Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«100 %-ով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած». Քոչարյանն արձագանքել է դատարանի որոշմանը

Փետրվար 07,2019 12:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է մերժել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, այսինքն, նրա խափանման միջոցը չի փոխվի, կմնա կալանավորված: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանն այս տարի Մարտի 1-ը կդիմավորի կալանավայրում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշպան Հայկ Ալումյանը դատարանի որոշումը գնահատեց բացասական. «Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումներ: Գնահատում եմ որոշումը բացասական, իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի: Էս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած: Իրավաբանությունը էս որոշման մեջ հավասար է զրոյի»: Նա ասաց, որ դատարանի որոշմամբ նաեւ գրավը անթույլատրելի է ճանաչվել:

Հարցին՝ անցած անգամ դուք ասում էիք, որ այս դատավորի վրա որեւէ ճնշում չեք զգում, անկաշկանդ է, այս անգամ հայտարարում եք, որ քաղաքական պատվե՞ր է արել՝ Ալումյանը պատասխանեց. «Ոչինչ չի փոխվել, պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինականության ճանապարհով: Որոշումը, որը կայացվեց, բացարձակապես իրավաբանության հետ որեւէ առնչություն չունեցող որոշում էր: Որեւէ անաչառ իրավաբան, եթե նայի ինչ ներկայացված էր բողոքում, առնվազն 10 հիմք կգտներ, որով այսօր Քոչարյանը պետք է ազատ արձակվեր: Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»: Լրագրողները ճշտեցին՝ դա նա անձա՞մբ ասաց՝ Ալումյանը պատասխանեց, որ դատարանի որոշումից հետո զրուցել են ու նա նման կերպ արտահայտվեց, որ եւս մեկ անգամ համոզվել է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Թե հետագա քայլերը որո՞նք են լինելու, Ալումյանն ասաց. «Պարտադիր բողոքարկելու ենք, հերթական բողոքն է լինելու ՄԻԵԴ, զուգահեռ նաեւ Վճռաբեկ դատարան»:

Հարցին՝ անձեռնմխելիության հետ կապված դատարանի որոշման մեջ ի՞նչ են նշել՝ Ալումյանը պատասխանեց, որ դեռ որոշումը չեն ստացել, բայց սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ որեւէ խելամիտ փաստարկ բերեն, որով հերքեն, որ այսօր պարոն Քոչարյանը պետք է լինի անձեռնմխելի՝ այդ մեղադրանքի շրջանակներում:

Ալումյանը պաշտոնապես հայտարարեց, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Հարցին՝ եթե Քոչարյանը ազատության մեջ լիներ, Մարտի 1-ի հետ կապված ծրագիր ունե՞ր, պատրաստվո՞ւմ էր այցելել, օրինակ, զոհվածների հարազատներին, Ալումյանը պատասխանեց, որ այդ թեմայով չի խոսել իր հետ, բայց նա ընդգծեց, որ դեռ հնարավոր չէ ասել՝ Մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տա՞կ, թե՞ ազատության մեջ, որովհետեւ Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել. «Հիմա դեռ չասենք, թե Ռոբերտ Քոչարյանը որտեղ կգտնվի Մարտի 1-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728