Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չենք բացառում, որ աշնանը կարող եք ականատես լինել հեռակա բանավեճերի»

Փետրվար 07,2019 14:00

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանն ամփոփեց հայկական պատվիրակության բրյուսելյան այցը

Հունվարի 28-29-ին Բրյուսելում անցկացվեցին Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) հանձնաժողովների նիստերը:

«Առավոտի» հարցերին է պատասխանում «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

– Եվրանեսթում հայկական պատվիրակությունը նոր կազմով հանդես եկավ: Միջազգային այս հարթակում առաջնահերթություններ փոխվե՞լ են, եւ այս հարթակում աշխատանքի առումով Ձեզ ի՞նչ տվեց Արմեն Աշոտյանի հետ հանդիպումը: Կա՞ր ինչ-որ խորհուրդ կամ դիտարկում նրա կողմից, որն օգտագործեցիք, օրինակ՝ այս նիստերի ընթացքում բանակցությունների, հանդիպումների ժամանակ: Ինչպե՞ս կգնահատեք ընդհանրապես Բրյուսելում անցկացված օրերը (հունվարի 28-29-ի հանձնաժողովի նիստեր) աշխատանքի արդյունավետության եւ պայմանավորվածությունների առումով:

– Մեր պատվիրակությունը Եվրանեսթը դիտարկում է որպես միջազգային հարթակ, որտեղ շատ անելիքներ ունենք՝ բարձրացնելու առկա խնդիրներն ու լուծումներ ստանալու: Այս իմաստով այն կարեւորագույններից մեկն է լինելու խորհրդարանական մակարդակում: Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք իր ղեկավարած պատվիրակության աշխատանքը, ներքին խոհանոցին վերաբերող որոշ մանրամասներ, ադրբեջանական պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրվող հնարավոր հակահայկական բանաձեւերը եւ դրանց դիմագրավելու մեխանիզմները: Մեր նպատակն է խորհրդարանական դիվանագիտության բազմազան ու ճկուն գործիքակազմի միջոցով միջազգային հարթակներում առաջնորդվել արտաքին քաղաքականության այն գերակայություններով, որոնք մեր պետությունն իր համար արդեն սահմանել է: Աշխատանքը Բրյուսելում կգնահատեմ երկու բառով՝ ակտիվ եւ կառուցողական, որից շատ տպավորված էին նաեւ եվրոպացի մեր գործընկերները: Մեր պատվիրակությունը, թերեւս, ամենաակտիվն էր, ներգրավված ենք եղել բոլոր չորս հանձնաժողովների աշխատանքներին:

– Եվրանեսթում քննարկված զեկույցներում խնդրահարույց կետեր կայի՞ն Հայաստանի հետ կապված:

– Ոչ մի նման բան:

– Սովորաբար այս հարթակում ադրբեջանցի պատվիրակները միշտ հեռակա բանավեճի մեջ են մտնում հայ պատվիրակների հետ: Այս անգամ ամեն ինչ կարծես սահուն անցավ: Ի՞նչ գործոններով եք դա պայմանավորում:

– Ճիշտ եք նկատել՝ ամեն ինչ սահուն անցավ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս անգամ հանձնաժողովների նիստերն էին, իսկ Ձեր նշած դեպքերն ավելի շատ արձանագրվում են լիագումար նիստերի ընթացքում: Հետեւաբար չենք բացառում, որ աշնանը կարող եք ականատես լինել հեռակա բանավեճերի:

– ՍԵՊԱ-ի համաձայնագրի հետ կապված լոբբինգ իրականացվե՞լ է այս անգամ Եվրանեսթում, քանի որ Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, անգամ ճանապարհային քարտեզ ներկայացված չէ:

– Իհարկե, զբաղվել ենք այնքանով, որքանով դա մտնում է մեր պատվիրակության իրավասությունների շրջանակում: Հատկապես ոչ ֆորմալ հանդիպումների ընթացքում եվրոպացի մեր գործընկերներին կոչ ենք արել հնարավորինս արագ վավերացնել համաձայնագիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Հանդիպել ենք նաեւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկել գործընթացն արագացնելու հնարավորությունները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728