Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այդ մարդը այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ». Ալումյանը՝ Քոչարյանի դեմ ցուցմունքի մասին

Փետրվար 07,2019 13:13

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ դուք ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանը պոստ ֆակտում է տեղեկացել մարտի 1-ի գործողությունների մասին՝ առավոտյան աշխատանքի գալուց հետո, մինչդեռ Անահիտ Բախշյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին «Ժառանգությունից» զանգել են ու տեղեկություն են ստացել, որ նման գործողություն է նախապատրաստվում, այսինքն, ստացվում է, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, Ռոբերտ Քոչարյանը ո՞չ: Ալումյանը պատասխանեց. «Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք, եթե ես սկսեմ մեկնաբանել, թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ պաշտպանության այն նախարարին, որին ինքը նշանակել է, հանդիսանում է ՌԴ քաղաքացի ու Սահմանադրության խախտմամբ է նշանակվել նախարար՝ Ալումյանը պատասխանեց. «Ես լսել եմ, որ Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, բայց ո՞ր թվականից է ՌԴ քաղաքացի, դրա պատասխանը չունեմ, պարոն Քոչարյանի հետ չեմ քննարկել այդ հարցը: Պարոն Հարությունյանը, եթե չեմ սխալվում, 92-ից ՀՀ ԶՈՒ-ում զբաղեցրել է բավականին բարձրաստիճան պաշտոններ, ընդ որում, շտաբի պետի առաջին տեղակալ, շտաբի պետ, ինչը ենթադրում է, որ պիտի լիներ ՀՀ քաղաքացի: Հետո հաշվի առեք, որ ՀՀ նախագահն ինքն անձամբ չի ստուգում քաղաքացիությունը՝ այդ մարդուն ինչ-որ պաշտոնի նշանակելիս: Թե երբ է պարոն Հարությունյանը ստացել ՌԴ քաղաքացիություն, ես չեմ կարող մեկնաբանել…ՀՀ նախագահը, որպես կանոն, ես չեմ պատկերացնում, որ այդքան ժամանակ ունենա, որ սկսի անձամբ ստուգել, թե ով է ՌԴ կամ ՀՀ քաղաքացի: Դրա համար կան մարդիկ, ովքեր դա ստուգում են, համապատասխան հրամանագիրը պատրաստում են եւ վիզաները դնում են դրա վրա: Որեւէ պատճառ ենթադրելու, որ կարող է պատահի 6-7 տարի ամենաբարձրաստիճան պաշտոնները զբաղեցնող ու ՀՀ քաղաքացու պարտադիր պահանջ պարունակող պաշտոններ զբաղեցնողը, որ հանկարծ պարզվի, որ ՀՀ քաղաքացի չի, որեւէ մեկը այդ պահին չէր կարող ենթադրել»:

Ալումյանն ասել էր, որ բարձրաստիճան սպաների ցուցմունքներ են կցված Քոչարյանի գործին: Հարցին՝ այդ ցուցմունքների հետ Քոչարյանը համաձա՞յն է՝ Ալումյանը պատասխանեց, որ ցուցմունքների բովանդակության մեծամասնության հետ համաձայն են, եթե սրանք են այն ցուցմունքները, որոնք ապագայում դատարանում Քոչարյանի դեմ պետք է օգտագործվեն, ապա շատ կուզենան, որ հնարավորինս շուտ լինի դա, որ բոլորը տեսնեն: Հարցին՝ կա՞ն ցուցմունքներ, որ ակնհայտ կեղծիք են պարունակում՝ Ալումյանը պատասխանեց. «Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի մի հատված, որը նաեւ հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ, որը, մեր գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում եւ այդ մարդը այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»:

Թե ով է այդ պաշտոնյան, Ալումյանը չպարզաբանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728