Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. «Ազնիվ լինենք և ասենք՝ մենք սկսում ենք շատ ցածր հիմքից, որտեղ երկու երկիր գրեթե պատերազմի շեմին են, առաջ են քաշում միմյանց լիովին հակասող պահանջներ»

Փետրվար 07,2019 10:34

«Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հարցազրույց է տվել OC Media-ին՝ ամփոփելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը Հայաստանում իշխանափոխությունից հետո:

-Անցյալ տարվա սեպտեմբերին մենք տեսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվեցին ուղիղ թեժ գծի ստեղծման մասին՝ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Իսկ ավելի ուշ մենք Twitter-ում նկատեցինք որոշակի լիցքաթափում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Կարո՞ղ ենք խոսել բանակցությունների համար բաց լինելու կամ ԼՂ հարցում հաշտության մասին:

-Մենք կարող ենք խոսել համեստ բարելավման մասին: Իհարկե, այս տարի շատ ավելի լավ է: Ինձ ասել են, որ 2018թ. շփման գծում զոհված զինվորների թիվը կազմել է 14, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարիներին, և մասնավորապես, հաշվի առնելով 2015թ. և 2016թ. բռնության մակարդակը, դա գովելի է: Գիտեք, 14 մարդ, այնուամենայնիվ, մահացել է, բայց դա ողջունելի առաջընթաց է: Թեժ գիծը, արտգործնախարարների մի քանի հանդիպումները և հռետորաբանության որոշակի թուլացումը, անկասկած, դրական է, բայց մենք պետք է ազնիվ լինենք և ասենք՝ մենք սկսում ենք շատ ցածր հիմքից, որտեղ երկու երկիր գրեթե պատերազմի շեմին են, առաջ են քաշում միմյանց լիովին հակասող պահանջներ:

Տեղի է ունենում այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են Փաշինյանին որոշակի տարածություն տալ (քանի որ կարծում են, որ նա լեգիտիմ առաջնորդ է)՝ Երևանի կողմից որոշակի փոխզիջումներ ստանալու համար, ուստի նրանք շատ խելամիտ են գործում:

Համաձայնագիրը պետք է հիմք լինի խաղաղության համար, որտեղ հայկական կողմը կսկսի հրաժարվել Ղարաբաղի հարակից՝ իր վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից մի քանիսից: Դա պետք է տեղի ունենա, բայց ադրբեջանական կողմը չափազանց լավատեսական է գնահատում դրա հնարավորությունը: Հայաստանի առաջնորդի համար դժվար է հրաժարվել այդ տարածքներից, որոնք զբաղեցնում են ավելի քան 20 տարի:

Մենք, հնարավոր է, կարող ենք ակնկալել, որ Հայաստանում մի փոքր շատացել են խաղաղության մասին քննարկումները: Դա հնարավոր է, բայց դա երկարաժամկետ բան է:

Մենք խոսում ենք առաջին հերթին պատերազմի տարիների, հետո՝ հռետորական պատերազմի տարիների մասին, իսկ հետո նորից՝ 2016թ. փոքր պատերազմի մասին, հետևաբար մենք խոսում ենք մի շատ ծանր քարի մասին, որը պետք է տեղաշարժել: Մի քանի ոչ մեծ նախաձեռնությունները չեն հանգեցնի այդ քարի տեղաշարժմանը, մեզ ավելին է պետք տեսնել: Ես նկատի ունեմ, պարզապես նայեք մյուս հակամարտություններին, որոնք շատ ավելի երկար են ձգվում, օրինակ Մերձդնեստրում կամ Հյուսիսային Կիպրոսում, որտեղ առաջընթացը շատ ավելի զգալի է, և հազարավոր մարդիկ ազատ տեղաշարժվում են, չկա բռնության վտանգ, և նրանք բոլորն էլ չեն կարողանում համաձայնության գալ հիմնարար հարցերի շուրջ:

– Հարավային Կովկասում հակամարտությունների բոլոր կողմերում ռազմական հանցագործություն կատարած մարդիկ երբեք չեն պատժվել: Շատ դեպքերում ռազմական հանցագործներին անվանում են հերոսներ: Արդյո՞ք եկել է ժամանակը վերադառնալ պատմության այդ վիճելի գլուխներին:

-Անկասկած, ցանկացած հաջողված խաղաղության գործընթացում պետք է լինի զոհերի համար արդարության տարր, և դրան կարելի է հասնել տարբեր ճանապարհներով՝ ռազմական հանցագործությունների դատական գործընթացներով, համաներումներով և ճշմարտությունը վերականգնելու հանձնաժողովներով: Արդարադատության տարրը պետք է լինի, բայց արդարացի է ասել, որ դա սովորաբար հնարավոր է միայն քաղաքական համաձայնության առկայության դեպքում:

Ինչպես և Դուք ասացիք, մարդիկ հերոսներ են, նրանք ազգի պաշտպաններն են, և ոչ մի ազգ, որը դեռ գտնվում է հակամարտության կամ չլուծված հակամարտության մեջ, չի սկսի պատժել իր սեփական հերոսներին:

Կարելի է հետքայլ կատարել. սկսել քննարկել անցյալը, նախագծեր՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել, գրանցել՝ ինչ է տեղի ունեցել, գրանցել հանցագործությունների զոհերի վկայությունները, նրանց ձայնի իրավունք տալ և վերականգնել նրանց հիշատակը, ովքեր տուժել են՝ երկու կողմերում էլ: Եվ թող նրանք էլ միմյանց հետ կիսվեն փորձով:

Երբ դու ունես վկայությունների և իրական պատմությունների համար այդպիսի հիմք, դա քայլ առաջ է, և դա նաև կարող է հիմք լինել, փաստագրական հիմք, որը կարող է օգտագործվել ապագայում արդարության վերականգնման համար:

Իհարկե, մեզ նաև հետաքրքրում է ԶԼՄ-ների դերը հակամարտությունների ձգձգման գործում և այն, թե ինչպես կարելի է աջակցել հաշտությանը:

-Երկար տարիներ ես աշխատել եմ որպես լրագրող, ինչպես նաև ղեկավարել եմ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան նախագիծը, և դա հենց այն թեման է, որն ինձ անհանգստացնում է: Իհարկե, զանգվածային լրատվամիջոցները կարող են շատ բացասական դեր խաղալ կեղծ պատմությունների տարածման, կարծրատիպերի պահպանման գործում ոչ միայն հակամարտություններում, այլև հասարակության մեջ: Դուք այդ երևույթին ականատես եղաք Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հեռուստատեսությունն էլ ավելի խորացրեց իրավիճակը: «Ռուսթավի 2»-ը, «Իմեդի»-ն… Այնպես որ, խոսքը միայն հակամարտությունների մասին չէ: Ուստի, այո՛, ԶԼՄ-ները կարող են իսկապես խնդրահարույց լինել:

Բնականաբար, կան ավելի պատասխանատու ԶԼՄ-ներ, տարածաշրջանում այդպիսի լրատվամիջոցները, ենթադրում եմ, հիմնականում առցանց տիրույթում են, բայց դա, բնականաբար, գործոն է, և շատ ԶԼՄ սպառողներ հասկանում են, որ իրենք ԶԼՄ-ներից չեն ստանում այն ամբողջ ճշմարտությունը, բայց հաճախ դժվարանում են գտնել լավ, այլընտրանքային աղբյուր: Դա անկասկած, մարտահրավեր է:

Մենք նաև գիտենք, որ մի երկրում, որտեղ վստահություն չկա ԶԼՄ-ների հանդեպ, դա առաջ է բերում դավադրության տեսություններ և բազմաթիվ կեղծ պատմություններ ու նորություններ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728