Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայրենասիրությո՞ւն, թե՞ հայրենատիրություն

Փետրվար 07,2019 12:30

«Զարթօնք» համակարգչային օրաթերթում կարդալով ՆՈՒԱՐԴ ՄԱՏՈՅԵԱՆ-ՏԱՐԱԳՃԵԱՆԻ «Հայրենասիրութիւնն Է Մեր Ազգի Յաղթանակի Գրաւականը» հոդվածը, ակամայից հարց առաջացավ. «Ինչպե՞ս ենք մենք արտահայտում մեր հայրենասիրությունը», «Ի՞նչ չափանիշներով է գնահատվում հայրենասիրությունը»… Այս եւ նման այլ հարցերի պատասխանները սուբյեկտիվ կարծիքներ են։

Մարդիկ ինչպե՞ս են դառնում հայրենասեր։ Դա ընտանեկան դաստիրակությո՞ւն է, կրթվածության մակարդա՞կ է, թե՞ տվյալ անձի գործունեության գնահատական։ Եթե դա վերաբերում է հայ մարդուն, ապա այն կարող է առաջանալ պատմավեպեր ընթերցելիս, ընտանեկան զրույցների արդյունքում, պատմական իրադարձությունները գնահատելիս, տարբեր կազմակերպությունների կամ կուսակցությունների անդամագրվելիս…
Արդի ժամանակաշրջանում ինչպե՞ս գնահատենք հայի հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» կարգախոսների հիման վրա առաջացած շարժումնե՞րն էին։ Դրա մասնակիցները նախկինում հայրենասեր չէի՞ն, ընդդիմադիրները, քննադատողները հայրենասեր չե՞ն, Սփյուռքում ապրողները՝ հատկապես ՀՀ-ից հեռացողները հայրենասեր չե՞ն… Հարցերը կարելի է շարունակել, բայց ամեն մեկս էլ ունենք գնահատման մեր չափանիշները։ Հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր անտարբեր են կատարվող իրադարձությունների հանդեպ, անհարկի կամ իրենց գաղափարի մակարդակով փնովում, նսեմացնում են հայ մարդուն, հայ ազգն ու Հայաստանը, թերահավատորեն վերաբերվում նոր նախաձեռնություններին։ Նույնիսկ ճանաչված մարդիկ ու պաշտոնյաներն են վարկաբեկիչ պիտակներ կպցնում հային, հայ ազգին ու Հայաստանի հասցեին։ Դրանց հետ ինչպե՞ս վարվել, դրանք հայրենասե՞ր են, թե՞ ոչ։

Հայրենասեր մարդն առանձնանում է իր գործունեությամբ, իր կատարած աշխատանքով, որը գնահատվում է հանրության կողմից։ Դրանք այն աշխատանքներն են, որոնք տեսանելի են, որոնք անձնական շահ չեն հետապնդում։ Կան մարդիկ, որոնք հասարակական, քաղաքական, գրական գործիչներ են, բայց երբեք հայ ազգին, հայ մարդուն չեն գնահատում։ Նրանք սեփական անձն են գովազդում։

Ճիշտ է նկատում հարգելի հոդվածագիրը՝ «Հայրենիքը պետք է զարգանա ազգի զաւակներուն հայրենասիրութեամբ»։ Այդ հայրենասիրությունը, սակայն, հարկավոր է գործով ապացուցել, որն արտահայտվում է նաեւ «զոհաբերությամբ», ինչպես նշում է հեղինակը։ Եվս մեկ պարբերությունում հեղինակն արձանագրում է. «Հայրենասիրութիւնը պիտի ըլլայ մեր յաղթանակին գրաւականը»։ Սակայն ինչ հաղթանակի մասին է խոսում հեղինակը, պարզ չէ։ Հաղթանակ կարելի է պատկերացնել տարբեր բնագավառներում։ Բայց միայն հայրենասիրությամբ հաղթանակ չես կռի։ Հարկավոր է նպատակ ունենալ, հավատալ, որ այն կհաջողվի իրականացնել, պայքարել եւ հաղթել։

Ուրեմն, ո՞րն է մեր նպատակը, որտե՞ղ ենք դրսեւորելու մեր հայրենասիրությունը, որպեսզի հաղթանակենք։ Ինչպե՞ս ենք պատկերացնում այդ հաղթանակը։ Հաղթանակը պետք է հասկանանք իշխանափոխությամբ ու նոր իշխանության հաստատումո՞վ, ազատագրված տարածքների հետ միասին Արցախի անկախացմա՞մբ, հայրենադարձությա՞մբ, Հայոց ցեղասպանության ճանաչմամբ… Այո, այս բոլորը միասին, որը, կարծում եմ, ենթադրում է նաեւ հոդվածագիրը։ Սակայն պետք է նշել, որ այդ բոլորը կարեւոր են, բայց ոչ լրիվ։ Ամբողջական հաղթանակի պետք է հասնենք հայրենասիրության գաղափարը մեր մեջ Հայրենատիրության գաղափարով ամրապնդման դեպքում։ Մեր հայրենասիրությունը առ ոչինչ է առանց Հայրենատիրության գաղափարի։ Այն պետք է հայ ազգի գաղափարախոսությունը դառնա հզոր Հայրենիք կերտելու ճանապարհին։
Երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել մինչեւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Իրավարար վճիռ»-ի 100-ամյակը։ Մեր նպատակը պետք է լինի այդ անբեկանելի, անժամանցելի խնդրի իրականացման համար աշխատանքների կազմակերպումը, որոնց համար մեր տարածաշրջանում նպաստավոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են կատարվում։ Տարածաշրջանում մեր շահերը մի քանի ուղղությամբ համընկնում են գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների շահերի հետ։ Մեր աշխատանքները հարկավոր է կառուցել այդ պետությունների եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների իշխանությունների հետ։ Հարկավոր է հարցն օրակարգային դարձնել միջազգային հանրության առջեւ։ Այս աշխատանքներում պետք է ներգրավված լինի հայկական Սփյուռքի ողջ քաղաքական, հասարակական, իրավաբանական միտքը, որոնք կարող են իրենց աշխատանքներն իրականացնել համահայկական Վերնախորհուրդի (սենատ) շրջանակներում։ Վերնախորհուրդը, ինչպես հայտարարել է Արեւմտյան Հայաստան պետության Վտարանդի կառավարությունը, պետք է կազմված լինի միայն հայկական Սփյուռքի անհատներից, ովքեր կընտրվեն կազմակերպություններից, որովհետեւ Հայրենատիրությունը այդ Սփյուռքի խնդիրն է։ Սփյուռքն առաջացել է բռնի հայրենազրկության պայմաններում։ Սփյուռքն է պարտավոր զբաղվել ռուս-թուրքական պայմանագրերի, Կավբյուրոյի որոշման չեղարկմամբ եւ «Իրավարար վճիռ»-ի իրականացմամբ։
Եվ տեղին է նշում հարգելի հոդվածագիրը. «Եթէ կարենանք աննախապաշար մօտեցում ցուցաբերել սրբագրելու մեր կեանքի ոչ վաղ անցեալի թոյլ տրուած կամ պարտադրուած սխալներն ու թերացումները»։ Այո, սխալներ թույլ ենք տվել, որոնք նաեւ ճակատագրական են եղել։ Խելոք մարդը նա է, ով իր եւ ուրիշների թույլ տված սխալների վրա ճիշտ հետեւություններ է կատարում։ Անընդհատ խոսում ենք այդ սխալներից, բայց գործնական ոչինչ չենք կատարում։ Հարկավոր է համախմբվել, մեկ բռունցք դառնալ, որպեսզի ուղղենք այդ սխալների հետեւանքները։ Պատմությունը մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում այն իրագործելու համար։

Ուրեմն, եկեք վերաիմաստավորենք մեր սխալներն ու թերացումները, որպեսզի հայրենասիրությամբ, Հայրենատիրության գաղափարով իմաստավորված պայքարենք մեր հաղթանակների համար։

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

06.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728