և, ընդհանրապես, անհրաժեշտության դեպքում ո՞ր բուժհաստատությանը կարող են դիմել մարդիկ։ Այս կարևոր հարցի շուրջ զրուցեցինք առողջապահության փոխնախարար ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։

-2019-ին պետբյուջեով առողջապահական ծախսերի աճը մեզ հնարավորություն տվեց ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունները դարձնելու անվճար,- ասաց փոխնախարարը։- Սա նշանակում է, որ համավճարի գաղափարն ամբողջովին դուրս է եկել գործածությունից, որը գործում էր 2011 թվականից։ ՈՒռուցքաբանական վիրահատության գները բարձրացվել են` գրեթե հավասարեցվել են շուկայականին։ Ինչու եմ ասում գրեթե, որովհետև մի փոքր ցածր են շուկայական գներից, սակայն պետությունը, որպես մեծածախ գնորդ, կարող է իրեն թույլ տալ գների մեջ որոշակի փոփոխություններ կատարել և դրանք առաջարկել համակարգին։ Պետպատվերով վիրահատական ծառայություններ իրականացնելու իրավունք ունեն ուռուցքաբանական վիրահատության մասով արտոնագիր ունեցող և ուռուցքաբանական վիրահատություն իրականացնելու նպատակով պետպատվերի հայտ ներկայացրած բժշկական կազմակերպությունները։ Այս պահին բժշկական տասը կազմակերպություններ, որոնք ունեն արտոնագիր, դիմել են նախարարություն պետպատվերի համար, և այդ հայտերը բավարարվել են։ Դրանք են` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային ինստիտուտը, «Նաիրի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Արթմեդ», Վալերի Ավագյանի անվան, «Աստղիկ», Գյումրիի և Վանաձորի բժշկական կենտրոնները։ Պետք է ընդգծեմ, որ պետպատվերի շրջանակներում փոխհատուցում իրականացվում է միայն չարորակ գոյացությունների դեպքում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որին ուզում եմ անդրադառնալ։ Այսօր բազմաթիվ են ոչ ուռուցքաբան վիրաբույժները, որոնք իրականացնում են ուռուցքաբանական վիրահատություններ. նման դեպքերը այս ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն։ ՈՒռուցքաբանական վիրահատությունները պետք է իրականացնի հենց ուռուցքաբանի մասնակցությամբ ձևավորված թիմը, քանի որ նա է մշակում հիվանդի բուժման անհրաժեշտ սխեման։ Միայն այդ դեպքում է բուժումն արդյունավետ լինում։ Սրանից ելնելով է, որ պետպատվերը տեղադրել ենք այն բժշկական կազմակերպություններում, որոնք ունեն ուռուցքաբանության արտոնագիր։

-Պարոն Դավթյան, որպես ֆինանսիստ Դուք շատ լավ գիտեք, որ այս տարվա պետբյուջեի աճի հիմքում ստվերից հետ բերված գումարներն են։ Հիմա, Աստված չանի, եթե 2019-ին տնտեսական զգալի աճ տեղի չունենա, հնարավոր կլինի՞ 2020-ին, ասենք, շարունակել այս ծրագիրը։ Կամ, եթե նկատվի պահանջարկի մեծ աճ, ինչը չի բացառվում, ի՞նչ եք կարծում, սահմանված գումարը կբավարարի՞ այս տարվա պահանջարկը։

-Մենք ամբողջությամբ հաշվարկել ենք հնարավոր ռիսկերը։ Այս պահին ունենք ուռուցքաբանական վիրահատությունների քանակի պատկերը, և ըստ դրա, իրականացրել ենք մեր ֆինանսական հաշվարկներն ու գնահատականները, և ֆինանսներն էլ արդեն հատկացված են։ Սակայն այստեղ մի նրբություն կա. այո, Դուք ճիշտ եք, վիրահատությունների մատչելիության բարձրացման հետ կապված հնարավոր է տեղի ունենա դեպքերի աճ։ Մենք սա ևս փորձել ենք գնահատել։ Եվ եթե խնդիր առաջանա, ապա լուծում կտրվի, այսինքն, եթե ծրագրի շրջանակներից դուրս լինի պահանջարկը, ապա դա այնքան էլ մեծ թիվ չի կազմի, որ չկարողանանք փակել։ Ինչ վերաբերում է տնտեսության աճին, ապա չեմ կարծում, որ լուրջ խնդիր առաջանա, քանի որ այն հնարավոր է միայն տնտեսության շատ մեծ անկման դեպքում։ Նման երևույթ չեմ կարծում, որ ունենանք, համենայն դեպս, տնտեսագետները նման կանխատեսումներ չեն անում։ Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարվա համար է նախատեսված այս ծրագիրը, առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները պահպանվում են և աճում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728