Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանում-ՀՆԱ 45%, վարկային տոկոսադրույքների նվազեցում. Կառավարության ծրագրային խոստումները

Փետրվար 07,2019 19:45

«Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձեւավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար».սա խոստանում է նոր կառավարությունն իր նոր ծրագրով:

Այն հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա: Կառավարության ծրագիրը հրապարակվել է երեկ. այն դեռ խմբագրական որոշ շտկումների կարիք ունի, սակայն հիմնական գաղափարն ու նպատակներն արտացոլված են:  Այն, ինչ մշտապես հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ծրագրում է տեղ գտել՝ «Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում»:

Սա, ըստ կառավարության ծրագրի,  նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է. «Գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում»:

Կառավարությունը ծրագրում է, որ տնտե­սությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանա­կահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%, տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ։  Կառավարությունը խոստանում է՝ «Կստեղծվեն պայմաններ՝ մարդկանց գործարար կարողությունները սեփական ձեռնարկատիրական նախաձեռնություններում իրացնելու համար։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հնարավորություն՝ ժամանակակից մասնագիտական հմտությունների ավելացման եւ դրանց իրացման ճանապարհով տնտեսական կյանքին մասնակցության համար»։

Ծրագրում գրված է՝ «Կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի քաջալերմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում, տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի. բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը»:

Մեկ այլ խոստում էլ՝ «Կառավարությունը կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար։ Տնտեսական միջավայրի այդպիսի փոփոխու­թյան շնորհիվ՝ տաղանդավոր մարդիկ ապրելու եւ աշխատելու համար պետք է ընտրեն Հայաստանը»։

Ըստ կառավարության ծրագրի, ֆինանսական ծառայությունների ավելացման խթանումը պետք է լինի կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության առանցքային հարցերից մեկը եւ նշված ծառայությունների հասանելիության ավելացումը պետք է դառնա մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարեւոր գործոն. «Բանկային վարկավորումը շարունակում է մնալ Հայաստանում ֆինան­սա­կան միջնոր­դության ամենաազդեցիկ գործիքը։ Համապատասխանաբար, բանկային վարկա­վորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի կառավարության եւ ԿԲ-ի համագործակցության հաջորդ կարեւոր հարցը։ Կառավարությունը կքն­նարկի մասնավոր հատվածում առկա բոլոր այն գործոնները, որոնք կարող են էապես կրճատել բանկային ռիսկերը եւ նպաստել մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը, վարկային տոկոսադրույքների նվազեցմանը»:

Ծրագրով նախատեսվում է՝ կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրո­նացվածության աստիճանի նվազեցմանը եւ մրցակցության ինտենսիվության բարձրացմանը։

«Բիզնեսի զարգացման էական խոչընդոտ է, որ Հայաստանում անվճարու­նակության (սնանկացման) վարույթների ճնշող մեծամասնությունն ավարտվում է ձեռնարկությունների լուծարմամբ։ Ձախողված լինելու «վճիռը» մեծապես ճնշում է անհաջողություն կրած անձանց հետագա ձեռնարկատիրական նախաձեռնությունները, նրանց հանդեպ ստեղծում է անհանդուրժողականություն եւ կրճատում է գործարար ակտիվության ներուժը»,-գրված է ծրագրում: Եվ այս ուղղությամբ կառավարությունը ծրագրում է խրախուսել այնպիսի օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց արդյունքում անվճարունակության վարույթներում հայտնված կազմակերպություններն ավելի հաճախ պետք է հասնեն ֆինանսական առողջացման եւ պահպանեն գործելու հետագա իրավունքը։

Արտահանման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է՝  ժամանակահատվածի ավարտին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45%-ի: Արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը»: Իսկ արտահանվող շուկաներն են ու նպաստավոր պայմաններն են՝ Եվրասիական տնտեսական գոտին, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի առկայությունը.« Առեւտրի համաշխարհային կազմակեր­պու­թյանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաս­տանյան արտահանողների հաստատմանն ու առաջ­խա­ղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջա­նակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարեւոր անելիքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728