Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ մի շոույի խնդիր չկար». Վարուժան Ավետիսյանի արձագանքը

Փետրվար 07,2019 17:16

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում ՊՊԾ խմբի գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, դատարանի դահլիճում հայտարարեց. «Երբ Արթուր Վանոյանի հիշատակի համար համազարկ տվեցինք, լիցքավորված ատրճանակները ես՝ որպես սպայի, հանձնեցի Ձեզ և նաև շարքային ընկերներին և տվեցինք համազարկ: Եթե իրոք պետական դավաճաններ էինք, ինչպես դուք եք արտաբերում, Ձեզ տրված էր հնարավորություն, մանավանդ տղաներից մարդ չկար, ինչի՞ համար մեզ տեղում չգնդակահարեցիք»:

Այնուհետև Պավլիկ Մանուկյանը, դիմելով Վալերի Օսիպյանին, ասաց. «Ես՝ անձամբ ինքս, Վարուժանը կամ տղաները, մի կոպիտ բառ, հենց քո հասցեին, մի թթու նախադասություն ասած կա՞նք»:

Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Դուք սպային վայել ձևով, կարգով, որ հուղարկավորում են, կազմակերպեցիք: Բայց դա շոու էր ընդամենը, քանի որ ես պահանջեցի, չէի ուզում դա անգամ անել, տեսա՝ հետևից նկարահանում էին: Խնդրեցի, պահանջեցի, որ չնկարահանեն: Ես մինչև այդ ձեզ խնդրեցի՝ որպես սպա ու տղամարդ, ասացի թույլ տվեք, իմ 19 տարվա ընկերն է, գնամ, մասնակցեմ հուղարկավորությանը, տղամարդու պես ասում եմ՝ կվերադառնամ, դուք ինձ թույլ չտվեցիք»:

Վալերի Օսիպյանը չժխտեց, որ լիցքավորված ատրճանակն իր ձեռքին է եղել: Պավլիկ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ դուք էիք դեմներս, բայց դարանակալված էին շենքում բոլորը՝ չորս կողմից: Իսկ վերաբերմունքը կոնկրետ Ձեր կողմից, Պավլիկ Մանուկյան, իմ հանդեպ եղել է ջղային, վիրավորանք չի եղել, վիրավորանք եղել է, բայց ոչ բոլոր տղաների կողմից: Բայց այնպես չի եղել, որ ես էլ եմ թույլ տվել, որ վիրավորեն»:

Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարձագանքի Վալերի Օսիպյանի այն հայտարարությունը, թե իրենց արածը շոու էր, երբ միասին համազարկ էին տալիս մահացածների պատվին:

Վարուժան Ավետիսյանը մեր հարցին ի պատասխան ասաց՝ ապագա ամբաստանյալ Վալերի Օսիպյանի՞ ու արձագանքեց. «Նա բացարձակ սուտասան է և լրիվ կեղծում է իրականությունը: Ոչ մի շոուի խնդիր էլ չկար: Մենք բոլորս էլ շատ ծանր ենք տարել այդ դեպքը, մինչև հիմա էլ ծանր ենք տանում և մարդկայինով, մանավանդ այդ պահին՝ այն ժամանակ, մենք փորձեցինք մեր ձեռքի եկածն անել այդ բարոյական հարթության մեջ ինչ-որ առումով մեր խիղճը հանգստացնելու համար, որ ցավալի զոհ է եղել: Անշուշտ, մենք չենք գնացել որևէ զոհ ունենալու նպատակով: Բայց Վանոյանն ինքն է առաջինը սկսել կրակել, անընդհատ կրկնել ենք՝ մի կրակեք, մի կրակեք, մենք չենք եկել ձեզ վրա կրակելու համար: Այնուամենայնիվ, նա կրակել է և վիրավորել տղաներից մեկին, և ստիպված պատասխան կրակ են բացել որպես ինքնապաշտպանություն, և ցավալի զոհ է եղել: Ու մենք մինչև հիմա էլ ցավում ենք այդ զոհի համար և ընդհանրապես բոլոր զոհերի համար: Մյուս երկու ոստիկաններին ռեժիմն է սպանել: Նման բան լինել չէր կարող, այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ էր, ուրիշ հոգեբանական միջավայր, Օսիպյանը կեղծում է ամեն ինչ»:

Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե խնդրել է թույլ տալ հրաժեշտ տալ իր 19 տարվա ընկերոջը՝ թույլ չեն տվել, Վարուժան Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Ես նման բան չեմ հիշում, որ ասել է՝ գնամ, իմ ընկերոջ թաղմանը մասնակցեմ: Հետո, բոլորս ենք հասկանում՝ ինչ իրավիճակ էր այդ ժամանակ: Բայց նման բանով նա չի դիմել. չի եղել նման բան»:

Մեր հարցին՝ ի՞նչ հիմքով է Վալերի Օսիպյանին ապագա ամբաստանյալ համարում, Վարուժան Ավետիսյանը, որը հիմա է ամբաստանյալ՝ պատասխանեց. «Օսիպյանը հանցավոր համակարգի կատարածու է եղել տարիներ շարունակ: Նա ջարդարար է. կին ու երեխա է ծեծել, զոհվածների մայրերին է հրահանգել քարշ տալ փողոցով, բռնություն է գործադրել մեր ժողովրդի վրա ապօրինաբար, նա հանցավոր բանդայի կատարածու է, որ բանդայի հետ միասին պետք է նստի անցումային արդարադատության երկար նստարանին մյուս ամբաստանյալների հետ միասին: Անցումային շրջան է, պատահում է այդպես, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները սպրդում են կառավարման համակարգ, բայց դա ժամանակավոր երևույթ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728