Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից:
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցում արքեպիսկոպոսը պատմել է, որ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը, տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ:
«Կաթողիկոսը ցանկանում էր, որ ես կառավարությունից ընդունելություն ստանայի՝ այս թեմայի մասին արտասահմանում (Թուրքիայից դուրս-խմբ.) եղած ընկալումները փոխանցելու համար»,- ասել է Պարսամյանը՝ մանրամասնելով, որ ընդունելության համար ինքը դիմել է Վատիկանում Թուրքիայի դեսպանին, ով էլ կապվել է Թուրքիայի ԱԳՆի-ի հետ՝ տեղյակ պահելով խնդրի մասին: Ավելի ուշ դեսպանի միջոցով ստանալով Թուրքիայի ԱԳՆ-ի դրական պատասխանը՝ տեղեկացրել է Ամենայն հայոց կաթողիկոսին, ում հանձնարարությամբ իրեն է միացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե վարդապետ Անանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Խոսելով բուն հանդիպման մասին՝ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնավորապես ասել է.
«Նախարարը մեզ ջերմ ընդունեց: Ես էլ նրան հստակ ասացի, որ մեր նպատակը խնդրին դրսից միջամտելը չէ, այլ միայն մեր անհանգստությունները փոխանցելն է, և եթե կարող ենք որևէ կերպ օգտակար լինել, ապա հաճույքով կլինենք:
Նախարարը նույնպես նշեց, որ դա ներքին խնդիր է, և պետությունը նույնպես ցանկանում է, որ պատրիարքական ընտրությունները կայանան, սակայն պետք է մի քիչ էլ համբերել: Ինձ անկեղծ թվացին նրա խոսքերը:
Իմ տպավորությամբ իրենք ցանկանում են, որ այս գործընթացը հանդարտությամբ ընթանա, չեն ուզում, որ համայնքի մեջ լարվածություն առաջանա»: