Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե որոշումը կայացված լիներ, որ պետք է համաներում կիրառվեր Սասնա ծռերի նկատմամբ, ապա չեմ կարծում, որ Օսիպյանն այնքան սկզբունքային կլիներ, որ համաներման դեմ կխոսեր. Ավետիք Իշխանյան

Փետրվար 07,2019 22:00

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը հայտարարեց. «Չնայած ժամանակին Ձեզ բացատրվել է, մեկ անգամ էլ տեղեկացնենք այն պահով, եթե իշխանությունը յուրացված է եղել, ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է, հասցրել է ինքնասպանության, Երևանի փողոցներում գնդակահարել է 10 քաղաքացիների, և այդ պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնենք պոլին»:

Այս հայտարարությանը Վարդան Եղիազարյանն արձագանքեց. «Մարդ էլ կսպանեք, չէ՞»:

Դատարանը նկատողություն տվեց Արեգ Կյուրեղյանին, հետո Էդուարդ Բարսեղյանին միջամտելու համար հեռացրեց դատական նիստերի դահլիճից. մինչև այդ արդեն նկատողություն տվել էր:

Aravot.am-ը այս նիստում հնչած հայտարարությունների և մասնավորապես Վալերիյ Օսիպյանի՝ ՊՊԾ գնդի գործով անցնող ամբաստանյալների համաներմանը դեմ լինելու հետ կապված որոշ հարցեր հղեց իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին:

Մեր հարցին, քանի որ Վալերիյ Օսիպյանը դեմ արտահայտվեց՝ համաներում չի կիրառվի Սասնա ծռերի հանդեպ, հետևաբար՝ ինչպե՞ս է ընթանալու դատը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Եթե մենք զուտ իրավական տեսանկյունից մոտենանք, եթե հաշվենք, որ Հայաստանում իրավական իշխանություն գոյություն ունի, ապա Վալերիյ Օսիպյանի խոսքը չպետք է լինի վճռական, դատարանը պետք է հաշվի առնի տարբեր հանգամանքներ, այդ թվում նաև Օսիպյանի խոսքը և որոշում կայացնի:

Բայց, եթե մենք վերադառնանք մեր իրականությանը, ապա եթե որոշումը կայացված լիներ, որ պետք է համաներում կիրառվեր Սասնա ծռերի նկատմամբ, ապա ես չեմ կարծում, որ Օսիպյանն այնքան սկզբունքային կլիներ, որ համաներման դեմ կխոսեր: Իսկ եթե իմ կարծիքով՝ որոշումը կայացված է, որ նրանց նկատմամբ համաներումը չկիրառվի, այդ համատեքստում պետք է դիտարկել Օսիպյանի խոսքը: Ես համոզված եմ, որ դատարանը համաներում չի կիրառի, և այստեղ հիմքերից մեկը կծառայի այսպես պայմանական ասած՝ տուժածների կարծիքը: Բավական նուրբ խնդիր է, ես, ճիշտն ասած, ձեռնպահ եմ մնում ասելուց՝ որն է ճիշտ, որը սխալ: Եթե ավելի լավ դիտարկենք, համաներման մասին օրենքը, ապա ինձ համար հարց է ինչո՞ւ համաներման օրենքում Սասնա Ծռերը ներգրավված էին, իսկ Նորքի խումբը ներառված չէր: Ի վերջո, եթե մենք վերցնենք ծանր հանցագործություն էր, ապա Նորքի խմբի անդամները միայն կասկածվում էին, իսկ Սասնա Ծռերը դե ֆակտո կատարել էին: Եվ եթե այնտեղ մահեր չկային, այստեղ մահեր կային»:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ խնդիրը հասարակական կարծիքի վրա հենվելն է. «Եթե կար Սասնա Ծռերի նկատմամբ հանրային համակրանք, նրանք ներառվեցին, իսկ Նորքի խմբի նկատմամբ չեզոք դիրքորոշում կար: Եվ համաներման օրենքն այդ համատեքստում էր կազմված»:

Իրավապաշտպանը հարց է բարձրացնում ՝ արդյոք եթե Սասնա Ծռեր կուսակցությունը հայտնվեր ԱԺ-ում, ունենար հանրային աջակցություն՝ հստակ քվեներով, ապա Օսիպյանը դե՞մ կլիներ համաներմանը. «Համաներման կամ ներման ժամանակ՝ հատկապես ներման հետ կապված, արդարացվում է տուժողների կարծիք հարցնելը, որը ժամանակակից իրավաբանության մեջ նոնսենս է»:

Մեր մյուս հարցին ՝ փաստորեն, համաներումն իր նպատակին չի՞ ծառայել, քանի որ Սասնա ծռեր խմբի անդամները չեն զղջում, Արեգ Կյուրեղյանը դատարանում հայտարարեց, եթե կրկնվի՝ իրենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնեն պոլին, Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է դատավարության ժամանակ ոչ կոռեկտ խոսքերին և Գևորգ Սաֆարյանի, և այլոց կողմից, անկախ այն բանից, թե մենք ոնց ենք վերաբերվում դատական համակարգին, նախորդ ռեժիմի ժամանակ էլ, ես ընդհանրապես անընդունելի եմ համարում վիրավորանքները և նման կոպիտ խոսքերը ու չակերտների մեջ հերոսանալը»:

Դառնալով սերժանտից մինչև գեներալ պոլին պառկացնելուն՝ Ավետիք Իշխանյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ես համոզված եմ՝ նրանց խափանման միջոցի փոխելու, Սասնա Ծռերի՝ համաներման օրենքի մեջ ընդգրկելու մեջ մեծ նշանակություն ունեցավ այն, որ նրանք իշխանափոխությունից հետո հայտարարություն արեցին, որ հրաժարվում են զինված պայքարից: Փաստորեն, նրանք այսօր դրժում են իրենց խոսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728