Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երեւանցի դիզայները որոշեց դառնալ կամավոր լոռեցի

Փետրվար 07,2019 13:00

Տաթեւիկ Աղաբաբյանը մասնագիտությամբ մեդիա ոլորտում աշխատող դիզայներ է: Շուրջ 15 տարի Գերմանիայում աշխատելուց եւ աշխարհով ճամփորդելուց հետո նա որոշել է հաստատվել հայրենիքում, բայց ոչ թե իր ծննդավայր Երեւանում, այլ Դեբեդ գյուղում: «Առավոտի» հետ զրույցում Տաթեւիկն ասաց, որ իր խնայողություններով որոշել է հյուրատուն հիմնել այնտեղ:

«Երբ իմ շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունից հետո վերադարձա Հայաստան հանգստանալու, որպեսզի ուժերս հավաքեի ու վերադառնայի իմ մասնագիտական կյանքին, պատահաբար Դեբեդ գյուղ ծանոթների այցելելուց հետո, այդ պահին զգացմունքային կապվածություն զգացի ու մտածեցի, որ լավ կլինի, որ այդտեղ մի տնակ ունենայի: Դա մի տեսակ իռացիոնալ որոշում էր, ես ուզում էի անընդհատ այնտեղ վերադառնալ: Հետո մի 2-3 տարվա ընթացքում այդ միտքը վերաճեց նախագծի: Առաջին որոշումս շատ իմպուլսիվ էր, քանի որ պարզապես ուզում էի Երեւանի շոգից կտրվել եւ գտնվել կանաչ գոտում, դա իմպուլսիվ, բայց նաեւ գիտակցված որոշում էր»,- պատմում է Տաթեւիկը:

Նա հավելեց, որ որպես ճանապարհորդող եւ պրոֆեսիոնալ դիզայներ, որը ոչ մի տեղից կախված չէ, տեղից տեղ տեղափոխվելուց փորձ է ձեռք բերել եւ իր նախագծի հիմքում հենց այդ փորձն է դրել ու լավագույն գաղափարները կենտրոնացրել իր տնակի շուրջ. «Հասկացա, որ ինձ նման մարդիկ շատ կան: Մարդիկ կան, որ պարզապես ուզում են արդյունավետ աշխատել եւ անպայման չի, որ հենց իրենց մթնոլորտի մեջ գտնվելով` անընդհատ աշխատանքի գնան եւ տուն գան: Հետո ինքս ինձ համար հայտնագործեցի, որ երբ դու բնության գրկում ես, ավելի շատ էներգիա ես ստանում, քանի որ տեխնոլոգիաների հետ շփումը մաշում է, իսկ սթրեսը կաշկանդում է աշխատել»:

Հարցրինք, թե Լոռվա գողտրիկ անկյունում` Դեբեդում կառուցվելիք տունը ինչո՞վ կարող է հետաքրքրել հայաստանցիներին եւ զբոսաշրջիկներին:

Մեր զրուցակիցը նշեց, որ Դեբեդի տան նախագիծը, այսպես կոչված, դասական զբոսաշրջիկների համար չէ, եւ ինքը ձգտել է այնպիսի միջավայր ստանալ, որ մարդիկ գան ու երկարատեւ մնան: Նրա խոսքերով, Հայաստանի կյանքը Երեւանով սահմանափակված չէ, եւ պետք է օտարերկրացիներին կարողանալ ցույց տալ իսկական հայկական կյանքը, ինչը հաստատ «դրսի» մարդիկ գրավիչ կհամարեն: Տաթեւիկը կարծում է, որ հայաստանցիներն էլ պետք է իմանան, որ բացի Գառնի-Գեղարդից, այլ գեղեցիկ վայրեր էլ կան Հայաստանում, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու ինքն էլ որպես փորձառու ճանապարհորդող, կարող է իր տունը, անձնական տարածքը կիսել ինչ-որ մեկի հետ: Դրա համար էլ իր նախագիծը նա անվանել է share living concept:

«Հայկական շուկայում եւս դա գրավիչ է: Երբ ես այդ հյուրատունը կառուցում էի, ինձ հարցնում էին, իսկ գները ինչպե՞ս են լինելու… Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, երբ ծնողներիս հետ խոսում էի, միշտ ձգտում էինք գնալ դրսում հանգստանալու, որովհետեւ Հայաստանում մատչելի չէր հանգիստը, իսկ ինչը մատչելի է, որակը ցածր է: Ես ուզում եմ կոտրել այդ կարծրատիպը, ուզում եմ, որ հայաստանցիները ցույց տան իրենց սերը հայրենիքի հանդեպ հենց նրանով, որ ի վիճակի են հանգստանալ Հայաստանում: Համարում եմ, որ հայրենասիրությունը միայն դպրոցում չեն սովորում, հայրենասիրությունը սովորում են նաեւ այն պարագայում, երբ մարդն իր ընտանիքով ուրախ ժամանակ է անցկացնում հայրենիքում: Իմիջիայլոց, երբ ես նկարներ եմ ցույց տալիս Հայաստանի գեղեցիկ անկյուններից ու տեսարժան վայրերից, ծանոթներս ասում են` վայ, էս ինչ սիրուն տեղեր ունենք: Բայց չէ՞ որ այդ ամենը մեր քթի տակ է անընդհատ»,- նշում է Տաթեւիկը:

Նա տեղյակ է, որ Հայաստանում հյուրատներ եւ նման տիպի այլ հաստատություններ կան, որոնք մեծ մասշտաբների են, իսկ իր տնակը շատ ավելի փոքրիկ է, եւ դա բխում է իր փորձից. «Երբ ես ճանապարհորդում եմ, եւ մի տեղ ապրում եմ ու պետք է աշխատեմ, եթե շատ մեծ է միջավայրը, շատ մարդիկ են գնում-գալիս, նորից մեկուսանում եմ, որպեսզի հնարավոր լինի աշխատել: Դրա համար ես որոշեցի փոքր, գողտրիկ լինի տունը, ամենաշատը 10 հոգու համար: Նաեւ շատ կարեւոր է, որ մարդիկ կարողանան տնական պայմաններում ապրել, վայելեն այդ տնականությունը, որովհետեւ երբ դու շարունակական շարժման մեջ ես, եւ մեկուսանում ես, միայնակ ես զգում քեզ: Ի վերջո, մարդը սոցիալական կապերով է ապրում»:

Տաթեւիկի հետ զրույցում անդրադարձ եղավ գումարի հայթայթմանը, նա ասաց, որ ամեն ինչ մինչ օրս արել է իր խնայողությունների հաշվին, եւ խուսափել է ներդրողներ ընդգրկելուց, որովհետեւ դրանից հետո գնային քաղաքականությունն իր ձեռքում չի լինի, իսկ իր նպատակը զուտ գումար աշխատելը չէ. «Ես կարծում եմ, որ եթե անգամ առաջիկա տարիներին շահույթ չստանամ, գոնե կարծրատիպը կկոտրեմ, որ Լոռին գեղեցիկ վայր է, մենք կարող ենք մեր արձակուրդներն անցկացնել Հայաստանում եւ ոչ թե գնալ Վրաստան կամ որեւէ այլ տեղ: Մարդիկ կարող են զեղչերով օգտվել այն ծառայություններից, որոնք հետո պետք է տրամադրվեն: Նրանք կարող են հենց հիմիկվանից վճարել, եւ մեկ տարի հետո մինչեւ 50 տոկոս զեղչով հանգստանալ: Ամեն դեպքում հնարավորություն կա, որպեսզի ներդրում անեն, որը կգնա շինարարության վրա, հետո կկարողանան զեղչով հանգստանալ հոկտեմբերից մինչեւ մյուս տարվա ապրիլ- մայիսի սահմաններում»:

Տաթեւիկ Աղաբաբյանն ասում է, որ 3-րդ տարին է գնում իր տնակի շինարարությունը, այսինքն՝ այդ քայլին է դիմել մինչեւ հեղափոխությունը. «Այն ժամանակ ինձ ասում էին` վստա՞հ ես, մտավախություն չունե՞ս, որ 50 տոկոս «փայ» կմտնեն, խոչընդոտներ կունենաս: Ես ի սկզբանե շատ կարեւոր եմ համարել, որ հենց մեր գյուղերին շանս տրվի, թե ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում: Մեր գյուղերը դրական ազդակների եւ ամեն տեսակ օգնության կարիք են զգում: Ինձ համար կարեւոր է, որ ես գնամ գյուղ, թեեւ ծնվել ու մեծացել եմ Երեւանում, ոչ ես, ոչ ծնողներս Դեբեդի հետ կապ չունենք: Ես հիմա էապես տեսնում եմ տարբերությունը, որ կա այսօր: Գուցե սկզբում իմ մտածածն անհեթեթ էր թվում, զգացմունքային որոշում էր ընկալվում, բայց իրականում գիտակցված որոշում է եղել: Ես զգում եմ փոփոխություն հեղափոխությունից հետո, եւ հիմա իմ կարծիքով ժամանակն է, որ ամեն մեկը գլուխը կախ աշխատի»:

Մեր զրուցակիցը նշում է, որ իր այցելած բոլոր տեղերից վերցրել է ամենալավ բաները եւ ներմուծել իր կոնցեպտի մեջ. «Օրինակ, խոհանոցիս նախագիծը Ճապոնիայից եմ ներմուծել, այնտեղ շատ փոքր տարածքում շատ հետաքրքիր լուծումների եմ հանդիպել, որոշ բաներ Շվեյցարիայից եմ վերցրել: Ես միշտ ճամփորդելուց անպայման գնում եմ գյուղ եւ բնության գիրկ արշավի»:

Նաեւ փաստում է, որ ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում գյուղերը քաղաքից ծայրահեղ կախված չեն, մինչդեռ հայկական գյուղերում կարող է լինել ընդամենը 1-2 խանութ, որոնք ամեն ինչ բերում են մարզկենտրոնից կամ մեծ քաղաքից, Դեբեդի դեպքում` Վանաձորից: «Անգամ հացը Վանաձորից են բերում: Իսկ ինչու մենք չենք կարող ինքներս հաց թխել, եւ մոտակա 5 գյուղերին մատակարարել: Փոքր ձեռներեցությունը պետք է զարգացնել»,- համոզված է Տաթեւիկ Աղաբաբյանը: Նա նշում է, որ իր տնակի շինարարության մեջ ներգրավել է գյուղացիներին, ինչն իր համար ավելի դժվար ճանապարհ էր, բայց գիտակցել է, որ «օտար» մարմին է այդ գյուղում, եւ պետք է այնպես վարվել, որ իրեն որպես հովեկ չընկալեն:

«Ուզում եմ, որ ինձ համարեն իրենցից մեկը: Ես հաճախ ասում եմ, որ կամավոր լոռեցի եմ, ուզում եմ Լոռվա գրանցում ստանալ եւ դառնալ ձեր գյուղացին: Հիմա արդեն գյուղում ինձ ճանաչում են, սուրճի են հրավիրում անծանոթ մարդիկ, իսկ կանայք երբեմն հանդիպելիս ընկույզ են տալիս ու ասում, որ իրենց ամուսիններն աշխատում են տնակի վրա»,- պատմում է Տաթեւիկը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Տաթեւիկ Աղաբաբյանը:

«Առավոտ» օրաթերթ, 

06.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728