Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթ»-ի պարտքերի ցուցակում հայտնված խանութպանները չեն պատրաստվում իրենց վրա բարդած գումարները վճարել

Փետրվար 07,2019 16:29

«Աշտարակ կաթ» ընկերության հետ համագործակցած մի խումբ տնտեսվարողներ, որոնք տարիներով ընկերության արտադրանքն են վաճառել, այսօր կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանք իրենց հարցերի պատասխանները փորձում են կառավարությունից ստանալ, սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին խանութների սեփականատերերը, կառավարության աշխատակազմում չեն ցանկանում իրենց դիմումները քննարկման առարկա դարձնել՝ խանութպաններին ուղղորդելով դատարաններ: Մի շարք տնտեսվարողների գործեր արդեն դատարաններում են:

«Աշտարակ կաթ»-ի կաթնամթերքը վաճառող խանութների սեփականատերերը, որոնք ընկերության ապրանքները մատակարարող առաքիչների հետ աշխատել են կանխիկ եղանակով, այսինքն՝ ապրանքը ստացել են եւ գումարը տեղում վճարել, պատահաբար պարզել են, որ հաշիվների վրա կալանք է դրված, քանի որ տնտեսվարողները ընկերությանը հարյուր հազարների պարտքեր ունեն:

Նարինե Կարապետյանի Ա/Ձ-ն արդեն քանի ամիս է փակված է, սակայն տիկին Կարապետյանին էլ դատարանից թուղթ է եկել, որ պարտքեր ունի: «Աշտարակ կաթի»-ին ոչ մի լումա պարտք չեմ, բայց 521 հազար պարտք են գրել»,-ասում է Նարինե Կարապետյանը, որը նույնպես կառավարության մոտ փորձում էր պարզել, որտեղից են այդ պարտք-գումարները գոյացել:

Մինչդեռ կաթնամթերքի առաքիչը գրել՝ ստորագրել է, որ 2010-ից 2017 թվականները աշխատել է Նարինե Կարապետյանի հետ, եւ մատակարարված ապրանքի դիմաց գումարները ստացել է տեղում եւ ոչ մի պարտք ու պահանջ տվյալ ձեռներեցի հետ չունի:

«Սա, կլասիկ խարդախության մոդել է, թող գնան իրենցից փողերն ուզեն, որոնք կերել՝ փախել են: Եկել կպել են այս խեղճ ժողովրդին»,-կարծում է տիկին Կարապետյանը:

Տնտեսվարող Արարատ Գիժլարյանի խոսքով, առաքիչին կանխիկ վճարել են, այդ մասին վկայող փաստաթղթեր կան, սակայն դատարանը անդորրագրեր է պահանջում, որոնք «Աշտարակ կաթ» ընկերությունը խանութներին երբեւէ չի տվել:

«Բոլոր ֆակտուրաներում գրված է կանխիկ: Ընկերությունը լիազորել է, որ առաքիչն այդ գումարները ստանա կանխիկ, մենք էլ այդ գումարները տվել ենք: Առաքիչի անուն ազգանունն էլ է գրված՝ ով է մեզ առաքում կաթնամթերքը: Մենք «Աշտարակ կաթի» հետ եկել ենք համաձայնության, որ կանխիկ վճարենք, որ ուզեին փոխանցումով այդպես կաշխատեինք, բայց համաձայնե՞լ է չէ ընկերությունը եւ լիազորել է, որ նրանց կանխիկ ենք վճարել: Դրամարկղի գիրքը գտնվում է «Աշտարակ կաթի» հաշվապահությունում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Աշտարակ Կաթի գործողությունները ամենամեծ ,,աֆերան,,է,որ կարելի է իրականացնել:Նրա առաքիչները հաջորդ անգամ ոչինչ չեին տա,եթե նախորդը վճարված չլիներ:Նույն օրը,կամ հաջորդ առավոտյան նրանք գումարը ստանում էին:Դա մտածված ,,մանիպուլյացիա է,,:Որպեսզի ,,չկիսվեն,,,ստացված գումարները գրպանել են,,,կրիշին,,ցույց տվել,որ գումարները իբր չեն ստացել:Երբ իրենց անհրաժեշտ գումարը վերցրել են սննկացման գործընթաց են սկսել՝ազատվելու հարկեր վճարելու պարտավորությունից:Հեղափոխությունից հետո որոշել են ինչու?երկրորդ անգամ չստանալ մեծ փողեր՝մանավանդ,որ կիսվելու հարց էլ չկա՝թե?կա….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728