Դեռ հայտնի չէ`ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կից վերլուծական կենտրոնը կշարունակի՞ իր աշխատանքները, թե՞ ոչ: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան, այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, վերլուծական կենտրոնը ստեղծվել էր 6-դ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերլուծական կենտրոնում ընդգրկված էին հայաստանյան հայտնի քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ`Դավիթ Շահնազարյան, Ստեփան Սաֆարյան, Հովհաննես Իգիթյան, Ռիչարդ Գիրագոսյան եւ այլք:
«Ես հիմա ուսումնասիրում եմ, նախնական տրամադրվածությունս այն է, որ շարունակի գործել: Բնականաբար, փոփոխություններով»,- Aravot.am-ին այսպես պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը: Փոփոխությունները կվերաբերվեն կենտրոնի ձեւաչափի՞ն, թե՞ անդամներին, պարոն Ռուբինյանը պատասխանեց. «Եվ, եւ: Բայց քանի դեռ վերջնական նախագիծ ինքս ինձ մոտ նույնիսկ չունեմ, որեւէ մանրամասնություն չեմ կարող ասել»:
Հարցին`կան փորձագետներ, որոնց հետ ինքը սկզբունքորեն դեմ կլինի աշխատել, մեր զրուցակիցը կրկնեց`քանի դեռ վերջնական ձեւակերպված մոտեցումներ չունի, մանրամասներ չի կարող ասել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ