Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարության այս նոր ծրագիրը հին տարբերակից տարբերվում է միայն մի քանի դրույթներով. «Ժողովուրդ»

Փետրվար 07,2019 12:39

Երեկ, ի վերջո, հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի նախագիծը, սակայն, գործադիրի որոշմամբ, մինչեւ փետրվարի 8-ն այդ ծրագրի վրա խմբագրական աշխատանքներ են կատարվելու։ Այսինքն՝ չնայած նախագիծը պատրաստ է, սակայն գործադիրի անդամները փորձում են օգտագործել օրենքով սահմանված ժամկետները մինչեւ վերջ այն շտկելու համար։ Ինչպես երեկ կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սա, ըստ էության, հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ծրագիրը, հետաքրքիր պատկերի է ականատես եղել։ Ըստ էության, այն ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է, այլ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ ներկայացված ու հաստատված փաստաթուղթն է կրկնում, պարզապես, այս նոր ծրագիրը հին տարբերակից տարբերվում է միայն մի քանի դրույթներով։

Նախ ընդգծենք, որ նախորդ տարվա ծրագրի առանցքային գլուխը համարվում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Եվ չնայած արտահերթ ընտրությունները եղան, սակայն Ընտրական օրենսգիրք այդպես էլ չփոխվեց, նախորդ խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն կոճակային մեծամասնություն էր, տապալեց նախագծի ընդունումը։

Այս կառավարության ծրագրի առաջին գլուխը համարվում է արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը։ Իհարկե, սա եղել է նաեւ նախկին ծրագրում։

Նախ՝ «Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները» գլխում 2017 թվականի ծրագրում ամրագրված էր. «ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք, եւ հեղափոխության գաղափարների իրագործումը՝ որպես մշտական քաղաքական իրողություն»։

Իսկ, ահա, նոր ծրագրում ամրագրված է. «Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն»։ Այսպիսով գոնե կառավարության նպատակի առումով փոփոխություն տեսնում ենք, եւ հիմա, կարծես թե, հիմք է դրվում տնտեսություն կառուցելուն։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728