Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թոշակի անցած զինծառայողները ՊՆ-ից իրենց բնակարաններն են պահանջում

Փետրվար 07,2019 16:47

«Պաշտպանության նախարարությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում բանակից զորացրված զինծառայողների նկատմամբ: Մեր խնդիրներն այլեւս ոչ ոքի չեն հետաքրքրում: Սահմանին կանգնած զինվորը, տեսնելով նման վերաբերմունք, ինչպե՞ս է շարունակելու ծառայությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին զինվորական ծառայությունն ավարտած զինվորականները: Նրանք հավաքվել էին կառավարության առաջ՝ պահանջելով տեր կանգնել բնակարանով ապահովելու խոստումներին:

Զինծառայությունն ավարտած քաղաքացիները դժգոհ են կառավարության նոր որոշումից, որով ոչ թե բնակարան է տրամադրվելու, այլ՝ գումար, այն էլ մարզերի եւ մայրաքաղաքի զինծառայողների համար այդ գումարի չափն էական տարբերությամբ է լինելու:

«Վարդենիսցու ու երեւանցու միջեւ խտրականություն են դնում: Վարդենիսի զինծառայողին տալիս են 100 տոկոս փոխհատուցում, երեւանցուն՝ 50 տոկոս: Կամ՝ ասում են հող տրամադրենք, տուն կառուցեք, ինչո՞վ կառուցենք, թոշակով ինչպե՞ս կարող ենք տուն կառուցել»,-նշում էին ցույցի մասնակիցները:

Ցոլակ Խաչատրյանի խոսքով, զինծառայողները պահանջում են իրենց բնակարանները եւ կապ չունի մարզից են, թե մայրաքաղաքից:

«Մարդիկ, ծառայության անցնելով, կնքել են պայմանագիր: Այսինքն՝ մենք անցնում ենք աշխատանքային պայմանագրի: Պետությունը՝ որպես գործատու, զինծառայողը՝ աշխատող եւ այսօր մարդիկ պահանջում են պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարել»:

Դավիթ Սոֆիյանի խոսքով՝ իրենց որոշ ընկերներ իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:

Զինծառայությունն ավարտած քաղաքացիների համոզմամբ, կառավարությունը բնակարանի տրամադրման պայմաններում փոփոխությունը կատարել է, որպեսզի ավելի մեծ թվով զինծառայողների կարողանա ապահովել, սակայն այդ եղանակով բնակարանի հարցը չի լուծվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728