Կառավարության փետրվարի 1-ի որոշումը, համաձայն որի լուծարվեց Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը, մեծ անհանգստություն ու զայրույթ է առաջացրել հատկապես Գյումրիում։ Տարբեր կազմակերպություններ՝ թե՛ պետական, և թե՛ հասարակական, դատապարտեցին կառավարության նման որոշումը՝ խնդրելով վերանայել այն ու լրջորեն ուսումնասիրել ստեղծված իրական հանգամանքները։ Հնչեցին քննադատություններ, թե Գյումրիում լոկ մեկ աշխատատեղ չստեղծած կառավարությունը գրչի մի հարվածով 55 աշխատատեղ է փակում՝ բացարձակապես չանհանգստանալով աշխատակիցների հետագա ճակատագրի մասին։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում նշեց, որ նման որոշումն իր համար անակնկալ էր, և որ Գյումրու ավագանին փետրվարի 12-ին ուղերձով կդիմի կառավարությանը՝ խնդրելով վերանայել այն։
«Անպայման ուղերձով կդիմենք կառավարությանը, 50-60 աշխատողներ կան, աշխատակիցները դուրս են մնում։ Իհարկե, շատ ցածր է աշխատավարձը, բայց ինչքան գիտեմ, պետական բյուջեից իրենց տրամադրվում էր 90 միլիոն դրամ։ Հիմա ոնց, որ այդ գումարը չեն տրամադրել թվայնացման հետ կապված, ես տնօրենի՝ Ղանդիլյան Արթուրի հետ էլ հանդիպեցի, մենք ուղերձով հանդես կգանք։
Որպես քաղաքապետ՝ ինձ համար շատ տխուր է ԶԼՄ-ի փակվելը, մենք շատ լավ ենք աշխատում բոլոր ԶԼՄ-ների, այդ թվում «Շիրակ» հեռուստաընկերության հետ։ «Շիրակի էսքիզներ» արեցին Գյումրու քաղաքապետարանի հետ, հայտարարություններ, հասարակությանն իրազեկել․․․ Նորմալ աշխատում էինք, ընդհուպ ասենք քաղաքի օրը օգնում էին մեզ, որպեսզի ուղիղ հեռարձակումներ լինեին։ Պատմություն ունեցող հեռուստաընկերություն է՝ մոտ 26 տարվա, ափսոսանք եմ զգում, որ փակեն։ Կարելի է մասնավորեցնել, երկարաժամկետ վարձակալության տալ, որպեսզի կարողանա այդ հեռուստաընկերությունը գոյատևել, ոնց որ քաղաքում գործող մյուս մասնավոր հեռուստաընկերությունները։
Տեսնենք, թե ինչքանով կլսեն մեզ, ինչքանով կընդառաջեն, մենք գնահատական չենք տալիս, ուղղակի խնդրանք ենք ներկայացնում՝ վերանայել կառավարության որոշումը։ Ինձ համար հանկարծակի էր այդ որոշումը։ Մենք դողում ենք ամեն մի աշխատատեղի վրա, այս մարդիկ մասնագետներ են՝ լրագրող, օպերատոր, երկար տարիներ աշխատել են, հմտացել, պետք է դողանք ամեն մի աշխատատեղի վրա, որովհետև մեծ դեֆիցիտ է մեր քաղաքում աշխատատեղը։ Պատկերացրեք մարդը մինչև իրեն նոր աշխատատեղ գտնի, կարող է և արտագաղթի, տարբեր բաներ կարող են լինել»,-մտահոգվեց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ