Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտությունը մեր աչքի առաջ ստանում է լուրջ հարվածներ` խարխլելով պետականության հիմքերը»

Փետրվար 08,2019 12:30

Բաց բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին

Օրերս Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում օրենքի խախտումով արգելեցին ինձ առաջադրել իմ թեկնածությունը` խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար:

Համաձայն Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2 մասի. «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան»:

ՎՊՀ կանոնադրության 34-րդ կետով. «Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

ՎՊՀ կանոնադրության սույն դրույթի անտեսումով իբր ընդունվել է աշխատակարգ, որի 6-րդ կետը սահմանափակում է ՎՊՀ աշխատակցին մասնակցելու խորհրդի նախագահի ընտրությանը, որը հակասում է ՎՊՀ կանոնադրությանը: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով. «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա», այսինքն` ՎՊՀ-ում գրված եւ կանոնադրությանը հակասող աշխատակարգը ստորադաս է ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված կանոնադրությանը, իսկ այս դեպքում Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով. «Իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը»: Այս դեպքում ստորադաս աշխատակարգը, որ հակասում է կանոնադրությանը, չի գործում, եւ խորհուրդը պարտավոր էր առաջնորդվել կանոնադրությամբ:

Համաձայն Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` «Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ»: Իսկ սա նշանակում է, որ նման հակասությունների վերացման վերահսկողությունը օրենքով դրված է ՀՀ կառավարության, ինչպես նաեւ լիազոր մարմնի` կրթության եւ գիտության նախարարության վրա:

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է նաեւ ԿԳՆ փոխնախարար Ա. Անափիոսյանը, որ ի պաշտոնե պարտավոր էր կանխել օրենքի խախտումը, մանավանդ այն դեպքում, երբ ես մի քանի անգամ հատուկ շեշտեցի, որ տեղի է ունենում օրենքի խախտում:

Առաջնորդվելով խմբային շահերով` հիշյալ պաշտոնյան, փոխանակ կանխելու օրենքի խախտումը, պնդեց հակառակը, եւ արգելեցին ինձ մասնակցելու խորհրդի նախագահի ընտրություններին` այդպիսով վնաս պատճառելով իմ օրինական շահերին, կատարելով առերեւույթ քրեական հանցագործություն, այն է` իշխանությունը չարաշահելը եւ իշխանության բացահայտ անգործությունը, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, մանավանդ որ ընտրված խորհրդի նախագահը փոխնախարարի առաջադրած թեկնածուն էր:

Ողջունելով հեղափոխությունը` հուսով էինք, որ ՀՀ-ում կվերանան բռնապետական կարգերը, սակայն ՎՊՀ խորհրդի նիստի ընթացքում համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել: ՎՊՀ խորհրդի նիստում փոխնախարարը պնդեց, թե կա գործող աշխատակարգ, որն արգելում է ինձ առաջադրվել խորհրդի նախագահ, իսկ երբ առաջարկեցի, որ այդ դեպքում գործող կանոնադրությամբ անհրաժեշտ է հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, այս անգամ նույն փոխնախարարը պնդեց, թե պետք է փոխել կանոնադրությունը եւ դոկտոր, պրոֆեսորի փոխարեն մրցույթ հայտարարել գիտության թեկնածուի համար:

Սա կամայական ու խայտառակ վերաբերմունք է բարձրագույն կրթության եւ գիտության ասպարեզում, երբ ԿԳՆ պաշտոնյան ակնհայտ կամայականությամբ փորձում է բուհում իրագործել ծրագրված սցենար` նախապես որոշված ռեկտորի թեկնածուի օգտին փոխելով ՎՊՀ կանոնադրությունը:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս ամենը գրում եմ սեփական շահերից ելնելով, միաժամանակ հայտարարում եմ, որ երբեք ցանկություն չեմ ունեցել եւ այժմ էլ չեմ մասնակցելու ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն սկզբունքորեն դեմ եմ, որ գիտական կազմակերպությունը ղեկավարի ոչ գիտնականը, որ գիտության թեկնածուն ղեկավարի մի գիտական խորհուրդ, որտեղ նստած են դոկտոր, պրոֆեսորներ եւ ԳԱԱ թղթակից անդամ: Գիտության դոկտորին հավասարեցնել թեկնածուին, նույնն է, թե բանակի գեներալին հավասարեցնել կրտսեր լեյտենանտին: Սա արհամարհանք է գիտության հանդեպ, եւ այս երեւույթի դեմ հանդես եմ եկել նաեւ նախկին իշխանությունների ժամանակ:

Ավելին` քննադատում էինք նախկին իշխանություններին, թե խորհուրդները քաղաքականացված են, սակայն այժմ էլ խորհրդի անդամներ են նշանակված ակնհայտ քաղաքականացված անձինք, որոնք գաղափար չունեն բուհից եւ գիտությունից: Հարգելի պարոն վարչապետ, գիտությունը մեր աչքի առաջ ստանում է լուրջ հարվածներ` այդպիսով խարխլելով պետականության հիմքերը:

ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ,

07.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728