Կառավարությունն այսօր իր ներկայացրած ծրագիրը հաստատեց: Արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քանի որ կառավարության ծրագրի նախագիծը երկու օր առաջ հրապարակվել էր եւ, իհարկե, եղան որոշակի արձագանքներ, մենք նաեւ կառավարությունում այդ արձագանքների քննարկում նախաձեռնեցինք: Եվ այդ քննարկումը մեզ օգնեց եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետեւյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը եւ, ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը արձանագրելով, որ կառավարության գորածառույթը շարունակվում է մնալ նույնպիսին՝ ինչպիսին եղել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը եւ դա հնարավորություններ ստեղծելն է»:
Վարչապետը նաեւ ասաց, որ առաջիկայում պատրաստվում են նաեւ խորհրդարան ներկայացնել կառավարության կառուցվածքի եւ Հարկային օրենսգրքի մասին նախագծերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ