Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է բնակվում ու ի՞նչ ունեցվածք ունի Շիրակի նորանշանակ մարզպետը

Փետրվար 07,2019 16:56

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն էր. նախքան լրագրողների հետ հանդիպելը, նա արդեն իսկ հանդիպել ու ծանոթացել էր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, անգամ քաղաքացիների էր ընդունել։

Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ խոսեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակից, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից, նաև հաստիքների կրճատման թեմայից։

«Մենք երեկ խոսել ենք պարոն վարչապետի հետ մարզում իրականացվելիք քայլերի մասին. անչափ մտահոգիչ է մարզում անօթևանության և աղքատության հետ կապված խնդիրը։ Մենք ունենք դեպքեր, երբ հումանիտար աղետի եզրին են մարդիկ, ընտանիքները, մենք ունենք այդ իրավիճակը։ Եվ այդ իրավիճակը մարզի զարգացման, առաջ գնալու ֆոնին նեգատիվ է արդեն։

Առաջնահերթությունը մեր պարագայում անօթևանության և աղքատության խնդիրներն են։ Այստեղ՝ մարզպետարանում, շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցել ենք մարդիկ, որոնք եկել էին խնդրելու կանխիկ դրամ։ Նույնիսկ ոչ թե համապատասխան գրություն տալու, համապատասխան կառույցների աշխատակազմի կողմից աշխատանքային գործընթացն անցնելու, այլ կանխիկ գումար էին խնդրում։ Շատ ծանր դեպքեր են իհարկե, մենք առաջարկեցինք տալ դիմում և սպասել համապատասխան գործընթացի, իրենք հրաժարվեցին։ Տեսեք այս խնդիրները շատ խորացել են, այս խնդիրները կոմպլեքս լուծում են պահանջում, նույնիսկ մարզպետարանը, պետությունն այս խնդիրներին մոտ գնալու շատ մեծ ռեսուրսներ չունի, մենք եթե այսօր չենք մոբիլիզացնում ամբողջ այս ոլորտի ռեսուրսները՝ քաղհասարակության, անհատ բարերարների և մեր հանրության թաքնված ռեսուրսները… Մեր հանրությունն ապացուցել է, որ սիրո ու սրտացավության շատ մեծ պաշար ունի», -ասաց Տիգրան Պետրոսյանը։

Կլինե՞ն կադրային փոփոխություններ մարզպետարանում: «Կադրային փոփոխությունների հետ կապված, գիտեք, ընդհանրապես պետական կառավարման համակարգի, նաև նախարարությունների հետ կապված մոտեցում կա, այս փուլում բոլորիդ հայտնի է, նաև օպտիմալացում բառն է օգտագործվում, նաև մարզպետարաններին է առնչվելու, բայց ծավալների հետ կապված գործընթացը քննարկման մեջ է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Aravot.am-ը նրան խնդրեց նախքան բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը, տեղեկացնել, թե որտե՞ղ է բնակվում, ի՞նչ գույք ունի։

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ աշխատանքի կգա՞ ծառայողական մեքենայով, թե՞ ոտքով։ Շիրակի մարզպետն ասաց, որ քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում (խոսքը Մսի կոմբինատ թաղամասի մասին է, որտեղ, ի դեպ, տրանսպորտը նորմալ չի աշխատում Ա.Ն) բնակվելու ու նաև ճանապարհների ոչ բարեկարգ լինելու պատճառով կօգտվի ծառայողական մեքենայից, սակայն մեր հարցը ընդունեց որպես խորհուրդ առողջ ապրելակերպի համար։ Շիրակի մարզպետն ասաց, որ բնակվում է քարաշեն շենքում։

Նա նշեց, որ իր ու իր ընտանիքի անդամները պատրաստվում են հիպոթեքային վարկով տուն վերցնելու, որը նախատեսել էին դեռ նախորդ տարի: Ունի անձնական մեքենա` «Toyota Ipsum» մակնիշի,, որը, սակայն, նոր չէ, ավելի քան 10 տարվա է։

Մեր հարցին՝ կշարունակի՞ դասավանդել Շիրակի պետական համալսարանում, Տիգրան Պետրոսյանն ասաց, որ փոքր ծավալի առարկա է դասավանդում, որը չի խանգարի իրեն մարզպետի լիազորություններ իրականացնելու։

Նա անդրադարձավ նաև մի քանի փոխմարզպետներ, օգնականներ, խորհրդականներ պահել-չպահելու խնդրին, այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728