Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը արդարացրեց խոշտանգելու մեջ մեղադրվող քրեական բաժանմունքի պետին

Փետրվար 06,2019 23:30

Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»):

Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը նախորդ՝ հունվարի 17-ի նիստում ունեցած մեղադրական ելույթի ավարտին դատարանին միջնորդեց Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փետրվարի 6-ի նիստին դատախազ Վ. Սարգսյանը ներկա չէր, նիստին մասնակցում էր Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մելիքբեկյանը:

Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը փետրվարի 6-ի նիստում ունեցած իր ելույթում ասաց, որ Հայաստանում տարիներ շարունակ խոշտանգման գործերը կոծկվել են, դրանում մեղավոր պաշտոնյաները պատասխանատվություն չեն ենթարկվել: Նա ելույթում շատ էին հղումները խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներին: Նա ասաց, որ խոշտանգման հետեւանքով իր պաշտպանյալը ենթարկվել է ֆիզիկական ցավի, հոգեբանական տրավմա է ստացել, երեկոյան ժամերին չի կարողանում քնել: Նա հայտարարեց, որ այդ գործով իրենց կազմակերպությունը դիմելու է տարբեր երկրների դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, այդ գործը գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման:

Այնուհետեւ պաշտպանական ճառով հանդես եկավ Գերասիմ Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը: Նա պաշտպանական ճառը համակարգչային 50 էջ էր, դրա ընթերցումը տեւեց գրեթե երկուսուկես ժամ: Իր ճառում պաշտպանն անդրադարձավ տուժողի եւ այդ գործով վկաների՝ Ժ. Սիմոնյանի հարազատների նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների միջեւ առկա բազմաթիվ հակասություններին, տուժողի եւ վկաների ցուցմունքների բազում հակասություններին, քրեական գործի նախաքննության ընթացքում օրենսդրության խախտումներին, դատաբժշկի եզրակացության, նրա կատարած հետեւությունների հակասություններին, միակողմանի կատարված քննությանը եւ այլն: Անդրադառնալով ենթադրյալ խոշտանգման հետեւանքով Ժ. Սիմոնյանի ստացած վնասվածքներին, պաշտպանը մասնավորապես նշեց. «Տուժողը դատարանում սկզբից հարցին պատասխանելով՝ ասաց. որ Մարդանյանը երկու անգամ հարվածել է ոտքերին, հետո, ուղղեց՝ ոտքին,միայն այն բանից հետո, երբ մինչ այդ, դատաքննության սկզբում պաշտպանական կողմը բարձրաձայնել էր այդ մասին, ներկայացնելով վերը նշված հակասությունները, որն անհնարին է դարձնում այդ պայմաններում, նրա ոտքին երկու քերծվածքների առաջանալը: Տուժողը չէր կարող շփոթել ոտքով կամ ոտքերով ոտքին կամ ոտքերին հարվածելը, հարվածները տեսնել-չտեսնելը, զգալը, քանի որ դրանք առանցքային հանգամանքներ են և չէր կարող նա մոռանալ կամ չհիշել՝ դրանց իրական ու կատարված լինելու դեպքում»:

Պաշտպանը ճառի ավարտին հայտարարեց. «Մեղադրյալի այդ օրվա գործողությունները եղել են օրինական, բխել են իր պարտականություններից,օրենքի պահանջներից,նպատակ են հետապնդել՝ հայտարարված ծառահատման դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերել անտառախախտներին: Մարդանյանն այսօր մեղադրվում է սկզբունքային ոստիկան լինելու համար եւ կարող էր այս աթոռին նստած չլիներ ,եթե շատերի նման նա էլ ընդառաջեր կամ զիջեր իրեն դիմած անձանց անօրինական խնդրանքին, կամ՝ տեղի տար նրանց սպառնալիքներին,ընդուներ Սիմոնյանների մեքենան ու տղաներին ոստիկանության բաժնից դուրս հանելու առաջարկը»:

Ռ. Ալիխանյանը դատարանին խնդրեց ճանաչել եւ հռչակել Գերասիմ Մարդանյանի անմեղությունը նրան առաջադրված հոդվածում: Դատավոր Զոյա Զաքինյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ժամը 17.30-ին նա հրապարակեց դատավճիռը, դատավորը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:

Դահլիճում ներկաները ծափահարություններով ընդունեցին Զոյա Զաքինյանի կայացրած դատավճիռը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728