Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում ահազանգել են նախկին վարչապետի, նրա որդու, նախկին պատգամավորի կեղծ գործարքների մասին

Փետրվար 07,2019 15:30

«Հանգուցյալ պատգամավորի «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության կեղծ սնանկության գործի հետքերով» (նոյեմբեր 01.2017) եւ «Գնորդը եղել է նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը» (դեկտեմբեր 30.2017) հրապարակումներում անդրադարձել էի երկու տարի առաջ դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաղորդագրությանը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երկու քաղաքացիների՝ Հենզել Աբրոյանի եւ Ռուբեն Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ:

Տեղեկացնեմ, որ այդ գործով շրջանառվում էին ԱԺ նախկին պատգամավոր, 2009թ. հոկտեմբերին մահացած Մելիք Գասպարյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի, վարչապետի օգնական Հայկ Դավթյանի անունները: Սակայն գործը կարճվեց, հանցակազմ չգտան:

Հենզել Աբրոյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը վեց ամիս առաջ կանչվել են հատուկ քննչական ծառայություն, տվել են ցուցմունք, եւ մինչ օրս սպասում են գործի հանգուցալուծմանը:

Հանգուցյալ պատգամավորի «Մ.Գ.Հաուզինգ» ընկերությունը շինծու գործարքներ է կատարել, ընկերությունից հանել են Ամիրյան փողոցի եւ այլ հասցեների ամբողջ շենք-շինությունները, հողատարածքները, մի մասը դարձրել են «Նացիոնալ» հյուրանոց, իսկ ընկերության «գազելները» ու տրանսպորտային միջոցները ծիծաղելի գումարներով վաճառելով՝ ընկերության առաջ բացել են կանխամտածված սնանկության կեղծ ճանապարհը:

«Գազել» միկրոավտոբուսը վաճառվել էր 120 000 դրամով, իսկ «Բոգդան» ավտոբուսները՝ 300 000 դրամով: Գնորդն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը: Ինչ կապ ունեն այն երկու քաղաքացիները, որոնց խնդիրը բարձրաձայնել էինք երկու տարի առաջ, եւ որոնք սպասում են, թե ի՞նչ կպատասխանի իրենց ՀՔԾ-ն:

Կառուցապատող ընկերության պատասխանատու Մելիք Գասպարյանը մահանալով՝ ժառանգներին ու պետությանը թողել է գերակա հանրային շահ ճանաչված Ամիրյանի կառուցապատման ծրագրի չլուծված մի շարք հիմնական հարցեր, մասնավորապես՝ 2005-2006-ի իրացումից 23 ընտանիքի բնակարանով ապահովելու խնդիրը, 2006-ից ի վեր, նախնական վաճառքի պայմանագրով, շուրջ 11 000 քմ-ի գնորդներ:

Հենզել Աբրոյանը 16 տարի առաջ 20 000 դոլար գումար տոկոսներով վճարել է մայրաքաղաքի Ալեք Մանուկյան եւ Ֆիզկուլտուրնիկների փողոցների հատման անկյունում կառուցվելիք բնակելի շենքերից բնակարան գնելու նպատակով, Ռուբեն Հովհաննիսյանն էլ 100 000 դոլար է վճարել նույն այդ նպատակով: Մինչ օրս նրանք ոչ բնակարանն են ստացել, ոչ գումարը:

Ըստ կառավարության 26 հունիսի 2009թ. 718-Ա որոշումներից մեկի՝ «Կառուցապատողներին բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին», հանձնարարվել է ֆինանսների նախարարին հետեւյալը. «Երեւան քաղաքի Ամիրյան հասցեներում՝ Երեւանի Կենտրոն համայնք, կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարման ապահովման միջոց»:

Բնակարանի գումարը վճարելուց հետո ընկերության տնօրեն Մելիք Գասպարյանը բողոքաբերներին էր հանձնել կլոր կնիքով վավերացված բնակելի տարածքի գնման պայմանագիրը եւ դրամարկղի մուտքի արտոնագիրը:

«Դիմեցինք դատարան՝ մեզ բնակարան հատկացնելու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վճիռներով «Մ.Գ.Հաուզինգը» հօգուտ ինձ՝ Հենզել Աբրոյանի, պետք է բռնագանձեր 20 000 դոլարին համարժեք դրամը, նրա հաշվագրված տոկոսները, իսկ Ռուբեն Հովհաննիսյանին՝ 100 000 դոլարին համարժեք դրամը: Վճիռները եւ կատարողական թերթիկները մնացին մեր ձեռքում: Այն մինչ օրս չի կատարվել: Դիմեցինք դատարան՝ խաբեբա ընկերությանը սնանկ ճանաչելու համար»,- ասել էին ՀՔԾ քննիչի մոտ:

Ի դեպ, երբ նրանք դիմել էին սնանկության գործով դատարան, այդ ժամանակ նրանց է զանգել ֆինանսների նախարարության աշխատակից Հայկ Դավթյանը, կանչել նախարարություն, հորդորել հրաժարվել հայցից, խոստանալով լուծել գումարների հարցը: Հավատալով նրան՝ հրաժարվել են սնանկության հայցից, իսկ ապա ԴԱՀԿ-ի աճուրդից հետո երկուսին տրվել է ընդամենը հինգ միլիոն դրամ:

Դատարան դիմելու ժամանակ «Մ.Գ.Հաուզինգ» ընկերության տնօրենի՝ Վոլոդյա Մարտիրոսյանի գտնվելու վայրը հայտնի չի եղել, գտնվել է հետախուզման մեջ, մասնակիցն էլ ընկերության հանգուցյալ տնօրեն Մելիք Գասպարյանի կինն էր՝ Անահիտ Մնացականյանը: Մելիքի երեք երեխաները հրաժարվել են ժառանգությունից:

«Առավոտին» Հենզել Աբրոյանն ասաց. «Պայմանագրերը, որոնք միլիոն դոլարների են, հիմք չունեն: Եվ առանց հիմքի էլ ուղարկվել են սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանին: Մենք դիմել էինք ՊԵԿ քննչականին, ինչու ՊԵԿ-ը վախեցավ, ինչու փորձեց բացահայտել կեղծիքները, սակայն հետո կայացրեց «լղոզված» որոշում»:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՊԵԿ քննչական վարչության ՀԳԿ քննիչ Ա. Ալեքսանյանի քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին որոշման համաձայն. «Սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը բացատրություն է տվել այն մասին, որ 05.04.2013թ. դատարանի որոշմամբ նշանակվել է «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերությկան կառավարիչ: Փորձել է պարզել ընկերության հաշվեկշռում առկա հիմնական միջոցները, շարժական, անշարժ գույքերը, դրամական միջոցները: Ընկերության անվամբ անշարժ գույքի նկատմամբ որեւէ պետական գրանցում կատարված չէ: Ընկերության անվամբ առկա տրանսպորտային միջոցները ժամանակին աճուրդի միջոցով վաճառվել է ԴԱՀԿ ծառայության կողմից, աճուրդից գոյացած գումարները բաշխվել են ընկերության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված անձանց միջեւ»:

Երբ գործը կարճվել էր, ըստ ՊԵԿ քննչականի պետի, 02.03.2017թ. դրությամբ ընկերության պարտքը տույժ, տուգանքներով 91.407.097 ՀՀ դրամ էր:

Բողոքաբերները դիմել են նամակով վարչապետին, ԱԱԾ պետին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

07.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդգես says:

    Կատարյալ սուտ: Աբրահամյանները որեւէ առնչություն չունեն այս ամենին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728