Մակեդոնիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը, հաղորդում է Politico-ն:
Անդամակցության արձանագրությունը ստորագրվել է ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունների դեսպանների և Մակեդոնիայի կողմից: Արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ կազմակերպության կենտրոնական գրասենյակում: Դաշինքին անդամակցելու համար Մակեդոնիան Հունաստանի հետ վեճերի պատճառով ստիպված էր փոխել պետական անվանումը՝ դառնալով «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:
«Սա պատմական պահ է,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ շնորհավորելով Մակեդոնիայի որոշումը՝ հանուն Հունաստանի հետ հակամարտության կարգավորման փոխել անվանումը:- Հիմա մենք կարող ենք նայել դեպի ապագա: Ձեր պետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի շատ կայունություն կբերի Արևմտյան Բալկաններ և կնպաստի ոչ միայն տարածաշրջանային, այլև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգությանը»:
Նախատեսվում է, որ արձանագրությունը կվավերացվի դաշինքի անդամ բոլոր երկրներում, որից հետո այն կարող է վավերացնել և Մակեդոնիան: Ակնկալվում է, որ այդ գործընթացը կավարտվի այս տարի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ