Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այսօր բռնապետ չկա, չի նշանակում, որ հետո էլ չի լինի»

Փետրվար 08,2019 13:30

Ստալինը «հայտնվել» է Պարոնյան թատրոնի բեմում

Ժամանակը մի տարօրինակ հատկություն ունի. տարբեր դեպքերի միջոցով հիշեցնում է իրադարձություններ եւ անձերի, որոնք հենց նույն ժամանակի ընթացքում «հաջողությամբ» մոռացվել էին։ Վերջերս հաճախ են հիշում Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին՝ մամուլում, ֆիլմերում, թատերական ներկայացումներում:

Օրերս էլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր. Հակոբ Ղազանչյանը իր ռեժիսուրայով, նկարչական եւ երաժշտական ձեւավորումներով ներկայացրեց վրացի դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» պատմաքաղաքական սատիրան, մասնակցությամբ ճանաչված դերասանների՝ Արթուր Կարապետյան (Ստալին), Բորիս Պեպանյան (Բերիա), Սաթիկ Հախնազարյան (Ստալինի կինը), Զարուհի Խաչատրյան (Պոլինա), Լուսինե Արշակյան (Մախլավա), Գարիկ Ասատրյան (Պասկրեբիշեւ) եւ Հարություն Մելիքբեկյան (Լենին): Հայաստանում առաջին անգամ Ստալինը Գուրգեն Ջանիբեկյանի դերակատարմամբ «բեմ է բարձրացել» 1939թ., Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Տիգրան Շամիրխանյանի ռեժիսուրայով՝ Արմեն Գուլակյանի «Մեծ բարեկամություն» ներկայացման մեջ:

«Առավոտը» Հակոբ Ղազանչյանի հետ հանդիպման ժամանակ նախ հետաքրքրվեց՝ ի՞նչն էր Ստալինին անդրադառնալու առիթը եւ արդյոք այն աղերս ունի՞, ասենք՝ մեր վերջին 30 տարիների քաղաքական վայրիվերումների հետ: «Միանշանակ՝ ոչ: Դրամատուրգի սատիրայում ինձ հետաքրքրեց արտասովոր խորհրդավորությունը, նույնիսկ մի քանի դրվագներում կարողանում ես զգալ այն տարիների ժամանակահատվածի կերպարը, շունչը… Ժամանակ, որը հատուկ էր դաժանությամբ, նենգությամբ… Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ արժե խոսել կոնկրետ բռնատիրության, դեսպոտիզմի մասին: Այս ստեղծագործությունը ես դիտարկում եմ 20-րդ դարի պատմության կտրվածքով եւ եկել եմ համոզման, որ ինչի մասին խոսում ենք անուղղակի ձեւով, կապ ունի հենց մեր պատմության հետ, եւ ինչու միայն մեր… Իսկ թեման հանգիստ կարելի է դիտարկել նաեւ միջազգային տեսանկյունից,- հայտնեց պարոն Ղազանչյանն ու հավելեց,- օրինակ, երբ անդրադառնում ենք շեքսպիրյան թեմաներին՝ «Մակբեթ» կամ «Ռիչարդ Երրորդ», այնտեղ նույնպես խոսվում է նույն բանի մասին՝ ինչպես է ծնվում բռնակալ… Նույնիսկ անտիկ դրամատուրգներից սկսած այս թեման արդիական է բոլոր ժամանակների համար եւ, ցավոք, կմնա արդիական, երբ կա մարդը»:

Մեր զրուցակցին տեղեկացրինք, որ պրեմիերայի ավարտին հատուկ «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը դիտելու նպատակով Երեւան ժամանած անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան բացականչել է. «Սա կարծես ես բեմադրած լինեմ», ինչը երկիմաստ է ընկալվել: Հակոբ Ղազանչյանն ասաց. «Ստուրուան այս ներկայացումը չի բեմադրել ու նրա հնչեցրած այդ միտքը ամենաբարձր գնահատականն է: Շուրջ 20 տարի ես ամբողջությամբ տարված եմ Ստուրուայի արվեստով, ներկա եմ գտնվել նրա բոլոր պերմիերաներին, որոշ փորձերին: Մի քանի հաղորդում ունեմ նկարահանված այդ անվանի ռեժիսորի մասին: Վերջապես թանկ եմ գնահատում մեր բարեկամությունը: Սա էլ ասեմ՝ ունեցել եմ երեք ուսուցիչ՝ Երվանդ Ղազանչյան, իմ վարպետը՝ Անդրեյ Գոնչարով եւ Ռոբերտ Ստուրուա»: Հիշեցմանը, որ ժամանակին Ռոբերտ Ստուրուայի ստալինյան թեմայով բեմադրությունը ջախջախել էր վրացական մամուլը, պարոն Ղազանչյանն ասաց. «Դա նույնպես Բուղաձեի գործն էր՝ «Նախագահը եւ իր թիկնազորի տղան»: Այդ բեմադրության մեջ Ստալինի կերպարը չկար, բայց «մերկ» բեմում դրված էր բռնապետի հսկա արձանը, ինչը այնքան տպավորիչ էր, որ թվում էր, թե ոչ թե արձան է, այլ դերասան: Ինչ վերաբերում է ստուրուական այս հիանալի բեմադրության շուրջ աղմուկին, դա արվեց Սահակաշվիլիին ծառայող մամուլի կողմից. լրագրողները հավաստիացրել էին, թե Ստուրուան նրան նույնացրել է Ստալինի հետ: Ի դեպ, Ստուրուան էլ պատասխանել էր՝ չի կարելի կոնկրետացնել, իմաստը փոխվում է, եւ եթե այսօր բռնապետ չկա, չի նշանակում, որ տասնամյակներ հետո էլ չի լինի…»:

Անդրադառնալով ղազանչյանական մեկ այլ՝ «Ռեւիզորը» ներկայացմանը, որին ընտանիքով ներկա էր ՀՀ վարչապետը, հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնե՞ց ներկայացման մասին: «Հաճելի էր, որ վարչապետը ներկա էր, բայց անձամբ չեմ հանդիպել: Նա բեմադրության առիթով գրառումներ է արել իր ֆեյսբուքյան էջում եւ գոհունակություն է հայտնել»,-հայտնեց Հակոբ Ղազանչյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Թակարդ Ստալինի համար» ներկայացումից: 

«Առավոտ» օրաթերթ,

07.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Իսկ ոչ մեկը չի ուզում բեմականացնել այն պատմությունը, թե Ստալինը ինչ միլիոնների հասնող ունեցվածք ուներ և ինչպես էր իր հարազատ տղային թաքցնում բանակից? Անտաղանդ, մանր մարդուկներ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728