Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թևածող կարծիքները՝ եթե նեղացնեք Պուտինի մոտ ընկերոջը, ապա Ռուսաստանը չի ների, ինֆորմացիոն սպեկուլյացիա է և չի համապատասխանում իրականությանը. Ալեքսանդր Կռիլով

Փետրվար 07,2019 14:54

Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համատեղ մոսկովյան կլոր սեղանը, ըստ էության, ռուս-հայկական հանրային երկխոսության առաջին քայլերից մեկն է, որը տեղի է ունենում Հայաստանի նորընտիր խորհրդարանականների և նրանց ռուսաստանյան գործընկերների միջև, սակայն, հագեցած օրակարգով այդ կլոր սեղանի շուրջ, որը կրում էր «Հայաստանը և Ռուսաստանը նոր քաղաքական իրողություններում» խորագիրը, հավաքվել էին ոչ միայն հայ և ռուս խորհրդարանականներ, այլ նաև քաղաքական վերլուծաբաններ, հասարակական գործիչներ, դիվանագետներ և լրագրողներ:

«Դիալոգ»  կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը բացման իր խոսքում ընդգծում է՝ չնայած այն փաստին, որ Հայաստանի նոր իշխանության և Ռուսաստանի միջև արդյունավետ երկխոսությունը երբեք էլ չի ընդհատվել, սակայն, կարևոր է այդ երկխոսությանը տալ համակարգային բնույթ, ինչին էլ փաստացիորեն նպատակ ունի նպաստել է իրենց կազմակերպությունը:

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ վարչության փոխտնօրեն Իգոր Գրոմիկոն էլ արձանագրում է, որ նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը մոտ կես տարվա ընթացքում չորս անմիջական հանդիպում են ունեցել՝ չհաշված միջազգային տարատեսակ հարթակներում տեղի ունեցած շփումները նրանց միջև և դա խոսուն ապացույց է այն բանի, որ Ռուսաստան-Հայաստան փոխգործակցության տեմպերը նոր թափ են հավաքում:

Գրոմիկոն ներկայացնելով երկու երկրների միջև համագործակցության ընդգրկուն շղթան, որտեղ ակտիվ զարգանում են գործընթացները էներգետիկայի, ռազմա-քաղաքական, առևտրային, կրթության, բնապահպանության, բժշկության և հումանիտար կապերի ոլորտներում, մատնանշում է, որ ամենակարևորը ռուս-հայկական փոխգործակցության մեջ, գլոբալ մարտահրավերների նկատմամբ համատեղ լուծումներ գտնելն է:

Կլոր սեղանին ներկա ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն էլ կարևորելով նմանատիպ հանդիպումները, նշում է, որ հաճախ հանրային դիվանագիտության հարթակներում են մշակվում և արդյունավետ լուծումների տարբերակներ ի հայտ գալիս այս կամ այն իրավիճակի հետ կապված և ընդգծում է, որ չնայած որոշ վերլուծաբանների թերահավատ գնահատականներին, կլոր սեղանին ներկա Հայաստանի խորհրդարանի բոլոր՝ և’ իշխող, և’ ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը խոսում է այն մասին, որ այդ թերահավատության համար հիմքեր չկան և, որ Հայաստանի նոր քաղաքական ուժերը և իշխանությունը նույնքան կարևորում են Ռուսաստանի հետ երկխոսությունը:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն էլ ընդգրկուն վերլուծություն կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, որտեղ, ըստ նրա, տեղի ունեցող զարգացումները մեծապես կախված են Հայաստանի քաղաքական նոր վերադասավորումներից և Հայաստանը, ըստ էությանը, կարող է նպաստել կամ խանգարել տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, անդրադարձ է կատարում նաև հայ-ռուսական տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակին:

Կռիլովի պնդմամբ, ռուսական վերլուծական և լրատվական հարթակներում այսօր էլ կարող ես հանդիպել կարծիք, որ Հայաստանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր, և ահա այս թյուր կարծիքը չեզոքացնելու հարցում է, որ հաճախակի բնույթ պետք է կրեն նմանատիպ միջոցառումներն ու երկխոսությունները, սակայն, ըստ քաղաքագետի, միջոցառման կայացման փաստը միայն բավական չէ: Լուրջ աշխատանք է պետք տանել նաև օբյեկտիվ ու բազմակողմանի լրատվության սիստեմատիկ տարածման ուղղությամբ, քանզի բնական է, որ այսօր Հայաստանի ներքաղաքական հարթակում կան ուժեր, որոնք իրենց սեփական ինֆորմացիոն գիծն են առաջ տանում՝ նպաստելով նեգատիվ տեղեկատվական ֆոնի ձևավորմանը, և միայն օբյեկտիվ լրատվության տարածման դեպքում չեն թևածի այնպիսի կարծիքներ, թե՝ եթե նեղացնեք Պուտինի մոտ ընկերոջը, ապա Ռուսաստանը դա չի ների, ինչը ըստ էության ինֆորմացիոն սպեկուլյացիա է և չի համապատասխանում իրականությանը:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728