Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՄՆԻ ՍԻՐԵԼԻ

Փետրվար 08,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունվեցերորդ

 

ԵՐԲԵՄՆԻ ՍԻՐԵԼԻ

Ես ավելի քան վստահ եմ, որ Արշակը Լեւոն Տեր-Պետրոսյանին ատում է, որովհետեւ Տեր-Պետրոսյանի նկատմամբ իր ատելությունն իմ ներկայությամբ բազմիցս է արտահայտել, եւ չնայած Տեր-Պետրոսյանի հետ Արշակի մասին երբեւէ չեմ խոսել, համոզված եմ, որ առաջին նախագահն Արշակին ամենեւին էլ չի ատում, այլ ընդամենը արհամարհում է Արշակին, ավելի ճիշտ՝ առաջին նախագահն Արշակին լուրջ քաղաքական գործիչ չի համարում, ու էդ հանգամանքն արդեն իսկ բավական է, որ Արշակն ամբողջ հոգով ատի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ Արշակն ի վիճակի է ատել միմիայն նրանց, ովքեր իրեն որպես քաղաքական գործիչ արհամարհում ու լուրջ չեն ընդունում, ճիշտ այնպես, ինչպես երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկն է ատում բոլոր նրանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմին իր մասնակցությունը կասկածի տակ են դնում, եւ քանի որ Օհանյան Ավիկի կռված լինելն ամենից ավելի ու հիմնականում Սադոյան Արշակն է կասկածի տակ դնում, երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկը  հիմնականում Սադոյան Արշակին է գոռգոռալու ու աղմկելու համար դիտողություն ու նկատողություն անում, եւ քանի որ առիթը ներկայացել է, պիտի ասեմ, որ Օհանյան Ավիկի ծնողները ծագումով մուսալեռցի են, եւ  սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ու առաջին նախագահը բավական մոտիկ ազգականներ են, եթե չեմ սխալվում՝ երկու քրոջ թոռներ, եւ շատ հնարավոր է՝ էս հանգամանքը որոշակի նշանակություն է ունեցել, որպեսզի Դաշնակցությունն Օհանյան Ավիկին սառեցնի, ավելի ճիշտ՝ Օհանյան Ավիկի անդամությունը սառեցնի, բայց էդ հանգամանքը բավարար չէ, որպեսզի ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակն ատի երբեմնի  կարկառուն դաշնակ Օհանյան Ավիկին, որովհետեւ ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակն իր հոգու խորքում ատելության էդքան մեծ պաշարներ չունի, եւ ատելության իր ունեցած պաշարները հազիվ առաջին նախագահին ու Կրեմլին է հերիքացնում, եւ չնայած ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակն իր հոգու խորքում ատելության մեծ պաշարներ  չունի, չէի ասի թե՝ նույն իր էդ հոգու խորքում սիրո առանձնապես մեծ պաշարներ ունի, եւ Սադոյան Արշակի սերը, ինչպեսեւ ատելությունը, սովորաբար ոչ թե կոնկրետ անձանց է ուղղված, այլ՝ ընդհանուր ու ընդհանրական երեւույթների, եւ եթե Սադոյան Արշակը Կրեմլին ու Կրեմլի աշխարհաքաղաքականությունն ատում է, էդ բնավ չի նշանակում թե՝  անձամբ Պուտինին է ատում, եւ եթե ժողովրդի երբեմնի սիրելի եւ մշտապես արեւմտամետ Սադոյան Արշակը  Պենտագոնի ու ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականությունը սիրում է, էդ բնավ չի նշանակում թե՝ անձամբ Օբամային ավելի է սիրում, քան՝ անձամբ Պուտինին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել