Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը հորդորում էր Նիկոլ Փաշինյանին ապահովագրե՞լ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդումից

Փետրվար 07,2019 15:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը

– Նախօրեին Սամվել Բաբայանը հայտարարեց Արցախի նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին: Նրա պարզաբանումներից տպավորություն էր, որ իր այս քայլը, այսպես ասած, համաձայնեցված է Հայաստանի նոր իշխանության հետ, կամ գոնե ՀՀ նոր իշխանությունները դրական են վերաբերվում Սամվել Բաբայանի նման հավակնությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում Սամվել Բաբայանի այս որոշմանը: Արցախում նրա այդ հայտարարությունն ինչպե՞ս է ընդունվել:

– Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը երեւի Արցախում ունի համակիրների որոշակի շրջանակ: Եվ, որքանով հասկանում եմ, նրա խոսքի հասցեատերը ոչ թե արցախյան հանրությունն է, այլ մի խումբ մարդիկ, որոնց կոչ արվեց սկսել ստորագրահավաք՝ հասնելու սահմանադրական փոփոխությունների, որպեսզի նախագահի թեկնածուի տասը տարվա մշտական բնակության նորմը, որ Սամվել Բաբայանին խանգարում է, հանվի: Դա կպահանջի ժամանակ եւ ջանքեր, հարցի խորհրդարանական քննարկում: Այնպես որ, չեմ կարծում, թե նման գործընթաց կնախաձեռնվի, կամ այն կունենա հաջող ավարտ:

– Սամվել Բաբայանն իր հարցազրույցում հիշատակեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին. ասաց՝ Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին խոսել են Ռոբերտ Քոչարյանի մասին, ինքն իր կարծիքը հայտնել է, եւ վերահաստատեց իր այդ կարծիքը` չմանրամասնելով այն: Նկատի ունենալով Սամվել Բաբայան-Ռոբերտ Քոչարյան տարիների պատմություն ունեցող, մեղմ ասած, հակադրությունները, ըստ Ձեզ՝ ո՞ւմ եւ ի՞նչ ուղերձ էր հղում Սամվել Բաբայանը:

– Ես չէի ասի, թե Քոչարյան-Բաբայան արմատական հակադրություններ են եղել: Երկրորդ նախագահն իր «Կյանք եւ ազատություն» գրքում ընդգծված ջերմությամբ է խոսում Սամվել Բաբայանի մասին: Դա, կարծում եմ, շատ խորքային վերաբերմունքի դրսեւորում է: Ես այն տպավորությունն ունեցա, որ ՊԲ նախկին հրամանատարի համար Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցածը բավական ցավալի է: Եվ նա կարծես ուզում էր հասկացնել, որ վարչապետ Փաշինյանը կարող է ազդել գործընթացների վրա՝ երկրորդ նախագահին ապահովագրելու քրեական հետապնդումից:

– Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կարծես գնալով անջրպետ է դառնում ՀՀ իշխանությունների եւ Արցախի որոշ շրջանակների միջեւ: Անգամ Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության կողքին կանգնած տարբեր գործիչներ այսօր արդեն տարակուսում են, քանի որ, իրենց տպավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարծես անձնավորված մոտեցում են նկատում: Ամենամեծ տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ «Մարտի 1»-ի գործով չի ներգրավվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի խոսվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի կատարած տնտեսական հանցագործությունների մասին, չեն հնչում մարդկանց անուններ, որոնք սատարել են նրան իր այդ գործունեության մեջ եւ այլն: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

– Ռոբերտ Քոչարյանը շուրջ քսան տարի քաղաքական առաջին կարգի դերակատար է եղել Արցախում եւ Հայաստանում, եւ անբնական կլիներ, եթե չունենար համակիրներ: Բայց այն, ինչի ականատեսն ենք, կարծես թե չի տեղավորվում նրա հանդեպ զուտ մարդկային կամ նույնիսկ քաղաքական աջակցության շրջանակներում: Ինչպես նաեւ, անհասկանալի եւ մերժելի է, երբ փորձ է արվում նրան մեղադրել ամեն ինչում: Քոչարյանին ներկայացված է կոնկրետ մեղադրանք, նա ունի հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք՝ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված կարգով: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է ցավ զգա, որ երկրի նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, բայց խնդիրը ներկայացնել այնպես, որ այդ դեպքում մյուսներն էլ պետք է պատասխանատվության կանչվեն, իմ գնահատմամբ՝ ճիշտ չէ: Պետք է զսպվածություն ցուցաբերել եւ սպասել հարցի իրավական հանգուցալուծմանը: Որոշ դեպքերում, մինչդեռ, մարդիկ Քոչարյանին ուղղակի արջի ծառայություն են մատուցում: Ի վերջո, եթե պատկան մարմինները գնացել են նախկին նախագահին ծանր մեղադրանք առաջադրելու որոշման, ապա նրանց խնդիրն է օրինականության սահմաններում ապացուցել մեղադրանքը: Քոչարյանի փաստաբաններն էլ, բնականաբար, ունեն իրենց պաշտպանյալի անմեղությունն ապացուցելու խնդիր: Ցանկալի կլիներ, որ բանավեճը մնար մեղադրող կողմ-փաստաբաններ հարթությունում եւ քաղաքական երանգավորում չունենար: Մանավանդ՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ «անջրպետի» կտրվածքով:

– Խոսակցություն կա, որ Արցախում Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր համակիր-համախոհների մոբիլիզացիա իրականացնել: Կա՞ նման բան, կհաջողվի՞ դա իրեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախի նախագահի հավակնորդներից մեկն էլ լինի Ռոբերտ Քոչարյանը:

– Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել Արցախի նախագահի թեկնածու: Երկու տասնամյակից ավելի է՝ նա ՀՀ քաղաքացի է, մշտապես բնակվում է Հայաստանում: Այլ բան է, որ նա կարող է աջակցել Արցախի նախագահի որեւէ թեկնածուի՝ ուղղակի կամ Ստեփանակերտում իր համակիրների շրջանակի միջոցով: Այդ հողի վրա կարող են որոշակի խմորումներ նկատվել առաջիկայում: Որքանո՞վ դա կհաջողվի, կամ կունենա՞ նա նման նպատակադրվածություն՝ ենթադրություններ չեմ ուզում անել: Սպասենք մեկ-երկու ամիս եւ, կարծում եմ, որոշակի դատողություններ եւ եզրահանգումներ անելու հնարավորություն կունենանք:

– Հայտնի է, որ Արցախի նախագահի հավակնորդներից է նաեւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, խոսակցություններ կային, որ նրա հավակնությունը եւս ՀՀ նոր իշխանության, այսպես ասած, սրտով է: Ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, Արցախի ներքաղաքական կյանքում: 2020-ի ընտրություններին ի՞նչ պատկերի ականատես կլինենք, կամ արդյոք նախագահի ընտրությունները կլինեն 2020-ի՞ն, թե՞ ավելի վաղ:

– Արայիկ Հարությունյանը տասը տարի գլխավորել է Արցախի կառավարությունը: Դա տնտեսական կայուն զարգացման եւ սոցիալական կայունության ժամանակաշրջան է: Այդ ընթացքում նրա գլխավորած կուսակցությունը երկու անգամ տպավորիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Այսօր այդ կուսակցությունը փաստացի խորհրդարանական մեծամասնություն ունի եւ առայժմ միակն է, որ հայտարարել է եկող ընտրապայքարում նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Այս եւ այն իրողության նկատառմամբ, որ Արայիկ Հարությունյանը վերջին մեկուկես տասնամյակում Արցախի ամենաընդգծված քաղաքական գործիչն է, ինձ չի թվում, թե նրա կարիերայի ապագան գերազանցապես պայմանավորված է ներարցախյան զարգացումներով: Եթե պատկերավոր ասենք, ապա նա ինքն է կերտում պետական գործչի իր կերպարը՝ պահպանելով, ընդսմին, կոռեկտությունը:

Չեմ կարծում, թե Արցախում արտահերթ զարգացումներ կարող են լինել: Ամեն ինչ կառավարելի է, իշխանության հարցը կլուծվի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում եւ օրինական ընթացակարգով:

– Սամվել Բաբայանը հայտարարեց, որ 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանության հետ բանակցել է զիջումների մասին: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– ՊԲ նախկին հրամանատարը տվել է կոնկրետ մարդկանց անուններ: Նրանցից Ռազմիկ Պետրոսյանը պարզաբանումներ է արել: Ես ավելացնելու ոչինչ չունեմ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ռազմիկ Պետրոսյանը Artsakhpress.am-ի հետ զրույցում, մասնավորաբար, ասել է, որ հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որեւէ տարբերակի պարտադրանք: «ՀՀ նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների եւ գործընթացի վերաբերյալ: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետեւյալը` խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի եւ ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված: Խոսելով Հայաստանի եւ Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին՝ ես ընդգծել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ ազգովի զինվենք մեր երկիրը պաշտպանելու համար: Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կարեւորում եմ մեր ժողովրդի միասնականությունը եւ միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Իմիջիայլոց, այդ ժամանակ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին»:

Ավելի ուշ այդ հանդիպումների եւ հնչած հայտարարությունների մասին նույնաբովանդակ պարզաբանումներով հանդես եկան եւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, եւ Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը:

«Առավոտ» օրաթերթ,

07.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728