Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են խոսել «Իմ քայլի» պատգամավորները Ջանջուղազյանի հետ՝ 4 ժամից ավելի տեւած փակ նիստում

Փետրվար 07,2019 21:21

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին հրավիրվել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, տեւեց ավելի, քան 4 ժամ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պարոն Ջանջուղազյանն ասաց, որ քննարկել են «Հարկային օրենսգրքի» փոփոխություններն ու պարգեւատրումների հարցը:

Թե պարգեւատրումների հետ կապված ի՞նչ էին հարցնում պատգամավորները նախարարին, անհանգստություն, զայրույթ կա՞ր՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ավելի շատ մտահոգություններ կային, քան թե անհանգստություն: Պարզաբանման կարիք ունեցող հարցեր էին: Պարգեւատրումների չափը չէր, ավելի շատ կոնցեպտուալ հարցեր էին քննարկվում, մասնավոր, առանձին վերցրած հարցերը այնքան էական չեն»:

Թե ինչ լուծումների են եկել պարգեւատրումների հետ կապված, պարոն Ջանջուղազյաննն ասաց, որ 2019-ի բյուջեում արդեն իսկ աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար են նախատեսած եղել, բայց կառավարությունը հանձնարարական է ձեւակերպել քաղծառայության գրասենյակին, որ ներկայացնի այն կարգավորումները, որոնցով պետք է կազմակերպվի պարգեւավճարների վճարումը: Ուզում են հարցին համակարգային լուծում տալ, որ բոլորի համար կանխատեսելի լինի. «Շրջանառվում է, կարծում եմ, առաջիկա նիստերից մեկում հավանության կարժանանա օրենքների փաթեթ, որով կդադարեցվի արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, մենք քայլ-քայլ գնում ենք միասնականացմանը, ռեսուրսների համախմբմանը»: Ջանջուղազյանը նաեւ նշեց, որ սահմաններ են գծված՝ խրախուսման նպատակով աշխատավարձի ֆոնդից ավելի չեն կարող օգտագործվել, իսկ թե ինչպես պետք է հատկացնեն, կառավարությունը հաստատելու է պարգեւավճարների հատկացման նոր կարգ, ըստ այդմ կորոշեն:

Հարցին՝ ի՞նչ կարգ եք մտածում, որ գերատեսչությունների ղեկավարները միլիոնավոր դրամներ իրենք իրենց չտան՝ որպես պարգեւատրում՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ենթադրվում է, կարգավորումներից մեկն էլ հենց դա է, որ կդրվի ինչ-որ միջակայք որեւէ պաշտոնի համար: Այսօրվա համակարգում կա նույն անունը կրող պաշտոն, որոնք ֆունկցիոնալ առումով իրարից շատ հեռու են, կա 50-60 հոգանոց վարչություն ու կա 3 հոգանոց վարչություն ու պատասխանատվությունը վարչության պետի պետք է հաշվի առնել»:

Հարցին՝ ինչպե՞ս գնահատեցիք ձեր աշխատանքը, որ այդքան պարգեւատրեցիք ձեզ՝ Ջանջուղազյանը պատասխանեց, որ անցյալ տարվա համեմատ իր պատասխանատվությունը 10 տոկոսով ավելացել է. «Որ ասում եք արժանի՞ էի, ես լավ չեմ հասկանում եմ, ինչի՞ էի արժանի, 2016-ի՞ն, 2017-ի՞ն, ինչի՞ն»: Դիտարկմանը, որ այս հարցերն առաջանում են այն համատեքստում, որ նայեք, թե ինչքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները, բուժաշխատողները, մանկապարտեզների աշխատողները՝ Ջանջուղազյանն արձագանքեց. «Իրավացի եք, ես դա գիտեմ, բայց գոյություն ունի աշխատուժի շուկա ու աշխատուժի շուկայում այս կամ այն աշխատանքը վարձատրվում է այս կամ այն չափով:

Ձեր թվարկածներից ոչ մեկին ես չեմ համապատասխանում, ես չեմ կարող ուսուցիչ աշխատել ցավոք սրտի, թե բարեբախտաբար: Ես կարող եմ հավակնություն ունենալ աշխատել այն աշխատատեղերում, որոնց կարող եմ համապատասխանել: Մենք մշտապես դժգոհ ենք հանրային ծառայությունների որակից: Դժգոհության արդարացումները եղել են այն, որ էս վարձատրության պայմաններում բա ի՞նչ էիք ուզում: Մենք, ճիշտն ասած, համաձայն չենք ոչ հանրային ծառայությունների որակի հետ համակերպվելուն, ոչ էլ որ պիտի ասենք՝ աշխատավարձը ցածր է, դրա համար է այսպես: Բավարար չափով փող ծախսվում է ու այդ փողը բավարար է, որ լավ որակի ծառայություններ կազմակերպվեն: Դուք հաշվի չեք առնում այն հանգամանքը, որ մենք միջոցառումներ ենք արել, որի արդյունքում լրացուցիչ միջոցներ են ավելացել, հակառակ դեպքում այդքան պարգեւավճարներ չէինք կարող ունենալ»:

Երբ լրագրողները մի քանի անգամ շեշտեցին՝ այս տարեվերջին է՞լ եք ինքներդ ձեզ պարգեւատրելու այդքան մեծ պարգեւավճարով՝ պարոն Ջանջուղազյանը հորդորեց ձեռնպահ մնալ նման ձեւակերպումներից, որը, ասես, նախատինք լինի ու իրեն ասես հասարակական պարսավանքի սյունին են փորձում գամել: Նա ասաց, որ կաշխատի այն կարգավորումների շրջանակում, ինչը կընդունի կառավարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728