Պետք է խոստովանեմ, որ տարիքիս հետ իմ մեջ զարգանում է այն զգացողությունը, որ մենք բոլորս, ոչ միայն հայերս, այլեւ ամբողջ մարդկությունն իրար միջեւ ավելի շատ նմանություններ ունենք, քան տարբերություններ, եւ բացարձակապես խելամիտ չէ անընդհատ շեշտել եւ խորացնել այդ տարբերությունները: Պետք է ընդունել նաեւ մեր սեփական եւ ուրիշների թերությունները ու մեծ խնդիր դրանցից չսարքել: Մանավանդ, պետք է հանգիստ եւ սառնասիրտ լինել այն պարագայում, երբ այս կամ այն իրադարձությունը, երեւույթը տարբեր ձեւով է ընկալվում:
Օրինակ՝ 2016 թվականի ամռանը մի խումբ զինված մարդիկ հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա եւ մարդ սպանեցին. հայերի մի մասին դա մի չքնաղ սխրագործություն է թվում: Ես այդպես չեմ կարծում: Հետո՞ ինչ. ոչ ես պիտի այդ մեծամասնությանը բնութագրեմ որպես բռնության ջատագովներ, ոչ էլ, հավանաբար, նրանք ինձ կպցնեն իշխանությունների (արդեն՝ նախկին) սպասարկուի պիտակը: Չկա մեր մեջ այդ անդունդը, ճակատագրական նշանակություն չեմ տալիս այդ տարբերությանը:
Մյուս կողմից՝ չեմ «դրամատիզացնում» նաեւ պիտակները, վիրավորանքները, հուզական բնորոշումները՝ եթե որեւէ մեկի սիրտը դրանից հովանում է, թող ասի ու գրի՝ ինչ ուզում է:
Կամ՝ Հայաստանի տարբեր ղեկավարներ Արցախի հարցի լուծումները տարբեր ձեւով էին տեսնում: Մի մասի հետ ես (կամ մեկ ուրիշ հայ) համաձայն եմ, մի մասի հետ համաձայն չեմ, բայց ղեկավարներից ոչ մեկին, ինչպես նաեւ համաձայնողներից կամ չհամաձայնողներից որեւէ մեկին ես չեմ ցանկանում կպցնել «դավաճանի» պիտակը: Եվ դարձյալ. եթե կան մարդիկ, որոնց դուր է գալիս արտասանել «պարտվողական», «հող հանձնող», «Վասակ Սյունի» ձեւակերպումները, ապա ինչո՞ւ մենք պետք է զրկենք նրանց այդ հաճույքից: Այսօր այդ պատմական էքսկուրսները կարող են ունենալ միայն մեկ բացասական հետեւանք՝ կլարվեն Հայաստանի եւ Արցախի ներկայիս իշխանությունների հարաբերությունները: Էլ չասեմ, թե ում է դա ձեռնտու:
Ինձ թվում է՝ այդ պիտակների, վեճերի, «պայքարի» հիմքում մեթոդաբանական սխալ է ընկած. մարդկանց, իրադարձություններին, երեւույթներին մենք մոտենում ենք պատրաստի մտավոր սխեմաներով՝ ամեն ինչ դնելով նախօրոք պատրաստված «դարակների» մեջ: Միջին վիճակագրական մարդուն պակասում է կյանքի անմիջական, ստեղծագործական, ոչ կանխակալ ընկալումը:
Բերեմ մեկ այլ օրինակ. իմ սերնդակիցների մեծ մասը փնթփնթում է Ազգային ժողովի նոր կազմի հասցեին: Ես արդեն հասցրել եմ ծանոթանալ նրանցից շատերի հետ (հարցազրույց վերցնելու միջոցով): Տպավորություններս հիմնականում խիստ դրական են: Ամեն ինչում պետք է լավը տեսնել: Մանավանդ՝ այդ երիտասարդների:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն եմ ըսուածներուն – իմ ալ սկզբնական տպաւորութիւններս ժամանակի ընթացքին բարեփոխումներ ունեցան – ուրեմն ժամանակը իր դրական դերը կը խաղայ .Փոփոխութիւնը արմատական էր -հարկ էր ընտելանալ սկզբնական ցնցումը կուլ տալու համար ;