Կատարյան Al-Jazeera հեռուստաալիքի լրագրող Դորիան Գիգերը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստան տեղափոխված սիրիահայերի և այստեղ սկսած նրանց նոր կյանքի մասին:
31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանը այն 10000 սիրիացի հայ փախստականներից մեկն է, որ վերադարձել է Հայաստան Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում՝ աշխատանքի գնալիս ամեն անգամ փախչելով դիպուկահարների դիտակետից:
«Իմ տանն ապրելիս յուրաքանչյուր օր ես գիտեի, որ չեմ կարող աջ շրջվել,- ասում է Հովհաննիսյանը:- Ես միշտ պետք է ձախ գնայի, հակառակ դեպքում կսպանվեի: Մեր թաղամասում մի փոքրիկ տարածք կար, որտեղով պետք է անցնեի աշխատանքի գնալիս: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա և վազելով էի անցնում, որպեսզի նա չկարողանա նշան բռնել ինձ վրա: Ամեն օր ես ստիպված էի վազել»,- ասում է նա:
2016թ. սկզբին՝ նախքան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Հալեպի վրա գրոհը, հրթիռ էր ընկել Հովհաննիսյանի տան առաջ:
«Հրթիռն ընկել էր ուղիղ մեր շենք վրա,- պատմում է նա:- Անիմաստ էր փախչել կամ փորձել թաքնվել»:
Պայթյունը գրեթե հողին էր հավասարեցրել նրանց տունը:
«Հենց այդ պահին ես հասկացա, որ պետք է հեռանամ Սիրիայից»:
Հովհաննիսյանը տաքսի է վարձել և տարեց ծնողների ու կատվի՝ Վիտոյի հետ հասել Լիբանանի սահման: Այնտեղից ավտոստոպով հասել է Բեյրութ, որտեղից էլ՝ ինքնաթիռով Երևան:
«Մենք կարողացանք վերցնել միայն մեր անձնական իրերը և հագուստ: Ամեն ինչ թողել ենք այնտեղ, բնակարանն ամբողջությամբ կահավորված էր: Բանալիները թողել ենք հարևանների մոտ»:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ 1915թ. Օսմանյան ուժերի իրականացրած զանգվածային սպանություններից հետո Հալեպը սրբավայր էր դարձել քրիստոնյա հայերի համար:
«Հայերը դարերով ապրել են Սիրիայում,- ասում է Լեհաստանի Ադամ Միկիվիչի համալսարանի ազգաբանության և մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմիեցինսկին:- Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ձևավորվել է մեծ սփյուռք: Այդ ցնցումների հիշողությունը նրանց մշակութային ժառանգության կարևոր մասն է»:
«Idea» հիմնադրամից Արմեն Մինասյանն ասում է. «Մենք առաջին ձեռքից գիտենք՝ ինչ է նշանակում փախստական»:
Նա նշում է, որ Սիրիան մեկ դար առաջ ընդունել է քրիստոնյա հայերի համայնքը, ինչն էլ հենց ընկած է ժամանակակից Հայաստանի՝ մոտ 10 հազար սիրիացի հայ փախստականների ընդունելու պատրաստակամության հիմքում:
Հայաստանի կառավարությունը քաղաքացիություն և աշխատանքի իրավունք է տալիս բոլոր այն սիրիացի փախստականներին, որոնք կարող են ապացուցել իրենց հայկական արմատները:
Հովհաննիսյանի ծնողները քաղաքացիություն են ստացել, երբ փաստաթղթեր են ներկայացրել առ այն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու անդամ են:
Հովհաննիսյանն ապրում է եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի և Վերգին Խաչատուրյանի հետ: Նրա ծնողներն ապրում էին Թուրքիայի հարավ-արևելքում, երբ սկսվեցին 1915թ. բռնությունները:
Նրանք Հալեպում բնակություն են հաստատել 1946թ., որտեղ ապրել են 70 տարի: Հովհաննիսյանի հայրն ընտանիքը պահել է Լիբիայում պարբերաբար աշխատանքի մեկնելու միջոցով:
Նախքան պատերազմը ո՛չ Վահեն, ո՛չ նրա ծնողները ոտք չէին դրել Հայաստան:
Փախստականի կարգավիճակով այստեղ գալը «թմրեցնող» էր:
«Իմ առաջին օրերը Երևանում շատ դժվար էին,- պատմում է Վահե Հովհաննիսյանը:- Չնայած ես գիտեի հայերեն, բայց չէի հասկանում, երբ մարդիկ խոսում էին ինձ հետ: Նրանք այնքան շատ ռուսերեն բառեր ու արտահայտություններ են օգտագործում իրենց խոսքում: Ես նախկինում երբեք ոչ մի ռուսերեն բառ չէի լսել կյանքումս»:
Հայաստանի թույլ տնտեսությունը, աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայությունը և տների բարձր վարձավճարները կյանքը դարձրել են իսկական մարտահրավեր:
«Նրանք ստիպված էին սկսել զրոյից և բնականաբար դժվարություններ ունեին,- ասում է Օքսֆորդի համալսարանի ասոցացված անդամ և սոցիոլոգ Հրաչ Չիլինգարյանը, որը մասնագիտացած է Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններում և հայագիտության մեջ:- Սիրիահայերի գլխավոր մարտրահրավերը Հայաստանում տնտեսական է»:
Շատերն աշխատանք են սկսել առևտրի ոլորտում:
Սակայն սիրիահայերի հոսքը հատկապես զգալի է ծառայությունների ոլորտում. Մայրաքաղաքում լայն տարածում են գտել սիրիական խոհանոց առաջարկող տասնյակ ռեստորաններ:
Սա հատկապես լավ նորություն է Հովհաննիսյանի համար, որը կարոտում սիրիական ուտելիքները:
«Երբ մենք կարոտում ենք սիրիական մշակույթը, մենք գնում են Երևանի սիրիական ռեստորաններ, որտեղ կան նույն սնունդը և մշակույթը, ինչ Հալեպում»,- ասում է նա:
Հովհաննիսյանը հաճախ աշխատում է օրական 12 ժամ Զարեհի հետ, որը նույնպես ոսկերիչ է:
Եթե կյանքը Երևանում օտար է թվում, ապա ոսկերչությունը պատկանելության որոշակի զգացողություն է առաջացնում:
«Ոսկերչությունը հայերի մասնագիտությունն է,- ասում է Հովհաննիսյանը:- Մեր նախնիներն այս մշակույթը բերել են իրենց հետ, երբ փախչում էին Արևմտյան Հայաստանից»:
Վահե Հովհաննիսյանը թողել է դպրոցը, երբ 13 տարեկան էր: Նրա մորեղբայրը, որը Բեյրութում ոսկերիչ էր, նրան համոզել է տեղափոխվել Լիբանան, որտեղ դեռ պատանի, նա սովորել է աշխատել թանկարժեք քարերով ու մետաղներով:
«Ես սիրում եմ այս արհեստը: Եթե ես ինձ փորձեի այլ ոլորտում, ես կհասնեի վարպետության այս մակարդակի»,- ասում է նա:
Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր էթնիկ հայեր, որոնք այստեղ են եկել Սիրիայից, աշխատում են որպես ոսկերիչ:
Հովհաննիսյանի արհեստանոցից մեկ հարկ վերև մեկ այլ սիրիահայ է՝ Վրեժ Սրապյանը, որը մանրակրկիտ կերպով արծաթե նռներով կախազարդեր է պատրաստում, յուրաքանչյուրը վաճառվում է 700 դրամով:
«Ես պետք է բնակարանի, արհեստանոցի վարձավճարը տայի, ապրելու փող աշխատեի,- ասում է Սրապյանը, որը Սիրիայից տեղափոխվել է 2011թ.:- Երեկ մենք արհեստանոցից դուրս ենք եկել երեկոյան 10:30-ին: Դա դեռ շուտ էր, երբեմն մնում ենք մինչև գիշերվա 1-ը»:
Հայ ոսկերիչների հիմնադրամի համահիմնադիր Պիեռ Աքելյանն ասում է, որ արհեստը «հայերի ԴՆԹ-ի մասն է»:
Աքելյանը, որը նույնպես մեծացել է Հալեպում, Մոնրեալ է տեղափոխվել 1970թ.:
«Մենք ոսկերիչներ ու մետաղագործներ ենք եղել անհիշելի ժամանակներից: Հայերն այնքան մոտ են ոսկերչությանը, որքան շվեյցարացիները ժամագործությանը»,- ասում է նա:
Երկու տարի առաջ, երբ սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն հաստատեցին Հալեպի վրա, կյանքը այնտեղ հանգիստ վերսկսվել է, բայց գլխիվայր փոխվել է հայկական համայնքը:
Վերջին հաշվով արդեն մոտ 8 տարի շարունակվող սիրիական պատերազմը պատճառ դարձավ շուրջ 70 հազար էթնիկ հայերի արտագաղթի: Այսօր այնտեղ մնացել են միայն 30 հազարը: Չնայած մեծ թվով հայեր վերադարձել են իրենց հայրենիք, տասնյակ հազարավոր հայեր այսօր սփռվել են ամբողջ աշխարհում՝ Լիբանան, Կանադա, Միացյալ Նահանգներ, Եվրոպա:
«Ամեն ինչ փոխվել է,- ասում է Հովհաննիսյանը, որը կորցրել է երբևէ Սիրիա վերադառնալու հույսը:- Մարդիկ, ում ես ճանաչում էի, այլևս այնտեղ չեն: Ոչինչ այլևս նույնը չի լինի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարճ հոդվածի տարբեր մասերում սիրիահայերի հայրենիքը մե՛կ Հայաստանն է դառնում, մե՛կ Սիրիան: Մեկ ասում են, որ վերադարձել են ՀՀ, այսինքն՝ Հայրենիք, մեկ էլ, թե՝ մինչ պատերազմը Հայաստան ոտք չեին դրել: Այսինքն, Հայաստանը սկսեց հետաքրքրել Սիրիայում իրադրությունը սրվելուց հետո միայն, մինչ այդ, ստացվում է, չէին էլ հիշում: Այ, էդ խասյաթը չսիրեցի ձեր մեջ, սփյուռքահայեր, որ հեշտությամբ հայրենիքներ եք ստեղծում ձեզ համար՝ ըստ առիթի: