Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Ամեն հիմնարկ կստանա այնքան գումար, ինչին ինքն արժանի է»

Փետրվար 07,2019 15:26

«Նոր կառավարության ծրագրում գիտության «մասով» բավականին մեծ կետեր են մտել, որոնք գովելի են: Մասնավորապես առաջիկա 5 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ ենք տանելու գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, պետք է այնպես անենք, որպեսզի տրամադրվող միջոցներն ուղղվեն երկրի տնտեսության կարիքներից բխող եւ երկրի պաշտպանական խնդիրները լուծելու համար»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` փետրվարի 7-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում:

Նա կարեւորեց երիտասարդ գիտնականների դերակատարությունը, ընդգծեց, որ թեեւ Հայաստանում երիտասարդ գիտնականների համար կան բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք բավարար չեն: Խոսեց նաեւ Սփյուռքի հնարավորությունները ոչ լիարժեք օգտագործելու մասին:

Սամվել Հարությունյանը նշեց, որ առաջիկա 5 տարիներին կփորձեն Սփյուռքի հայազգի գիտնականների ներուժը ծառայեցնել ՀՀ-ի հզորացմանը, ասաց, որ բավականին թույլ է գիտություն-կրթություն կապը: Նրա խոսքով, այս պահին ԿԳ նախարարության հետ համատեղ համապատասխան սխեմաներ են մշակում:

Գիտպետկոմի նախագահը նշեց, որ 2019 թ. աշխատանքներ են տանելու մի շարք օրենսդրական խնդիրներ լուծելու ուղղությամբ. «Ուրախ ենք, որ վերջապես համաձայնություն եղավ Բարձրագույն կրթության եւ Գիտության օրենքները միավորելու ուղղությամբ: Շատ հաճախ դրանց առանձին կետեր իրար հակասում էին եւ խանգարում, այսինքն՝ տարանջատելը սխալ էր»:

Հարությունյանը խոսեց նաեւ գիտության ոլորտի օպտիմալացման եւ կառուցվածքային փոփոխությունների ծրագրից: Ասաց, որ գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազմաթիվ մրցույթներ են կազմակերպելու, ինչպես դա արել են նախորդ տարիներին: Ի թիվս այլնի, անդրադարձ եղավ իտալացիների հետ համագործակցությանը, որտեղ որպես գերակա թեմաներ կընտրվեն հայագիտական ոլորտի ուսումնասիրությունները:

Պարոն Հարությունյանը հավելեց, որ կշարունակվի համագործակցությունը Բելառուսի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ: Հատկապես ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում է համագործակցությունը:

Խոսելով գիտական կազմակերպությունների կատարողականի հիման վրա ֆինանսավորման մասին, Սամվել Հարությունյանը նշեց. «Բազային ծրագրերը մեզ մոտ միշտ իրականացվել են մրցույթների տեսքով: Բազային ծրագրերի ընտրության համար միշտ ստեղծված է եղել միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը եղել է ԿԳ նախարարը, հանձնաժողովում ընդգրկված են եղել գիտպետկոմի նախագահը, ակադեմիայի նախագահը եւ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ: Այս կամ այն նախարարության ենթակա յուրաքանչյուր հետազոտական հիմնարկ ներկայացրել է իր բազային ծրագրերը, պաշտպանել, դրանք քննարկելուց հետո նոր որոշում է կայացվել ֆինանսավորման վերաբերյալ:

Իսկ ի՞նչ բան է կատարողականի հիման վրա ֆինանսավորումը: Միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով անցկացվող մրցույթում կոնկրետ թվային չափորոշիչներ չկային այս կամ այն հիմնարկի աշխատանքները գնահատելու համար; Կատարողականների հիման վրա ֆինանսավորումը նշանակում է հետեւյալը. մենք ունենալու ենք համապատասխան թվային չափորոշիչներ հիմնարկի գործունեությունը գնահատելու համար:

Հաշվի են առնվելու հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի գոյությունը, նյութատեխնիկական ապահովության աստիճանը, գիտական արդյունքների առեւտրայնացման խնդիրը, միջազգային դրամաշնորհների առկայությունը եւ այլն: Ըստ այդ միավորների կորոշվի հիմնարկների կատեգորիան, եւ ըստ այդմ էլ ֆինանսավորումները կլինեն տարբեր: Որոշել ենք հիմնարկները բաժանել 4 կատեգորիաների»:

Գիտպեկոմի նախագահը համոզված է. «Ռեյտինգային ֆինանսավորման պարագայում մենք կունենանք հավելյալ գումարներ, գումարների արդարացի բաշխում կկատարվի: Ամեն հիմնարկ կստանա այնքան գումար, ինչին ինքն արժանի է: Հույս ունենանք, որ կունենանք հավելյալ գումարներ` նոր մարդկանց աշխատանքի ընդունելու համար»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728