Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքվեցինք, թե իր կարծիքով քանի՞ փոխմարզպետ անհրաժեշտ կլինի Շիրակի մարզին։ Նշենք, որ տարիներ շարունակ Շիրակի մարզն ունեցել է երկու փոխմարզպետներ, միայն Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կառավարման ժամանակաշրջանում ստեղծվեց երրորդ հաստիքը՝ հատուկ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի համար։ Կարեն Սարուխանյանի իշխանությունն էլ շարունակեց նույն գիծը՝ պահելով երեք փոխմարզպետների։
Այժմ Շիրակն ունի երեք փոխմարզպետներ, որոնց թիվն, ըստ տարածված խոսակցությունների, կրճատվելու է՝ հասնելով 1-ի։ Ըստ էության, այսօր Շիրակի մարզում երկու փոխմարզպետների հաստիքներն ազատ են․ Սոֆյա Հովսեփյանը ընտրվեց ԱԺ պատգամավոր, Արա Մելիքջանյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մեն ու միակ փոխմարզպետն այս պահին Կարեն Սարուխանյան մտերիմն է ՝ Վարդան Գրիգորյանը, որին և մարզպետի պաշտոնում ուզում էր տեսնել պարոն Սարուխանյանը։
Ըստ մարզպետարանում տարածված որոշ խոսակցությունների, Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելուց առաջ Տիգրան Պետրոսյանի առջև, այսպես ասած, պայման է դրվել փոխմարզպետի պաշտոնում պահել Վարդան Գրիգորյանին, թեև այդ նույն շրջանակում պտտվում են նաև հակասական լուրեր, թե փոխմարզպետների թիվը կրճատելու պարագայում, եթե այն դառնա ընդամենը մեկը, այդ պաշտոնը կվստահվի Տիգրան Պետրոսյանի ընկերոջը՝ Ղարիբ Հարությունյանին։ Այսօր լրագրողները Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեցին նաև այս թեմայով, թե արդյո՞ք պատրաստվում է միջնորդել իր ընկերոջը փոխմարզպետ նշանակելու հարցում։
Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե քանի փոխմարզպետ անհրաժեշտ կլինի, ասաց․ «Շատ լավ հարց եք տալիս, հարց, որն այս ընթացքում հուզում է բոլորին։ Եթե ֆունկցիոնալ դասակարգումը, գործառույթները կան դրված մարզպետարանի վարչությունների վրա, համակարգումը, տեխնիկական պրոցեսները իրենք կազմակերպում են, հնարավոր է և, չեմ ասում փոխմարզպետ պետք չէ, բայց մեկ փոխմարզպետը բավարար է։
Այստեղ պետք է հասկանանք կառավարման ինստիտուտի փիլիսոփայությունը, ինչ ստրուկտուրաներ ու կապեր կան, պատասխանտվության ինչ աստիճաններ կան, ինչ է նստում մարզպետի վրա որպես պատասխանատվություն, որպես ծանրաբեռնվածություն, էդքան չթողնել մի մարդու վրա՝ որոշակի առումով ունենալով մեկ-երկու, երեք փոխմարզպետներ։ Խնդիրը նուրբ է ու ինքնանպատակ չպիտի լինի, նպատակը նաև որոշակի առումով ունենալ թեթև, մոբիլ, լավ գործող արդյունավետ համակարգ»։
Ղարիբ Հարությունյանին փոխմարզպետ նշանակելու հետ կապված Տիգրան Պետրոսյանը խնդրեց կադրային հարցերն այս փուլում չքննարկել, մինչև որ որոշակի առումով կծանոթանա եղած ռեսուրսներին։
«Եթե մեծ փոփոխությունների ենք գնալու, առանց ընկալելու եղած պոտենցիալը, առանց ընկալելու կառույցում առկա հատուկ մոտեցումներն ու ռեսուրսները, հենց միանգամից մեխանիկական որոշում կայացնելը ճիշտ չէ, ժամանակով կաշկանդված չենք, կաշխատենք, կտեսնենք»։
Հարց հնչեց նաև մարզպետարանում մարզպետի օգնականների, խորհրդականների հաստիքները կրճատել-չկրճատելու մասին։
Շիրակի մարզպետն ասաց, որ ըստ առաջնահերթությունների պետք է որոշել, եթե այդ տիրույթում մարզպետարանում կան ուժեղ կառույցներ, հետևաբար և այդ ոլորտի խորհրդականներ պետք չեն։ Իսկ եթե կան տիրույթներ, որտեղ ուշադրությունն առավելագույնը պետք է լինի, հնարավոր է և երկու խորհրդականներ աշխատեն նույն ուղղությամբ։ Ըստ նրա, խնդիրը պիտի խորությամբ հասկանալ ընդհանուր կառույցի փիլիսոփայության տիրույթում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նորանշանակ մարզպետի լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: