Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարգավիճակ՝ ե՞րբ, անվտանգություն՝ ինչպե՞ս եւ ինչի՞ դիմաց

Փետրվար 07,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Տերմինների խառնաշփոթ

Եթե Փաշինյանը մերժում է Սերժ Սարգսյանի՝ «տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձեւը, ապա ինքը կամ ՀՀ ԱԳ նախարարը հստակ պետք է ներկայացնեն, թե որն է այս կառավարության բանաձեւը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այս հարցում ակնհայտորեն որոշակի անորոշություն կա:

Փաշինյանը շեշտում է, որ բանակցություններ չի վարել Ալիեւի հետ, մինչ այժմ անցկացված հանդիպումները ընդամենը շփումներ են, որոնց ժամանակ որոշակի բանավոր համաձայնություններ են ձեռք բերվել: Սակայն միաժամանակ հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն արդեն մի քանի անգամ մի քանի ժամանոց հանդիպումներ են ունեցել: Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման շուրջ ընթանում են ոչ միայն շփումներ, այլեւ, գոնե ԱԳ նախարարների մակարդակով, քննարկումներ:

Ո՞ր սկզբունքների կամ առհասարակ՝ ո՞ր բանաձեւի շուրջ են ընթանում քննարկումները, կամ՝ Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, թե՞ դրանց ինչ-որ նոր դետալներ են ավելացել, կամ գուցե որոշները պակասե՞լ են ընդհանուր փիլիսոփայությունից… Այս հարցերում, համաձայնեք, հստակություն չկա:

Իհարկե, ղարաբաղյան բանակցությունները մշտապես ընթացել են գաղտնիության պայմաններում, եւ իշխանությունից պահանջել բանակցային ողջ գործընթացի մանրամասների հրապարակայնացում՝ անիմաստ է, դա չի լինի: Բայց կարգավորման բանաձեւը պետք է հասարակությանը հայտնի լինի, որպեսզի հարցեր չառաջանան: Առայժմ պաշտոնական Երեւանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ բանաձեւն էլ հստակ ձեւակերպված չէ:

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բանակի օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, լրագրողների հետ զրույցում նա որոշ մանրամասներ հայտնեց իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից: Մնացականյանը նշեց՝ Հայաստանի համար Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջնայինը Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հարցերն են:

Ուշադրություն դարձրեք՝ «անվտանգության եւ կարգավիճակի հարցեր»: Այսինքն՝ պաշտոնական Երեւանի համար ընդունելի է օրինակ՝ «տարածքներ՝ անվտանգությա՞ն դիմաց», թե՞ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւը: Եթե «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւն է, ապա այստեղ խնդիրը ավելի խորքային է: Ինչպե՞ս է այդ անվտանգությունը հաստատվելու, ձեւակերպվելու: Օրինակ՝ խաղաղության մասին համաձայնագրո՞վ, թե՞, ասենք, Ադրբեջանի իշխանության կողմից տրված բանավոր խոստումներով:

Իսկ եթե կրկին «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւն է գործում, ուրեմն իշխանությունը պետք է վաղ թե ուշ անկեղծորեն հայտարարի, որ շարունակում է Սերժ Սարգսյանի պաշտպանած գիծը:

Մնացականյանն ասում է. «Մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարեւորությունը: Եվ ամենակարեւորը՝ մենք ասել ենք, որ Հայաստանի համար կարգավիճակի եւ անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները»: Շատ լավ, որո՞նք են խաղաղությանը նպաստող միջավայրի այն քայլերը, որոնք Ադրբեջանը պարտավորվել է իրականացնել կամ արդյոք իրականացնո՞ւմ է միջնորդների դեռ 2016թ. ապրիլից հետո ներկայացրած ամենակարեւոր պահանջները՝ շփման գծում միջադեպերի ուսումնասիրության վերաբերյալ: Թե՞ խոսքը խաղաղությանը նպաստող այլ միջավայրի ձեւավորման մասին է, օրինակ՝ հայ եւ ադրբեջանցի հասարակություններին հաշտեցնելու տարբեր ձեւաչափերի գործադրմամբ:

Մնացականյանը շեշտում է՝ հայկական կողմը չի շեղվել իր դիրքորոշումից, մտահոգություն է հայտնում, որ հանրության շրջանում այլ մեկնաբանություններ կան. «Ինձ մոտ որոշ չափով եղել է նաեւ զարմանք, որ մենք ինչ-որ պարտվողականության տրամադրություն ունենք մեր հասարակությունում, թե մենք ինքնավստահությունն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, եւ կարիք չկա որեւէ կերպ տեսնելու, որ ինչ֊որ կերպ լինում է մի բան, որ մենք որեւէ կերպ խափանելու ենք մեր այդ դիրքորոշումները»:

Զոհրաբ Մնացականյանին Եռաբլուրում ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց են ուղղում հայտնի հայտարարության մեջ «հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու» վերաբերյալ, նա պատասխանում է. «Այն, ինչ ասված է մեր հաղորդագրության մեջ, եւ ուրախալի է՝ նաեւ մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ որ ասվել է, շարունակական, հետեւողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ Առաջինը՝ նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում ենք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել եւս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարեւոր էլեմենտներն են այս գործընթացի մեջ»։

Իսկ հարցին, թե ի՞նչ պայմաններով են քննարկում այդ խաղաղությունը, բանակցություններում ի՞նչ էլեմենտներ են, ի՞նչ պայմաններ, Մնացականյանն ասում է. «Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններով, բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարեւորությունը եւ ամենակարեւորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի եւ անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Չկա այդպիսի մի բան եւ չի եղել որեւէ բան, որ դուք չիմանաք: Բանակցությունները` այս երկխոսությունը, գնում են դրա շուրջ»:

Ապա նա հավելում է. «Ինչ վերաբերում է Արցախի ներկայությանը եւ Արցախի՝ որպես որոշիչ ձայն եւ ներգրավվածության հարցին, սա հետեւողական աշխատանք է: Սա նաեւ պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք եւ անցանք: Նորից եմ կրկնում՝ սա մեզ համար շատ հստակ պրակտիկ խնդիր է. ավելի գործնական եւ իրատեսական լինել, ավելի գործնական լինել՝ այդ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու»:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին բանակցել են, ավելին՝ նրանց ստորագրությունն առկա է 1994թ. զինադադարի փաստաթղթի տակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին: Քոչարյանի իշխանության գալուց հետո՝ նա հայտարարեց, որ բանակցություններում ներկայացնում է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը: Այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի համաձայնում Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու գաղափարին: Եվ հիմա հետաքրքիր է, թե Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցը որքա՞նով է պրակտիկ կիրառական հարց դարձել կոնկրետ միջնորդների եւ ադրբեջանական կողմի հետ քննարկումներում:

Մնացականյանն այնուհետեւ հստակեցնում է. «Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Մենք շատ հստակ ասել ենք. դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, դա նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Սա շատ հստակ բերում ենք առաջ: Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձեւավորված բանաձեւեր, թե ինչպես դա իրականացնել: Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է»:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում պատրաստվում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, դրա իրականացումը ժողովուրդներին վաղ թե ուշ հայտնի է դառնալու, դրանք հնարավոր չի լինելու երկար ժամանակ թաքցնել ժողովուրդներից: Ավելին՝ երեւալու է, թե, օրինակ, տարիներ շարունակ պետական մակարդակով հայատյացության քարոզչություն իրականացրած ալիեւյան ռեժիմը, մասնավորապես, ինչպես է ադրբեջանական ժողովրդին նախապատրաստում խաղաղության, եթե այդ երկրում որեւէ մեկը եւ հատկապես իշխանությունը մեկ անգամ նույնիսկ չի արտասանել Ադրբեջանի կողմից փոխզիջում ընդունելու հնարավորության մասին որեւէ նախադասություն:

Որեւէ հուշագիր կամ ինչ-որ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է առաջիկայում՝ հարցնում են լրագրողները: Մնացականյանը դարձյալ պատասխանում է անորոշ. «Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ: Եթե լիներ, դուք կիմանայիք: Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետեւ բանակցությունների էությունն է այդպիսին, հարցի էությունն է այդպիսին: Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, եւ որը գոյություն ունի այս գործի մեջ: Բայց չի լինի այնպես, որ մենք առաջ շարժվենք, ու հասարակությունը տեղյակ չլինի»: Այսինքն՝ կրկին պարզ չէ, թե ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում քննարկումները:

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասով Մնացականյանը շեշտում է. «Շատ էական հարց է: Դրանք ինչի՞ն են ուղղված: Կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը հարցի, եւ կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, այն, ինչ որ կոչվում է խաղաղությանը նպաստելուն: Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին: Այն, ինչ որ վերաբերում է Վիեննային եւ Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության, ռիսկերի նվազեցմանը: Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ: Մեզ հաճախ հարց են տալիս՝ մենք դրանից հրաժարվե՞լ ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում եւ սահմանում: Սա նպաստավոր է, եւ մեր ուշադրությունը դրա վրա է: Որեւէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինքն թե՝ փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել եւ մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են: Եվ սա շատ էական է, շատ օգտակար է»:
Շատ լավ, եթե հայկական կողմին հաջողվել է գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք ռիսկերի նվազեցման առումով աշխատում են, դա միայն կարելի է ողջունել: Բայց ինչո՞ւ ադրբեջանական կողմին այդ պահանջը չի ներկայացվում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների համատեղ հայտարարություններում, երբ ակնհայտ է, որ Բաքուն է հետեւողականորեն վստահության մեխանիզմների ներդրման պահանջի իրագործումն արհամարհել: Ինչո՞ւ են համանախագահները շարունակում անտեսել իրենց համատեղ հայտարարություններում այդ պահանջը:

Այսպես, պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մակարդակով շեշտում է, որ հայկական կողմի համար առաջնայինը Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն են: Կարգավիճակը ո՞ր փուլում է որոշվելու՝ սկզբնակա՞ն, թե՞, օրինակ, մի քանի տարի անց: Իսկ անվտանգության դիմաց ի՞նչ ենք զիջում: Եվ առհասարակ, սկզբից անվտանգությո՞ւնն է ապահովվում, հետո՞ ԼՂ-ի կարգավիճակը որոշվում, թե՞ հակառակը:

Սկիզբը՝ այստեղ

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

06.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728