Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան

Փետրվար 06,2019 23:45

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցության դրվագներից է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները լայնածավալ ու համակարգված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Վրաստանում հայտնաբերել են 37-ամյա Բլբուլյանին ու 35-ամյա Կարադավիդովին:

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժի ոստիկաններից մեկը ահազանգել էր բաժին ու հայտնել, որ Թուֆենկյան կենտրոնի կողմից կրակոցների ձայներ են լսվում: Նույնաբովանդակ ահազանգ էր ստացվել նաև 911 ծառայություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդն էլ հայտնել էր, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կայանված իր ավտոմեքենան կրակոցներից վնասվել է, ինքն էլ սրահում է:

Ահազանգերից րոպեներ անց քաղաքացիների հոսքը դեպքի վայրում արգելվեց՝ փորձաքրեագիտական ու քննչական գործողություններ էին կատարվում: Այդ պահի դրությամբ հայտնի էր, որ մի տղամարդ է հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց: Վնասվել էր նրա աջ բազուկն ու կրծքավանդակը: Վիրավորը Ալավերդու բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանն էր: Թուֆենկյան հյուրանոցի մոտ հայտնաբերվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը ևս Ալավերդուց էր՝ 43-ամյա Գագիկ Մոսինյան: Պարզվեց, որ միասին են եղել, երբ նրանց ուղղությամբ կրակել են, նաև, որ հրազեն գործադրողները երեքով են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվեց «Ֆոլքսվագեն»: Նախնական տվյալներով՝ կասկածյալներն այդ մեքենայում են եղել: Հանցագործությունից հետո, թողնելով մեքենան, ոտքով փախել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, նաև «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, 5.45 մմ տրամաչափի 26 հատ կրակված պարկուճ, 4 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ:

Ժամերի ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, նաև Երևան քաղաքի ու Լոռու մարզային վարչությունների ծառայողները պարզեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ Երևանի բնակիչ 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյան և Արմեն Կարադավիդով:

Դեպքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, նրանց մեղադրանք առաջադրվեց ու հայտարարվեց հետախուզում՝ խափանման միջոցը կալանք: Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերեցին ու քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 60-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին:

Վրաստանում հայտնաբերված ու Հայաստան տեղափոխված Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Դեպքի հանգամանքներն ու յուրաքանչյուրի դերակատարումը նախաքննությամբ պարզվում են:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728