ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տատի բնակարանից 25-ամյա երիտասարդի կողմից կատարած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի կեսերին Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տատի՝ Էջմիածին քաղաքի բնակչուհու բնակարանի ննջասենյակի հագուստի պահարանից նախապես գաղտնի վերցրել է նշված բնակարանի բանալին: 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում, տեղյակ լինելով, որ տատը բացակայում է տանից, նախապես վերցրած բանալիով բացել է բնակարանի դուռը, ապօրինի մուտք գործել և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին