Հարցազրույց գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի հետ
– 5 տարի առաջ ստեղծել եք «Գրականություն»› ֆեյսբուքյան խումբը: Այն ժամանակ պատկերացնո՞ւմ էիք, որ այսքան հետեւորդներ կունենաք եւ գրականությամբ հետաքրքրվողներ:
– «Գրականություն» ֆեյսբուքյան խումբը բացեցի 2014-ին: Ինձ համար շատ անսպասելի որոշում կայացրի եւ րոպեների ընթացքում տեղի ունեցավ այն, ինչը շատերի կողմից ընդունվեց եւ սիրելի դարձավ: Իհարկե, չէի էլ կարող ենթադրել անգամ, որ գրական այդ խումբն այսօր հազարավոր հետեւորդներ կունենար: Ինձ համար թիվ մեկ խնդիրն արդի գրականության պատկերն ընթերցողին ներկայացնելն էր: Հետագայում խմբի հայեցակարգում մի շարք փոփոխություններ կատարեցի:
– Ինչպիսի՞ փոփոխություններ էին դրանք:
– Շուտով հասկացա, որ գրականության պատկերն ավելի ամբողջական է պետք դարձնել, որում կարեւոր տեղ պիտի զբաղեցնեն այլ գրականություններ եւս: Եվ խմբի աշխատանքներն իրականացնելու համար համագործակցության նպատակով հրավիրեցի շատերին: Ես կարող եմ այդ մարդկանց նվիրյալներ անվանել: Նրանք գրեթե ամեն օր մեր խմբում հետաքրքիր նյութեր են տեղադրում գրականության եւ արվեստի տարբեր ոլորտների վերաբերյալ: Գրականությունն ինքնին չէ, այն մշակույթի բոլոր ճյուղերի մեջ է եւ հակառակը: Անուշ Ասլիբեկյան, Կարո Արմենեան, Բենիկ Ստեփանյան, Վահան Մուրադյան, Ինգա Իսահակյան, Խաչիկ Արեւշատյան, Գագիկ Գասպարյան… Գրականության հետ են երաժշտությունը, կերպարվեստը, թատրոնը: Ֆեյսբուքյան գրական իրականության մեջ այս ձեւը չի եղել: Եվ այս առումով մենք նորարարություն ենք անում:
– Ո՞րն է խմբի առաքելությունը, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:
– Խումբը մի շարք առաքելություններ ունի: Առաջիններից մեկը նոր անուններ հայտնաբերելն է եւ նրանց համարձակորեն ներկայացնելը: Ելակետը տաղանդի նշանն է: Այդ մարդկանց ինչ-որ մեկն ի վերջո պիտի՞ ներկայացնի: Կան այնպիսի գրողներ, որոնք աննկատ էլ կմնային… Մյուսը գրական վերլուծականներ են, դիտարկումներ՝ կապված գրական անցուդարձի հետ: Դրանք հաճախ գրվում են հանպատրաստից, որոնք արձագանք են գտնում, բանավեճի նյութ են դառնում: Մեր ընթերցողները գրական լրահոսի հանգույն ծանոթանում են մշակութային աշխարհում տեղի ունեցողին, ունկնդրում են երաժշտական գոհարներ: Մեզ մոտ հաճախ են երեւում տարբեր դպրոցների եւ երկրների գեղանկարչական կտավներ, որոնք որոշակի տրամադրություն են ստեղծում: Մեր բանաստեղծներից մեկն ինձ ասաց, որ դրանք տրամադրում են նոր բաներ գրելու: Իսկ դա արդեն քիչ չէ: Խմբին հետեւում են շատ երիտասարդներ եւ պատանիներ: Ինձ համար՝ որպես խմբի հիմնադրի, ամենաշատը ոգեւորում է մեզ հետեւողների բուռն հետաքրքրությունը: Նրանք արձագանքում են, հարցեր են ուղղում, երբեմն քննադատում, երբեմն՝ առաջարկություններ անում: Մեր մեջ երկխոսություն կա: Մենք հաշվի ենք նստում քննադատության հետ: Այս առումով մեր աշխատանքն ինքնանպատակ չէ: Գլխավոր առաքելությունը ճաշակավոր ընթերցող ձեւավորելն է:
– Ձեր դիտարկումներով, ինչ տեսակ գրականություն է հետաքրքրում այսօրվա մարդուն, որն ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում սոցցանցերում:
– Այսօրվա մարդը շատ պահանջկոտ է: Նա իրապես կարդում է գրավիչ նյութեր: Աստիճանաբար հասկանում է, որ ֆեյսբուքյան տարածքում անընդհատ երեւացող եւ ամեն վայրկյան նոր բանաստեղծություն գրող իր ընկերը կարող է եւ գրամոլ լինել: Նրա հավանության ժեստը միանշանակ չէ: Եվ հասկանալի է դառնում, որ նրա ճաշակն այստեղ կարող է հղկվել: Այո, մենք պիտի ընդունենք այդ փաստը, որ այսօր մարդը զգալի ժամանակ է հատկացնում սոցցանցերում: Շատերն անգամ այստեղ են «բնակվում»:
– Արդյո՞ք «էլեկտրոնային» գրականությունը չի «խփում» «թղթե» գրականությանը: Տպագիր գրքի ժամանակներն արդյո՞ք կարելի է անցած համարել:
– Ինչ-որ տեղ «խփում» է, բայց տպագիր գիրքը միշտ հետաքրքիր կլինի, որովհետեւ մարդիկ սիրում են գրքեր բացել: Շատ բնական աշխարհ է գիրքը, որի նախասկիզբը բնությունն է՝ փայտը: Իսկ երբ այն նաեւ գեղագիտական ճաշակով ձեւավորված է լինում, անմիջապես իր կողմն է ձգում: Եվ պիտի խոստովանենք, որ շատերի համար գիրք թերթելն արդեն իսկ մեծ հաճույք է: Տեսնո՞ւմ եք, ես գրքի բովանդակության մասին ոչինչ չասացի: Որովհետեւ այն իմանալու համար ջանքեր են անհրաժեշտ: Նախ ժամանակ, տրամադրություն, գիտելիքներ, շահ…
– Շա՞հ, մի՞թե ընթերցողը շահամոլ է…
– Իհարկե, որովհետեւ նախանձախնդիր է իր ժամանակի եւ կյանքի հանդեպ: Մարդը միշտ ձգտում է վայելել կյանքը եւ իրենից վանում է անկարեւորը: Այդ պատճառով նա պիտի իմանա, թե ինչ կարող է տալ այս կամ այն գրքի վրա հատկացրած ժամանակը: Ուրեմն սա է կարեւորագույնը: Այստեղից է սկսվում ամեն ինչ: Ուրեմն հենց այնպես գրքեր չպիտի ծնվեն…
– Որո՞նք են Անի Փաշայանի սեղանի գրքերը:
– Գրականությանն առնչվող, գրականագիտական տեսական գրքեր, Աստվածաշունչ, հայ դասական եւ ժամանակակից քնարերգություն, Թոմաս Էլիոթ, Ֆրանց Կաֆկա, Ֆրանսուազ Սագան…
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
07.02.2019