ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր խոսելով ցմահ դատապարտյալների խնդրից հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Դրոյի» գործով կան սպիտակ թելեր եւ այլ դաշնակցականներ այսօր պետք է լինեին այնտեղ նստած, ոչ Արմենակ Մնջոյանը կամ Արսեն Արծրունին»:
Անդրադառնալով ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու վերջին փորձին եւ Մհեր Ենոքյանի շուրջ առաջացած աղմուկին, տիկին Զոհրաբյանն ասաց` ցավոք, մեկ մարդու վերաբերյալ արտահոսքը խանգարեց առնվազն մի քանի ցմահ դատապարտյալների, որոնք այս տարիների ընթացքում իսկապես զղջացել էին: Մանավանդ, առկա է նաեւ տուժողների իրավահաջորդների համաձայնությունը նրանց ներում շնորհելու մասին. «Մենք ունեցանք, իմ կարծիքով, հետնահանջ»:
Բանակում կատարված սպանությունների գործով եւս, ըստ նրա, լրջագույն խնդիրներ կան: Հիշեցնում է մի օրինակ, երբ զինվորը սպայի կողմից անարգանքի ենթարկվելու համար է սպանություն գործել, բայց նա արդեն 20 տարի նստած է եւ իրավունք ուներ ներման արժանանալու:
Ասում է՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հիմա շատ վատ բարոյահոգեբանական վիճակում է, քանզի վստահ էր, որ ինքը ներման կարժանանա: Մանավանդ, որ ինքը սպանության մասնակից չի եղել, մարդ չի սպանել:
«Նույն Արմենակ Մնջոյանի դեպքում (Դրոյի գործով ցմահ դատապարտյալ-Ն. Գ.), որ ամեն օր ահազանգ է եղել, որ «Դրոյի» գործով կան սպիտակ թելեր եւ այլ դաշնակցականներ այսօր պետք է լինեին այնտեղ նստած, ոչ Արմենակ Մնջոյանը կամ Արսեն Արծրունին»,-ասաց նա` հավելելով, որ չի ցանկանում նիստը տեղափոխել քաղաքական հարթություն, բայց բոլոր այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովում քննարկումներ կունենան:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ