Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամեն կառավարություն ինքն է որոշում, թե ինչը շեշտադրի ու ինչ չափով». Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի մասին

Փետրվար 07,2019 15:19

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ-ում հանդիպման է: Թե ինչ հարցեր են քննարկվելու՝ պարգեւավճարներ, «Հարկային օրենսգիրք», առայժմ չեն մանրամասնում, իսկ հանդիպումը դռնփակ է:

Լրագրողների հետ զրույցում, հարցին՝ կառավարության ծրագիրը քննադատում են՝ ասելով, որ կոնկրետ թվեր չկան, օրինակ, չի ներկայացված, թե աղքատությունը քանի տոկոսով են կրճատելու, գործազրկությունը՝ քանի տոկոսով՝ պարոն Ջանջուղազյանը պատասխանեց, որ օրինաչափ է որեւէ ծրագրի քննադատությունը: Ըստ նրա, տեսակետը, որ կառավարության ծրագրում պետք է մենակ թվեր լինեն, կամ տեսակետը, որ եթե ինչ-որ թիվ չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող ընդունվել, որովհետեւ ներկայացվող ծրագրին պահանջներ չկան, ամեն կառավարություն ինքն է որոշում, թե ինչը շեշտադրի ու ինչ չափով:

Դիտարկմանը, որ ձեր ընդդիմախոսները նշում են, որ այդ թվերը չկան ու մանեւրելու հնարավորություն կա՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ընդհանրապես այս կամ այն թվերի չլինելը, որեւէ մեկի ճաշակով որեւէ թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին այդպիսի գնահատական տալը առնվազն լրացուցիչ ճշգրտման կարիք ունի: Պատասխանատվությունից խուսափելու մասին այստեղ խոսելը տեղին չի»:

Հարցին՝ կառավարության ծրագրի իրականացման արդյունքում հասարակությունն իր կյանքի որակի վրա փոփոխություն կզգա՞՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Մենք պիտի այնպես անենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դա: Ասածիս մեջ մեծ ռիսկ կա, որովհետեւ ունենալ այնպիսի իրավիճակ, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը, հավանաբար ավելի շատ ցանկությանն է մնում, քան իրականում կարելի է անել: Բայց գոնե ընկալումը, որ արդարաբար է այն, ինչ տեղի է ունենում եւ եթե ինչ-որ մեկը պակաս չափով է դա զգացել, այդտեղ նա ունի իր մասնաբաժինը… կարծում եմ, հուսով եմ, որ այդ մտածելակերպի ու ընկալման փոփոխությանը կհասնենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պաշտոնական հարցումներին ի պատասխան ստացվել է, որ մոտ կես մլն դոլարի պարգեւավճարներ են բաժանվել ֆինանսների նախարարությունում, շատ չե՞ք համարում դա՝ նախարարը պատասխանեց. «Մեր երկրում լավ կլինի, որ դրամային արտահայտությամբ ասեք, եւ շատն ու քիչը ես չէ, որ պետք է համարեմ»: Նա հորդորեց առաջնորդվել օրենսդրությամբ ու տեսնել, թե «Բյուջեի մասին» օրենքով ֆիննախի պարգեւավճարների համար ինչքան գումար է նախատեսված եղել. «Ավել չի վճարվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728