Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ. Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով

Փետրվար 08,2019 10:42

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Tert.am» գործակալությանը

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ վերջերս արված  հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։

Պատասախան՝ Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանին դիմելը  զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով  պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին,  որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսևորում,  պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել  ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատադներին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։ Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով  ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին։

Խստորեն հետևելով Արցախի Հանրապետության օրենսդրությանը՝   ս. թ. փետրվարի 2-ին, պատիժը կրելու ժամկետի ավարտի հետ կապված, ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով Արցախի Հանրապետության դատարանի վճռով դատապարտվել էր երկու տարի ազատազրկման` ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար /Քրեական օրենսգրքի 350-րդ  հոդված/։ Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով։ Դիտարկվում է նրան երրորդ երկիր հանձնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարդասիրական թեմաներով շահարկումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերող հարցերը գտնվում են այլ հարթությունում։ Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ  նախադեպեր կան։

Արցախի արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728