«Իմ երկրի առաջին դեմքը հանդիպում և ձեռք է սեղմում մի մարդու հետ, ով ունի հակահայական դրսևորումներ, մոտեցումներ և հանդես է գալիս նման հայտարարություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը՝ խոսելով ադրբեջանամետ, ընդդիմադիր ռուս քաղաքագետ Նիկիտա Իսաևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել վարչապետի վերջին այցի ժամանակ Ռուսաստան: Հանդիպման մասին պարզ է դառնում Նիկիտա Իսաևի ֆեյսբուքյան էջից:
Նիկիտա Իսաևը մասնագիտությամբ իրավաբան է, ժամանակին զբաղվել է բիզնեսով, հիմա քաղաքական գործիչ է: Այս պահին ղեկավարում է «Новая Россия» հասարակական շարժումը, և Ռուսաստանի ընդդիմության առաջնորդն է:
«Նա հայտնի է իր ադրբեջանամետ ելույթներով: Կար ժամանակ, երբ նրան ընկալում էին որպես Ադրբեջանի քաղաքականությունը լոբինգ անող քաղաքական գործիչ Ռուսաստանում, որը զուգահեռ հանդես էր գալիս հակահայկական ելույթներով: 2017 թ.-ին, երբ նրան հրավիրեցին Հայաստան, նա մի ցինիկ գրառմամբ հանդես եկավ՝ ասելով, թե՝ չեմ հասկանում ինչու են ինձ հրավիրել Հայաստան, նրանք չեն կարդում կովկասյան լուրեր, կամ էլ հայերը կողմնակից են իմ գաղափարներին այդ պատճառով էլ հրավիրել են ինձ: Նույն գրառման մեջ նա նշել էր, որ ըստ իրեն՝ դեռևս 2017 թ.-ին Հայաստանում 82 տոկոս հակառուսական տրամադրություն էր»,- նշեց քաղաքագետը:
Վերջինիս խոսքով՝ Նիկիտա Իսաևը Ռուսաստանի քաղաքականությունը արտաքին աշխարհի հետ բացասական է գնահատում: Ըստ տիկին Հովսեփյանի՝ նա դեկտեմբերի 15-ին իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը վերջնականապես կորցրել է Հայաստանին, որովհետև դեկտեմբերի 9-ի ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարան անցած կուսակցությունների մեջ չկան պրոռուսական կուսակցություններ. «Ինչևէ այս գաղափարի հետ միգուցե կարելի է համաձայնել, բայց սա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը վերջնականապես կորցրել է Հայաստանին»:
Քաղաքագետը նկատեց, որ Իսաևը միշտ հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունները սրողի դերում, և նրա գնահատմամբ՝ պարոն Փաշինյանը երևի թե մոռացել է, որ այլևս ընդդիմություն չէ, այլ պետության առաջին դեմքն է. «հանդիպում և ձեռք է սեղմում մի մարդու հետ, ով տարիներ շարունակ նման գործունեությամբ է զբաղվել: Նրանք հանդիպման ժամանակ որոշել են ստեղծել հայ-ռուսական բանավիճային ակումբ, քանի որ ըստ Իսաևի՝ այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերությունները անկում են ապրում»:
Մարիամ Հովսեփյանի խոսքով՝ երկու օր անց Նիկիտա Իսաևը, հարցազրույց տալով media.az ադրբեջանական կայքին, նշել է, որ այդ ակումբում ուրախ կլինի տեսնել նաև ադրբեջանական կողմին, և եթե Ադրբեջանի ղեկավարությունը ընդունի այս առաջարկը, նա կողջունի այդ փաստը:
«Ես չեմ կարողանում հասկանալ պարոն Փաշինյանի դիրքորոշումը, որովհետև եթե մենք այդքան բաց ենք, պատրաստ ենք հասարակական գործիչների հետ հանդիպումների, ինչո՞ւ Հայաստանում չենք տեսնում հանդիպումներ հասարակական կազմակերպությունների շարժումների ղեկավարների հետ: Եթե մենք հանդիպում ենք Ռուսաստանում հասարակական շարժման ղեկավարի հետ, որը տվյալ իշխանությունների համար լուրջ սպառնալիք և ընդդիմություն է, ինչո՞ւ չենք անում դա նաև Հայաստանում»,- իր խոսքում ասաց քաղաքագետը: Վերջինս նկատեց նաև, որ եթե այդ հանդիպումը տեղի է ունեցել որոշակի խորհուրդներով, խորհրդատուները ամեն դեպքում լավություն չեն արել պարոն Փաշինյանին, իսկ եթե դա տեղի է ունեցել վարչապետի ցանկությամբ, ապա նպատակներն այստեղ պարզ չեն: Տիկին Հովսեփյանը հակված է վերջին տարբերակին, որովհետև ըստ նրա՝ փորձը ցույց տվել, որ Նիկոլ Փաշինյանը сам себе режиссер քաղաքականությամբ է ուղղորդվում:
«Սա միգուցե կարող է նուրբ առնչություն ունենալ այն բանի հետ, որ Փաշինյանը հայտարարել էր՝ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ուրբաթ առավոտյան Պուտինի մամլո խոսնակը հայտարարեց, որ նման հանդիպում պլանավորված չէ: Կարծում եմ՝ դիվանագիտության մեջ պարզապես կետեր և ստորակետեր չեն լինում, միգուցե սրանք փոխկապակցված գործողություններ էին. չհանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպեց ընդդիմության երիտասարդ ղեկավար Իսաևի հետ»,- հավելեց Մարիամ Հովսեփյանը:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ