Մեղադրանք Բաքվից՝ Փաշինյանին
Վերջին օրերին պաշտոնական Երեւանի արտահայտած դիրքորոշումները որոշակի անհանգստություն են առաջացրել Բաքվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթներում արտահայտած դիրքորոշումը, ըստ ամենայնի, Բաքվի պատկերացրած հունից դուրս է եկել:
Օրերս պաշտոնական Բաքուն հարկ համարեց հատուկ հայտարարությամբ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, որը բացառել էր, որ կարող է քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը։ «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով. «Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման շուրջ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված գրեթե բոլոր փաստաթղթերում: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»:
Տարածքային զիջումների բացառման մասին Փաշինյանի հայտարարությունը, այսպիսով, Բաքվում արձագանքի արժանացավ: Սա, իհարկե, կարող է լավ մտածված քայլ լինել՝ այդպիսով Բաքուն իբր ցանկանում է ցույց տալ, որ պաշտոնական Երեւանն ի սկզբանե համաձայն է եղել տարածքային զիջումների:
Բայց կա նաեւ այլ հանգամանք. Բաքուն, ինչպես միշտ, անդրադառնում է այն դրվագներին կամ այն սկզբունքներին, որոնք ձեռնտու է բացառապես Ադրբեջանին: Եվ այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, թեկուզեւ որոշակի լղոզված, Բաքուն էլ կրկին առաջ է քաշում՝ «հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից» պահանջը:
Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանից
ԼՂ հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթը. «Ես հույս ունեի, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետեւի նաեւ ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար»։
Նա նշեց՝ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ կա բանակցային գործընթացում. «Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաեւ Ադրբեջանից, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող։ Իհարկե, ՀՀ-ն նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։ Ես ուզում եմ արձանագրել, որ նաեւ մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ ԼՂ ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել։ Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը, եւ ԼՂ ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն ԼՂ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գերմանական հարթակի արցախյան ուղերձները
Փաստացի Հայաստանում ծավալված քննարկումները, անհանգստությունները, Հայաստան-Ադրբեջան իշխանությունների միջեւ բավական ակտիվ քննարկումները առիթ հանդիսացան, որպեսզի Փաշինյանը ինչ-որ առումով կոշտացնի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ՝ հարցադրում անելով, թե որտեղի՞ց տպավորությունը, թե հայկական կողմը խոսում է փոխզիջումների մասին, կամ ինչո՞ւ որեւէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է հայկական կողմի նկատմամբ կիրառվող հնարավոր ճնշումների մասին քննադատությանը, Փաշինյանը նույնիսկ պատմեց, որ մի օր հրավիրել է ԱԳ նախարար պարոն Մնացականյանին եւ հարցրել է՝ «կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում, ես գլխի չեմ…»:
Ինչեւէ, պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Փաշինյանը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ասուլիսն օգտագործեցին արցախյան ուղերձների համար: Նախ` Մերկելն արձանագրեց, որ «անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, միակողմանի չլինի այդ ամենը։ Մենք այն կարծիքին ենք, որ պետք է խաղաղության գործընթացը կանգուն պահվի, որպեսզի հնարավորություններն օգտագործվեն»։ Իսկ Փաշինյանն իր նախնական խոսքում կարգավորման ընթացիկ իրավիճակին անդրադառնալով՝ նշեց. «Գործընթացը պետք է լինի երկկողմանի, եւ չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ»:
Հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն ու Մերկելը կրկին անդրադարձան Արցախի թեմային: Ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության գործընթացի վրա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ հանդիպումները՝ այս հարցին պատասխանելիս Մերկելը նկատեց. «Հավատում եմ, որ լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետեւեն: Եվ կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնելու: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնեն»:
Կարեւոր էր այն փաստը, որ պաշտոնական Երեւանը շեշտեց, որ ՀՀ-ն նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը: Բացի այդ, Փաշինյանը ընդգծեց, որ ԼՂ հարցի կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատ կա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է եւ համանախագահող երկրները. «Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն այս տարիներին համենայնդեպս բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով»:
Սակայն հաջորդիվ Փաշինյանի խոսքում որոշակի գնահատականներ կարող են Ադրբեջանի իշխանությունների համար հարմար առիթ դառնալ ղարաբաղյան հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ ներկայացնելու առումով: Փաշինյանն ասում է. «Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները եւ նաեւ միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, եւ միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է հենց հաջողել այդ հարթակն ստեղծելու առումով»:
Իհարկե, Հայաստանն է բանակցում ղարաբաղյան բանակցություններում, եւ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց երբ պաշտոնական Երեւանը հակամարտության «երեք կողմ» է նշում, դա ամենահեշտ ճանապարհն է, որպեսզի պաշտոնական Բաքուն դա օգտագործի՝ նշելով, որ «ահա՛, Հայաստանն էլ է արձանագրում, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է», ավելին՝ «դա տարածքային վեճ է», հետեւաբար Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանին վերադարձնելու անհրաժեշտություն չկա: Հետեւաբար այս առումով պաշտոնական Երեւանը պետք է ավելի զգույշ լինի «երեք կողմերի» վերաբերյալ ձեւակերպումները շռայլորեն օգտագործելիս:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 07.02.2019
Պաշտօնական Երեւանը այս նիւթին մէջ ծրագիր չունի:
Անոր հանդէպ ներազգային վստահութեան խնդիր չկայ, բոլորն ալ բարի տղաք եւ աղջիկներ են: Դաւաճանութեան վարկածներն ու դաւադրական տեսութիւններն ալ արդէն բացառապէս վերապահուած էին միայն ղարաբաղցիներու վարչակարգին:
Սակայն այս կառավարութիւն պարզապէս ծրագիր չունի, Արցախի հիմնախնդրի կապակցութեամբ: Improvisation է անում:
Իսկ եթէ այդ մօտեցումը, բազմաթիւ այլ ոլորտներում, այդքան ալ մեծ խնդիր մը չէ, հիմնականը այն է որ ժողովուրդը ընդհանրապէս առաջուընէ աւելի ուրախ է, այս նիւթին մէջ, հետեւանքները կրնան օրհասական ըլլալ:
Լսենք միայն ծրագիր մը: Որեւէ ծրագիր: Աղաչում ենք, ծնկաչոք: