Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դուրս գալ անցյալի խորխորատներից

Փետրվար 07,2019 10:00

Երեւանի պետական համալսարանում վստահաբար եղել են բազմաթիվ խախտումներ, գուցե միջոցների ոչ նպատակային ծախսում, վատնումներ եւ այլն: Սակայն ոչ դասախոսները, ոչ էլ ուսանողները չեն կարող ապրել բացառապես այս խնդրով եւ դրա հետ կապված ԵՊՀ ռեկտոր-Պետական վերահսկողական ծառայության պետ «փոխհրաձգությամբ»:

Բացառված չէ, որ ուսանողների մի մասին այդ ամենը հետաքրքիր է. թերեւս «հնացած» ուսխորհուրդների եւ «նորացված» «Ռեստարտի» ներկայացուցիչների ուղեղները զբաղված են «հասարակական հնչեղություն» ունեցող խնդիրներով, բայց մնացածին ավելի շատ հետաքրքրում են ուսումնական ծրագրերը, դասավանդման արդյունավետությունը, բարձրագույն կրթությունն ավելի նպատակաուղղված դարձնելը, ինչպես նաեւ համալսարանական գիտության զարգացումը, որի վրա կարծես թե ուզում էին «քար գցել», բայց հետո փոշմանեցին (ժամանակավորապես): Բացարձակապես ռեկտորի եւ «կոմսոմոլատիպ» ուսխորհուրդների երկրպագուն չեմ՝ եթե պետք է, ռեկտորին աշխատանքից հանեք, «կոմերիտական բջիջները» ցրեք, բայց չի կարելի ամիսներ շարունակ ապրել անցյալով:

Անցումային փուլն անհրաժեշտ է ավարտել, եւ դրանում պետք է որ շահագրգռված լինեն հենց հեղափոխականները, թե չէ «նախկինների» հետ համեմատվելու իրենց մշտական (երբեմն չգիտակցված) ձգտումը առաջ է բերում կեղծ եւ հաճախ նաեւ՝ իրենց համար ոչ ձեռնտու օրակարգ:

Խորհրդարանական վերջին ընտրարշավի ժամանակ Դաշնակցության հիմնական թեզերից մեկն այն էր, որ… Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնում էր Արցախը: Թվում է, թե ի՞նչ կապ ունեն 1997-98 թվականների իրադարձությունները 2018 թվականի ընտրությունների օրակարգի հետ, մանավանդ՝ հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը ընտրություններին չէր մասնակցում: Բայց երբ ներկայի եւ հատկապես ապագայի մասին ասելու բան առանձնապես չկա, միշտ հիշվում են բաներ, որոնք, հիշողների տրամաբանությամբ, պետք է իրենց բարենպաստ լույսի տակ ներկայացնեն, իսկ ուրիշներին սեւացնեն՝ կարեւոր չէ, թե որքանով է այդ «ուրիշների» հիշատակումն արդիական:

Արցախի հարցն ընդհանրապես այն «ունիվերսալ բանալին» է, որով կարելի է բացել անցյալի ցանկացած դուռ եւ կշտամբել ցանկացած մարդու, այդ թվում՝ ասպարեզից դուրս եկածներին: Բնական է, որ Սամվել Բաբայանը հիմքեր ունի Սերժ Սարգսյանից դժգոհ լինելու՝ «Իգլայի» գործը, իմ կարծիքով, ծայրից ծայր հորինված էր (ես դրա մասին գրել եմ նաեւ նախորդ իշխանության ժամանակ): Եվ ահա ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է, որ ՀՀ երրորդ նախագահը ոչ միայն հանձնում էր Արցախը, այլեւ հանձնելու ծրագրերը քննարկում էր հայկական երկրորդ պետության ղեկավարների հետ: Տվյալ դեպքում կարեւոր չէ, թե որքանով է դա ճիշտ: Կարեւոր է, որ դա էլի տանում է դեպի անցյալի խորխորատները ու խանգարում է կենտրոնանալ ավելի էական խնդրի վրա՝ իսկ ի՞նչ է այսօ՛ր արվում Արցախի անվտանգության համար: Եվ ի՞նչ պետք է արվի վա՛ղը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ինչպես հայտնի է պատմությունից, հեղափոխություններից (իշխանափոխություններից) հետո հաստատվում է մի իրավիճակ, երբ հասարակության բոլոր հատվածները ակտիվանում են: Սակայն մարդիկ, որոնք ի վիճակի են, կառուցողական մասնակցություն ցուցաբերել այս ժամանակահատվածում, անկախ իրենց սոցիալական/քաղաքական շահերից, այնքան էլ շատ չեն: Հիմնականում դրանք իրենց բնագավառներում որակյալ և արհեստավարժ կադրերն են: Ցանկացած համակարգում, իրենք իրենց տեղը միշտ էլ կգտնեն, եթե ոչ այսօր, վաղը՝ անպայման: Ստեղծված իրավիճակում բոլորից բարձր գոռգոռում են նրանք, որոնց համար այս խառը ժամանակները արևի տակ իրենց տեղը գտնելու հնարավորություն է: Սակայն այս կարգի խմորումները, որպես կանոն, երկար չեն տևում: Թե ինչպիսի համակարգ է հաստատվել, կերևա որոշ ժամանակ անց: Ուզում եմ հավատալ, որ նոր կառավարությունը, գտնվելով դրսից և ներսից աննախադեպ քննադատությունների ճնշման տակ՝ կկարողանա հավաքվել և ճիշտ լուծումներ ու որոշումներ ընդունել: Վերջին տարիների ընթացքում, բազմիցս դիմել էինք Քաղաքապետարան, Թաղապետարան, նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանին, մեր թաղամասի աղբահանության խնդրով՝ սելը տեղից չշարժվեց: Իսկ այժմ, մեր թաղամասը հաճելիորեն մաքուր է և ոչ միայն թաղամասը, այլև ամբողջ քաղաքը: Որպես քաղաքացի, իմ աչքը որսում է ցանկացած դրական փոփոխություն և հավատ ներշնչում ապագայի հանդեպ:

  2. Հ.Շ. says:

    Հասնելու է պահը, երբ դուք ձեզ հարց պիտի տաք՝ նախընտրելի է այժմու վիճակն ու ընթա՞ցքը, թէ անցեալի կարգ մը «օրինական» շինծու գործերը:

    Իսկ ամէն դէպքում, այդպէս ալ չէ, որ հիմա չկան այդպիսի շինծու գործեր: Այն ալ, աննախադէպօրէն բարձր մակարդակի վրայ իսկ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728