Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ադրբեջանամետության մեջ մեղադրելը կարճատեսություն է. Փաշինյանի հետ հանդիպած քաղաքագետը խոստանում է հրապարակել «պատվիրատուների» անունները. Tert.am

Փետրվար 08,2019 10:27

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Արդի էկոնոմիկայի ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն, «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, քաղաքագետ Նիկիտա Իսաևի հետ: Հայաստանյան մամուլում եղան մեկնաբանություններ, որ Փաշինյանը հանդիպել է ադրբեջանամետ քաղաքագետի հետ, ավելին՝ քննարկել հայ-ռուսական բանավեճային ակումբ ստեղծելու հարցը: Tert.am-ի հետ զրույցում Նիկիտա Իսաևն ասաց, որ բանավիճելու հարթակի ստեղծման գաղափարն իրենն է, ինքն ուզում է դրանով խթանել երկու ժողովուրդների միջև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Իսաևը նշեց, թե լինելով Հայաստանում՝ ինքը բազմիցս հարցազրույցներ է տվել, հրապարակային ասել, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որն ամենևին ադրբեջանամետ դիրքորոշում չէ:

– Ակումբում քննարկվելո՞ւ են հայաստանցիներին հուզող այնպիսի հարցեր, ինչպիսին են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը և ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չկատարելը:

– Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն այն հարցերից է, որը մտահոգում է հայ հանրությանը: Ռուսաստանի իշխանական ներկայացուցիչների, ինչպես, օրինակ, Ռոգոզինի հայտարարությունները, բարկացրել են հայ հանրությանը: Ես հիշում եմ, որ Սոլովյովի, Կիսելյովի՝ Երևան կատարած այցերից հետո ինչ աղմուկ էր բարձրացրել: Նրանք իբրև թե ուզում էին պարզաբանել ՌԴ պաշտոնյաների դիրքորոշումը, այնինչ մարում էին կրակը կերոսինով: Սոլովյովը եկել ու բացատրում էր, թե ինչու է Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառում, ավելին՝ ասում էր, որ դա հենց հայերի հետաքրքրություններից է բխում, որովհետև այդպիսով ՀՀ-ն ստանում է զեղչեր զենքի գնման համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նման հարցերը քննարկվել են, թե ոչ, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ մենք չենք քննարկել, թե կոնկրետ ինչ հարցերի ենք անդրադառնալու ակումբի քննարկումների շրջանակներում: Բայց Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված հարցերը մենք փորձելու ենք շրջանցել, ինչպես և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Սա շատ նուրբ հարց է: Ակումբը քննարկելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Իհարկե, հասկանում եմ, որ հայ հասարակության մեջ այդ թեմաները բուռն քննարկվում են, ու չեմ կարծում, որ հնարավոր կլինի դրանք լիարժեք շրջանցել:

– Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղան գնահատականներ, որ Դուք ադրբեջանամետ քաղաքագետ եք: Դա այդպե՞ս է:

– Ես ծանոթ եմ այդ տեսակետներին: Առաջին անգամ ես տեսել եմ այդ մեկնաբանությունները «Տելեգրամում», անանուն օգտատերերի կողմից: Վերաբերվել եմ այդ լուրերին ժպիտով: Ինձ ադրբեջանամետության մեջ մեղադրելը կարճատեսություն է: Լինելով Հայաստանում՝ ես բազմիցս հարցազրույցներ եմ տվել, հրապարակային ասել եմ, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ակնհայտ է, որ սա ոչ ադրբեջանամետ դիրքորոշում է: Այո, ես եղել եմ Բաքվում, բայց չեմ արել հակահայկական որևէ հայտարարություն: Սա տեղեկատվական «հարձակում էր», որն ուղված չէր իմ դեմ: Ես ենթադրում եմ, թե ովքեր են դրա պատվիրատուները: Ինձ համար պարզ է, թե ովքեր են նրանք ու համարում եմ նրանց դեստրուկտիվ, նրանք խաղում են Հայաստանի շահերին դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728