Հիմա՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու առաջարկի եւ դրա շուրջ Հայաստանում արհեստականորեն բարձրացված աղմուկի մասին։ Հասկանալի է, որ իրականում ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները ցանկանում ենք խաղաղություն։ Պարզապես նրանք պատրաստ են խաղաղության միայն այն դեպքում, եթե ազատագրված բոլոր տարածքները վերադարձվեն, Արցախն էլ մնա Ադրբեջանի կազմում, իսկ մենք պատրաստ ենք խաղաղության, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի լիակատար անկախությունը՝ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով։ Այսինքն՝ իրականում խոսքը ոչ թե երկու ժողովուրդներին խաղաղության, այլ փոխզիջումների նախապատրաստելու մասին է։
Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն մտադիր չեն իրենց ժողովրդին «խաղաղության նախապատրաստել» ու բացառում են Ղարաբաղին լիակատար անկախություն «տալու» անգամ տեսական հնարավորությունը, այսինքն՝ Ադրբեջանում բացարձակապես անտարբեր են միջազգային հանրության «հորդորների» նկատմամբ։
Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանում այսպիսի իրարանցում առաջացել, ինչո՞ւ է ընդդիմությունն աղմուկ բարձրացրել, թող Ադրբեջանի ընդդիմությունն աղմուկ բարձրացնի։ Թող այնտե՛ղ իրենց նախագահին հարցնեն, թե «այդ ի՞նչ ես պատրաստվում զիջել հայերին, որ նրանք համաձայն են խաղաղության»։
Թե՞ մեր ընդդիմությանն ավելի ձեռնտու է սեփական իշխանություններին «պարտվողականության» մեջ մեղադրելը՝ այն հույսով, որ հնարավոր է՝ այդ ճանապարհով վերադառնան իշխանության ու շարունակեն ապրիլյան պատերազմով ավարտված իրենց «հաղթողական» քաղաքականությունը։
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում