Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անցած ամռանն ով չէր ալարում՝ վերլուծում ու հաշվարկում էր, որ գազի գինը բնակչության համար կարող է նվազել 20 դրամով. «168 ժամ»

Փետրվար 07,2019 13:06

Անցած ամռանն ով չէր ալարում՝ վերլուծում ու հաշվարկում էր, որ գազի գինը բնակչության համար կարող է նվազել 20 դրամով։ Իշխանությունները համարյա խոստանում էին, որ դա հնարավոր է ներքին վերահաշվարկների հաշվին։ Եթե չեմ սխալվում՝ նշվում էր, որ համապատասխան հանձնաժողով է ձևավորվել այդ նպատակով։ Բայց պարզ չեղավ՝ իրականում կա՞ր, թե՞ ոչ նման հանձնաժողով։ Փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց կարծիք, որ գազը կէժանանա նաև սահմանին։

Հետո պարզվեց, որ այս տարվա սկզբից գազը սահմանի վրա թանկացավ 10 տոկոսով (կամ՝15 դոլարով)։ Իշխանություններն արագ խոստացան, որ գազն էժանանալու հեռանկարը հետաձգվում է, ու որպես բարի լուր՝ ասացին, որ ներքին սպառողների համար սակագինը չի բարձրանա։ «Ո՞վ և որտեղի՞ց է վճարելու 15 դոլարը» հարցը մնաց անպատասխան։ Ավելի ճիշտ՝ իշխանությունները պնդում էին, որ գազամատակարար ընկերությունն այն կվերցնի իր վրա։ Իսկ «Գազպրոմ Արմենիան» լռում էր։

Երեկ պարզ դարձավ, որ այս հիմնարկությունն առայժմ բանակցությունների մեջ է։ Ավելին՝ պարզվում է, որ կառավարության հետ բանակցությունները կարող են շարունակվել երկու ամիս։ Հակառակի պես՝ մեր երկրում գազի սպառման պիկը հենց տարվա առաջին ու վերջին եռամսյակների հետ է համընկնում։ Ու այդ հարցում մենք ոչ մի մեղք չունենք։ Դրա պատճառն այն տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն են, ուր գտնվում է մեր երկիրը։

Ի՞նչ գիտենք մենք գազի սակագնի մասին։ Սահմանին նախկինում 150 դոլար արժեցող գազը բնակիչներին մատակարարվում էր 290 դոլարով, խոշոր սպառողներին (ամսական 10 հազար խորանարդից ավելի սպառողներ)՝ 242 դոլարով, իսկ ջերմոցներին ու վերամշակող ընկերություններին՝ 212 դոլարին համարժեք գումարով։ Փաստորեն, բնակիչների համար ներքին շուկայում գազի գինը համարյա կրկնապատկվում էր, իսկ մյուս սպառողների համար՝ թանկանում 40 տոկոսի չափով։ Հիմա այս թվերը մնացել են նույնը՝ բացառությամբ առաջինի։

Սակագնի մասին գիտեինք նաև, որ այն իր մեջ ներառում է չորս տոկոսանոց կորուստ, ինը տոկոսանոց սպասարկման ծառայության վարձ, վեց տոկոսանոց շահութաբերություն և 3 տոկոսանոց մաշվածություն։ Այս թվերը, որ ժամանակին, կարծեմ, ընդունվել են ՀԾԿՀ կողմից՝ չափազանց համեստ են։ Այս թվերից պարզ հաշվարկելի է, որ խնայողության որևէ աղբյուր չկա։ Եթե, իհարկե, մոռանանք վերջին շաբաթների մեր սիրելի զբաղմունքը։ Խոսքն ուրիշի գրպանի փողերը հաշվելու մասին է, որ «մոդա ընկավ» պարգևավճարների թեմայից հետո։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728